Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանի դիվանից «Ազգին» տեղեկացրին, որ «Լինսի» հիմնադրամի նոր նախագահ Ջեյ Ռաքոն ապրիլի 8-ին իր պաշտոնական առաջին այցելությունն է արել Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցու Ալֆրեդ եւ Մարգրիթ Յովսեփյան վարժարան: Նոր նախագահին այցի ժամանակ ուղեկցել է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, որին «Ազգի» ընթերցողները ճանաչում են նաեւ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագրականներից: Պրն Ռաքոն իր ուրախությունն է հայտնել, որ առաջին անգամ այցելում է վարժարանՙ մոտիկից ծանոթանալու տնօրենությանն ու աշակերտությանը, եւ միաժամանակ նշել է, որ բարձր է գնահատում ուսման կարեւորությունն ու ուսուցչական կազմի նվիրյալ ծառայությունը: Այնուհետեւ Ջեյ Ռաքոն եւ Հարութ Սասունյանը հանդիպել են ԱՄՆ-ի արեւմտյան թեմի առաջնորդարանի հոգեւոր դասի հետ:
Սրբազան հայրը տեղեկություններ է տվել առաջնորդարանի ընդհանուր ծրագրերի մասին եւ հատկապես շեշտել, որ Մայր եկեղեցու կառուցման աշխատանքները կսկսվեն մայիսին: Թեմական խորհրդի անունից իրավաբան Ժոզեֆ Կանիմյանն իր խոսքում գնահատանքի է արժանացրել «Լինսի» հիմնադրամի ծառայությունները Հայաստանին եւ հատուկ հետաքրքրությունը Հարավային Կալիֆոռնիայի հայկական դպրոցների հանդեպ:
Մ. Մ.