«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2008-04-09 | #68, 2008-04-10 | #69, 2008-04-11


ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԽԱՂԻԿՆԵՐ»` ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՍՈՈՒՍՈՎ

Վրաստան-Ուկրաինա-Ռուսաստան-ՆԱՏՕ փոխադարձ սպառնալիքներ

Վրաստանում նախագահական ընտրություններին նախորդած նոյեմբերյան իրադարձություններն ու նաեւ հետընտրական ընդդիմադիր շարժումը մարտյան հացադուլներով եվրոպական կառույցների տարբեր գնահատականներին արժանացան, բայց մեկ հարցում կարծես թե բոլորը միակարծության գնացին. սպասվող մայիսյան խորհրդարանական ընտրությունները ելք կարող են դառնալ երկրում ստեղծված իշխանություն-ընդդիմություն սուր հակազդեցությունից:

Վրացական խորհրդարանի ընտրությունների դերակատարումը միայն դրանով չի սահմանափակվում, աղերսների առումով ընդգրկում է նաեւ անգամ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցերը: Ընդ որում, խորհրդարանական ընտրություններով Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագրի սկիզբը պայմանավորելը Վրաստանի պարագայում ավելի շուտ ժողովրդավարության դրսեւորումներ ակնկալելու հերթական լծակ է թվում, քան իրապես որոշիչ գործոն:

Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ի ապրիլի 2-4-ը տեղի ունեցած բուխարեստյան գագաթաժողովից հետո խոսակցություններն ու հայտարարությունները, թե Վրաստանի եւ Ուկրաինայի այդ կառույցին անդամակցելու գործողությունների ծրագիրը կարող է այդ երկրների համար բաց դառնալ դեռեւս այս տարվա դեկտեմբերին, Վրաստանի պարագայում գոնե կապվում են խորհրդարանական արդար ու թափանցիկ ընտրությունների հետ:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ընդդիմանալն այդ անդամակցություններին բնավ էլ ոչ մի ընտրությամբ չի պայմանավորվում, առավել եւս` հիմնավորվում: Դրա փոխարեն Ռուսաստանի արտգործնախարարությունը շարունակում է պնդել, թե Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանալու շանս չունեն: Ուկրաինայի պարագայում, մասնավորապես Ռուսաստանը «խոսում է» ուկրաինացի ժողովրդի փոխարեն, որը, սոցհարցումների համաձայն, բնավ էլ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կողմ չէ:

Վրաստանի պարագայում, երբ բնակչությունը հունվարի 5-ին նախագահական ընտրությունների հետ անցկացված հանրաքվեի ժամանակ կողմ արտահայտվեց ՆԱՏՕ-ին անդամակցելուն, Ռուսաստանն ավելի շատ ընդգծում է չլուծված հակամարտությունների` վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական խնդիրները: Ավելին, օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ թույլ չտա Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ դրա հետ անքակտելիորեն կապվածՙ դաշինքի, դրա առաջատար անդամների, սեփական հարեւանների հետ հարաբերությունների վատթարացումը:

Նման արտահայտության համար ՆԱՏՕ-ն պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից, թե ինչ ասել է «անել ամեն ինչ»: Պարզաբանումներ դեռ չեն հնչել այն դեպքում, երբ Վրաստանի առնչությամբ հակամարտությունների թեմայի համատեքստում Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, թե ԱՊՀ խաղաղապահները պետք է շարունակեն իրենց առաքելությունը Աբխազիայում, քանի դեռ չի գտնվել հակամարտության բոլոր կողմերին բավարարող վերջնական որոշում:

Այսօրինակ հայտարարությունն այնքան էլ չի տեղավորվում վրացական իշխանական հայտարարությունների տրամաբանության մեջ այն պատճառով, որ Վրաստանն ամեն դեպքում եւ բավականին վաղուց բարձրաձայնում է ԱՊՀ խաղաղապահներին փոխելու ցանկության մասին: Դրա հետ մեկտեղ էլ զբոսաշրջության սեզոնի մոտենալու առնչությամբ տարբեր առիթներով հայտարարում է, թե Աբխազիայում այնտեղ հանգիստ կազմակերպելը վտանգավոր է զբոսաշրջիկների համար:

Եթե այս ամենին գումարենք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուկրաինական նկրտումներին փորձում է հակադրել նաեւ Ղրիմի խնդրի հավանական շահարկումը, ապա ՆԱՏՕ-ի` Հարավային Կովկաս մուտքն ամեն դեպքում կարող է նշանակալի տհաճ իրավիճակներ ստեղծել տարածաշրջանում, իսկ թե ի՞նչ դերում, ո՞ւմ կողքին եւ ի՞նչ դիրքերից հանդես կգա Հայաստանը` դեռեւս պարզ չէ, հատկապես որ Հյուսիսատլանտյան դաշինքին մոտենալու քայլեր է անում նաեւ հարավկովկասյան մյուս` ադրբեջանական պետությունը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4