«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2008-04-09 | #68, 2008-04-10 | #69, 2008-04-11


ՑԻՆԻԶՄԸՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ

Ինչի՞ վրա է կառուցվելու դրա հերթական դրսեւորումը

Թվում է, թե այլեւս անհնար է զարմանալ ու զայրանալ ցինիզմի այն դրսեւորումներից, որ պարբերաբար եւ առատորեն դուրս են հորդում Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից: Այդուհանդերձ, դրանք չեն դադարում եւ յուրաքանչյուր նոր այդպիսի դրսեւորում ցույց է տալիս, որ ՀՀՇ-ական ցինիզմի պաշարներն անսպառ են եւ չեն ճանաչում ոչ մի սահման ու սրբություն: Օրինակները բազում են ե՛ւ 90-ականների մղձավանջային տարիներից, ե՛ւ վերջին ամիսներին: Սակայն այն, ինչ կատարվում է այս օրերին, հնարավոր չէ անգամ բնութագրել:

Մարտի 1-ի անկարգությունների հեղինակները այս օրերին դրոշ եւ քաղաքական կապիտալ են դարձրել այդ օրվա զոհերի արյունը: Ստեղծված պատկերը հիշեցնում է այն իրավիճակը, երբ գողն առաջինն է բղավում` «Բռնեք գողին», կամ երբ իտալական մաֆիայի կնքահայրերն անվրդով մասնակցում են իրենց պատվիրած սպանությունների զոհերի թաղմանը: Մի՞թե բացի ՀՀՇ-ական քարոզչությամբ լվացված ուղեղներից, որեւէ մեկի մեջ կասկած կա, որ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է պատասխանատվություն կրում այդ օրվա իրադարձությունների եւ զոհերի համար: Մի՞թե բացի անկարգություններ հրահրելուց, նա իր գործունեությունը շարունակելու այլընտրանք ուներ: Ի՞նչ այլ հնարավորություններ ուներ ընդամենը 21 տոկոս հավաքած եւ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանող նախագահի թեկնածուն իր տենչած իշխանությանը հասնելու, քան սադրանքներ, անկարգություններ, կրակոցներ սարքելն ու մարդկային զոհերը: Ի վերջո, սպառվելու էին անգամ գումարային խրախուսմամբ հանրահավաքներին մասնակցողները եւ դրանց մասնակիցների թիվը չէր գերազանցելու այս օրերին Հյուսիսային պողոտայում մի քանի տասնյակ կամ հարյուր «զբոսնողներին»: Ի դեպ, «զբոսնողների» մասին:

«Քաղաքական զբոսանքների» մասնակիցները նույն ՀՀՇ-ական շրջանակներին պատկանող անձանց հարազատներն ու բարեկամներն են, որոնք 90-ականներին լիուլի վայելում էին իշխանության բարիքները, երբ երկրում համատարած աղքատություն էր եւ զանգվածային արտագաղթ, երբ ժողովրդի մասին նրանք մտածելու ցանկություն եւ ժամանակ չունեին: Ինչպե՞ս կարելի է Հյուսիսային պողոտայում զբոսնողներին անվանել «ժողովուրդ», ի՞նչ բարոյական իրավունքով են նրանք փորձում աջակցություն գտնել այն նույն ժողովրդից, որի գերակշիռ մասն, այնուամենայնիվ, չի մոռացել 90-ականների հղփացած իշխանավորների պատճառով կրած զրկանքներն ու կորուստները: Լավագույն դեպքում Հյուսիսային պողոտայում հավաքվող մարդկանց կարելի է համարել մեր ժողովրդի մեկ մասը: Ինչ մնում է այն փաստին, որ այդ մարդիկ իրենց «ժողովուրդ» անվանելով, խոսում են Հյուսիսային պողոտան «ժողովրդին վերադարձնելու» մասին, ապա այդ նույն Հյուսիսային պողոտայի հետ, ինչ-որ բան կառուցելու ունակությունից լիովին զուրկ, բայց փոխարենը քանդելու մեծ կարողություններ ունեցող Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա աջակիցները որեւէ առնչություն չունեն: Պետք չէ մոռանալ, թե ում նախագահության տարիներին է կառուցվել Հյուսիսային պողոտան եւ որը չի կարող սեփականացվել մի քանի տասնյակ ՀՀՇ-ականների կողմից:

Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին ՀՀՇ-ական թերթերի որակումներին եւ վիրավորական արտահայտություններին անդրադարձել ենք մեր մարտի 9-ի համարում, ուստի այլեւս չենք կրկնվի: Միայն նշենք, որ ավելի սրբապիղծ եւ ազգային պառակտմանն ուղղված քայլ, քան կաթողիկոսին վարկաբեկել փորձելը, հնարավոր չէր մտածել: Թեեւ այն, ինչին ականատես եղանք եւ ինչը լսեցինք վերջերս Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված, Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ 1993-ին արված մի հայտարարությունից, ոչնչով չէր զիջում կաթողիկոսին տրվող պիտակավորումներից:

