Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ապրիլի 10-ի դրությամբ նախնական կալանքի մեջ է գտնվում 86 անձ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության, եւս 11 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: 16 քրեական գործ` 16 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:
Հացադուլը դադարեցնելու կոչ
Հայաստանի նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել հետընտրական զարգացումների առնչությամբ բոլոր կալանավորվածներին դադարեցնել հացադուլը: «Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում այս պահից դադարեցնել հացադուլը», ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայտնի է դարձել նաեւ, որ ապրիլի 9-ին Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ Արշակ Բանուչյանի կանայք` Մելիսա Բրաունը, Էդիտա Եղոյանը, Ռուզաննա Սարգսյանը, Լուսինե Հայրապետյանը եւ Քնարիկ Խաչատրյանը հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հետ: Հանդիպման ընթացքում նրանք ընդգծել են, որ իրենց ամուսիններն այսօր կալանավորված են բացառապես քաղաքական հայացքների համար, միաժամանակ շեշտելով նրանց վճռականությունն այս պայքարը հաջող ավարտի հասցնելու հարցում:
Ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի օգնականը
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, ապրիլի 8-ին, ուշ երեկոյան ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի օգնական Զոհրապ Գալստյանը: Վերջինիս ճանաչում են Ճուտ մականունով: «Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին քաղաքացի Արա Մարուքյանը հայտարարություն էր ներկայացրել: Հիմք ընդունելով ներկայացված հաղորդումը, ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի հատկանիշներով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը: Ոստիկանությանը գրած հայտարարության մեջ քաղաքացի Արա Մարուքյանը հայտնել է, որ ապրիլի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրապ Գալստյանը սպառնացել են, որ կսպանեն իրեն եւ իր ընտանիքի անդամներին:
Մ. Մ.