«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2008-04-09 | #68, 2008-04-10 | #69, 2008-04-11


ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Կառավարությունում երեկ հրաժեշտի եւ նոր ղեկավարի ներկայացման օր էր: Արդեն նախկին վարչապետ եւ պաշտոնավարող նախագահ Սերժ Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել կառավարության անդամներին մեկ տարվա համատեղ աշխատանքի համար, նշելով, որ 2007-ը Հայաստանի տնտեսության համար հաջողված տարիներից մեկն էր, որի ընթացքում «կարողացանք ավելացնել նաեւ պետական բյուջեի մուտքերը, ինչը հնարավորություն տվեց լուծելու որոշակի սոցիալական խնդիրներ»: Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ այժմ ավելի հավակնոտ ծրագրեր պետք է իրագործվեն, որ բարեփոխումների առաջին փուլը ավարտվել է եւ անցում կատարվել երկրորդ փուլին: Ներկայացնելով նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարությամբ կառավարությունը մոտակա տարիներին կիրագործի հավակնոտ ծրագրեր: «Ես դրանում ուղղակի համոզված եմ», ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ ԿԲ նախագահի պաշտոնում տասը տարվա աշխատանքի ընթացքում մշտապես զգացել է նախագահի եւ կառավարության աջակցությունը եւ համոզմունք հայտնել, որ այդ մթնոլորտը պահպանվելու է: «Ես կոշտ եւ խստապահանջ ղեկավար եմ եղել Կենտրոնական բանկում, եւ դա շարունակվելու է, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ես թիմային աշխատանքի կողմնակից եմ եւ համոզված եմ, որ մենք կկարողանանք կառավարությունում թիմային աշխատանքի այդ մթնոլորտը շարունակել, որովհետեւ, ինչպես նշեց նախագահը, մենք, իսկապես, հավակնոտ ծրագրեր ունենք», ասել է վարչապետը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կարող են իրականացնել այդ ծրագրերը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4