Քիքբոքսինգի Հայաստանի հավաքականը մեծ վերելքով հանդես եկավ Խարկովում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Մեր մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճեցին 5 ոսկե եւ 3 արծաթե մեդալ:
Դեռեւս մրցումների մեկնելուց առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը հույս էր հայտնել, որ մեր մարզիկները հաջող ելույթներ կունենան Խարկովում: Եվ մեր քիքբոքսինգիստները հուսախաբ չարեցին: Մելսիկ Բաղդասարյանը (1992 թ., լայթ ոճ, 54 կգ), Մայիս Հակոբյանը (1992 թ., ֆուլ ոճ, 55 կգ), Անդրանիկ Բաղդասարյանը (1990 թ., ֆուլ ոճ, 64,5 կգ), Վիկտոր Խաչատրյանը (1992 թ., լայթ ոճ, 56,5 կգ) եւ Արամ Հարությունյանը (1992 թ., լայթ ոճ, 50 կգ) շահելով բոլոր մենամարտերը, կանգնեցին պատվո պատվանդանի վերին աստիճանին: Արծաթե մրցանակակիրներ դարձան Շահեն Գեւորգյանը (1984 թ., ֆուլ ոճ, 56,5 կգ), Անդրանիկ Թարվերդյանը (1988 թ., լայթ ոճ, 64,5 կգ) եւ Վլադիմիր Գեւորգյանը (1986 թ., սեմի ոճ, 60 կգ):
Ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ մեր մարզիկները լավ էին նախապատրաստվել մրցաշարին, որտեղ հանդես եկան 28 երկրների հավաքականներ: Նա իր շնորհակալությունը հայտնեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին իրենց ամեն կերպ աջակցելու համար:
Առջեւում մայիսին Կիպրոսում կայանալիք քիքբոքսինգի աշխարհի առաջնությունն է, որին մեր մարզիկները կնախապատրաստվեն ամենայն լրջությամբ եւ կաշխատեն կրկնել խարկովյան հաջողությունը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