Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռազմական եւ այլ բնույթի միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի եւ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության պարագայում: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: «Միանշանակ է, որ Ռուսաստանը կձեռնարկի իր պետական սահմանի մոտ սեփական շահերի ապահովման քայլեր: Դրանք կլինեն ոչ միայն ռազմական, այլեւ այլ բնույթի միջոցներ»: Իսկ թե կոնկրետ ի՞նչ միջոցների մասին է խոսքը, Բալուեւսկին չի մանրամասնել:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն ապրիլի 11-ի համարում տեղեկացրել էր «Ազգը», ՆԱՏՕ-ն պարզաբանում էր պահանջել Ռուսաստանից արտգործնախարար Լավրովի այն հայտարարության կապակցությամբ, թե «Ռուսաստանը կանի ամեն ինչ» նշված երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին թույլ չտալու համար այն պատճառաբանությամբ, թե ՆԱՏՕ-ի այդքան մոտեցումը ռուսաստանյան պետական սահմանին սպառնում է երկրի անվտանգությանը: Ըստ էության, Բալուեւսկու հայտարարությունը ռազմական մակարդակում պատասխան է ՆԱՏՕ-ի հարցադրմանը:
Ա. Հ.