Վերոնշյալ «ազգընտիր» նախագահը 15 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում, խոսելով Լեոնարդ Պետրոսյանի մասին, նրան անվանեց ոչ այլ կերպ, քան «կես ղարաբաղցի, կես հայ»: Երբ վերջինս փորձեց մեղմացնել նրա արտահայտությունը, ասելով «կես հայաստանցի», ցինիզմի անսպառ պաշարի տեր առաջին նախագահը վերահաստատեց իր ասածըՙ «կես հայ, ես գիտեմ ինչ եմ ասում»: Այժմ փորձենք որեւէ առողջ դատողություն ունեցող մարդուն, որը զերծ է քաղաքական համակրանքներից եւ հակակրանքներից, հարցնելՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունն ինչո՞վ է տարբերվում ադրբեջանական քարոզչության կողմից Լեռնային Ղարաբաղը ոչ հայկական համարելու, նրա բնակիչներին աղվաններ անվանելու քաղաքականությունից եւ քարոզչությունից: Պատասխանըՙ ոչնչով: Հայաստանի առաջին նախագահը միայն հաստատում է ադրբեջանական տեսակետը: Ի՞նչ ասել այդ մարդու մասին, որը հայ ժողովրդի մի հատվածին սկսեց հակադրել մյուսին այն պահից, երբ արցախյան ժողովրդի պայքարը սկսեց անհարմարություններ պատճառել սեփական իշխանությանը: Այն իշխանությանը, որի մասին երազել անգամ նա չէր կարող, եթե չլիներ ղարաբաղյան շարժումը եւ որը պահպանելու այլ միջոց (դեռ 1992-ին), քան Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը, նա չէր տեսնում: Սակայն քանի որ Արցախի ժողովուրդն ու նրա առաջնորդները չհամաձայնեցին այդ տարբերակին, քանի որ Հայաստանում այն ժամանակ կար Վազգեն Սարգսյան, որը նույնպես համաձայն չէր այդ տարբերակին եւ հենց այդ պատճառով էլ իշխանությունից հեռացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, վերջինս առավել մեծ ոխակալությամբ լցվեց ղարաբաղցիների նկատմամբ (վստահ եմ, նա նույն ոխակալությամբ լցված հանգուցյալ սպարապետի եւ նրա ընտանիքի նկատմամբ, ինչը այսօր ցույց չի տալիս, բայց մի օր հաստա՛տ կարտահայտի): Թե ինչպիսի լկտիությամբ դա արտացոլվեց 2008-ի նախընտրական քարոզչության ժամանակ, երեւի թե չարժե ավելորդ անգամ հիշեցնել: Եվ այս ֆոնին, հանկարծ, բառացիորեն նախորդ օրը ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը հավաքված մի քանի կուսակցություններ հայտարարություն են տարածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ, մտահոգություններով, դատապարտումներով եւ լեզվական այլ վարժություններով: Ցավալին այն է, որ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ ղարաբաղցիներին հայ չհամարողը չի կարող մտահոգություն ունենալ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ: Անգամ հայտարարության մեջ ՄԱԿ-ի բանաձեւը ընտրություններով եւ, այսպես կոչված, լեգիտիմության հանգամանքով բացատրելը ոմանց համար ապացույց չի դառնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը թքած ունի ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ ղարաբաղցիների, ե՛ւ ընդհանրապես Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա, որ նա հերթական անգամ փորձում է օգտագործել Լեռնային Ղարաբաղը իր նպատակների համար: Նրա ցինիզմը հերթական անգամ իր բարձրակետում է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի միջազգային վարկանիշը թուլացավ հենց առաջին նախագահի հետընտրական արկածախնդրության, այլ ոչ թե եվրոպական դիտորդների կողմից «հիմնականում միջազգային չափանիշներին համապատասխանող» գնահատականը տրված ընտրությունների պատճառով: Սակայն իշխանության անհագ ձգտումն ու հայ ժողովրդի նկատմամբ տածած ատելությունը շարունակում են ոգեշնչել Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նրա անօրինակ ցինիզմի դրսեւորումներին դեռ կշարունակենք ականատես լինել: Այն վաղուց արդեն առաջին նախագահի եւ նրա թիմի համար քաղաքական գործելաոճ է դարձել: Առայժմ հայտնի չէ միայն, թե հերթական առիթը որն է լինելու: Իսկ վատթարն այն է, որ դրանք ընդունելություն են գտնում հիշողությունից եւ մտածելու ունակություններից զրկված, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրսՙ հիմնականում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին արտագաղթած եւ ապրող մեր հայրենակիցների միՙ թեկուզ փոքր մասի կողմից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4