Հազիվ երկու տարի է անցել դանիական հանրահայտ դեպքերից, երբ ամբողջ մահմեդական աշխարհն ընդվզել էր` արդարացիորեն բողոքելով իրենց հավատքին հասցված բարոյական վնասի եւ սրբապղծության համար:
Հուզման ալիքն այնքան էր բարձրացել, որ մահմեդական տարբեր երկրներ միջկրոնական խորհրդաժողովներ գումարեցին հոգեւոր խորհրդանիշների եւ սրբությունների պաշտպանության համար` ընդգրկելով ներկայացուցիչների քրիստոնեական կազմակերպություններից եւ եկեղեցիներից: Հարցն այնքան բարդացավ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հանձն առան միջնորդի դերով հանդես գալու եւ տարբեր հավատքներ դավանող համայնքների միջեւ երկխոսություն կազմակերպելու առկա հարցերով` բացառելու անհանդուրժողականությունն ու այլատյացությունը, վերացնելու կարծրատիպերը տարբեր համոզումների եւ հավատքի տեր մարդկանց միջեւ:
Հայ եկեղեցին, ունենալով մահմեդականների հետ շփման դարավոր փորձառություն, անմասն չմնաց այս քննարկումներից եւ հանձինս իր երիցագույն հոգեւորականների մասնակցեց տեղի ունեցած խորհրդաժողովներին` քայլը բնութագրելով «ոչ հավատքի տեր անձի արարք»:
Վերջերս հայրենական մամուլում տեղ են գտնում մի շարք հրապարակումներ եկեղեցու անունից` մատնանշելով իբր հավաստի աղբյուրներ եւ երբեմն էլ յուրովի մեկնելով Հայ եկեղեցու սրբազան եւ նվիրագործված ավանդույթները, ծեսերն ու խորհուրդները: Շատ սիրելի, աղբյուրագետ եւ անանուն հղումներ կատարել սիրող լրագրողներ, տեղեկացնում եմ, որ Հայ իրականության մեջ շարունակելով ձեր այդ պահվածքը, հայրենի սրբությունների հանդեպ` ինչպես, օրինակ, դրսեւորել էիք «Չորրոդ իշխանություն» օրաթերթում տեղ գտած, 2008 թվականի ապրիլի 5-ի թ.117 հրապարակման մեջ, ապա Հայ եկեղեցու հորդորները, ուղերձներն ու կոչերը չեն կարող կանգնեցնել այն հայորդիների ցասումն ու հուզումները, որ առաջանում են ձեր հրապարակումներում նրանց հոգեւոր եւ նվիրական զգացումներն ու իրավունքները վիրավորելու եւ ոտնահարելու համար:
Ցավով եմ անդրադառնում այդ հրապարակումներին: Պատմության մեջ հայտնի են մարդկության համար կործանարար հետեւանքներ ունեցած բոլշեւիկյան եւ ֆաշիստական քարոզչամեքենաները: Չէի մտածում, որ Հայաստանում էլ կարող են գտնվել մարդիկ, որոնք հասել էին ապատեղեկատվություն քարոզելու այնպիսի մակարդակների, որ ոչնչով չեն զիջում նրանց:
ՀՀ տեղի ունեցած փետրվարյան նախընտրական քարոզարշավից առաջ քաղաքակիրթ պայքարի փոխարեն խոսում էին բռունցքի եւ կազմաքանդելու լեզվով: «Կազմաքանդողների» ծրագրերն աստիճանաբար բացահայտվում են. պառակտում ազգի տարբեր հատվածների միջեւ, սրբապղծություն` հոգեւոր-ազգային խորհրդանիշների դեմ, որի թիրախ են աշխարհասփյուռ հայության հոգեւոր եւ պետական առաջնորդները: Պարոնայք լրագրողներ եւ նրանց խրախուսողներ, հարեւանների հետ «քիրվայություն» անելու փոխարեն ուսանեք նրանցից հարգել սրբությունները: Կեղծ են խոսքի ազատության եւ ժողովրդավարության այն մարդկանց կոչերը, ովքեր հենց առկա ատելության եւ լարվածության հրահրողներն են` ստվեր գցելով հայ ժողովրդի հոգեւոր արժեքների վրա: Ուսանեք մեր հարեւաններից. արժեքներ կան, որոնց դիպչել չի կարելի: Դժբախտաբար, «ովքեր մեզ հետ չեն, մեր դեմ են» տրամաբանությամբ առաջնորդվողների թիրախ է դարձել Մայր եկեղեցին, որ անհանգստացած ստեղծված իրավիճակով, բազմիցս արտահայտվեց` կոչ անելով համերաշխության եւ համաձայնության: Եղբայրնե՛ր եւ քույրե՛ր. «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում եսՙ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ: Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը...» (Մտթ. 7. 1-5):
Մեր ժողովուրդը չի սպառել իր հոգեմտավոր պաշարները: Լիահույս եմ, որ առողջ բանականությունը կհաղթի` վերջ տալու սրբապծությանը եւ ատելությանը խոսքի ազատության եւ մարդկային իրավունքների վեհ գաղափարների պաշտպանության լույսի ներքո:
ՎԱՐԴԳԵՍ ԾԵՐՈՒՆՅԱՆ