Այս օրերին կառավարության նոր կազմի եւ նախարարների պորտֆելների բաժանման շուրջը կուլիսային լարված բանակցություններ են ընթանում, իսկ լրագրողներս փորձում ենք կանխատեսել, թե ով կզբաղեցնի այս կամ այն պաշտոնը: Նախարարության միակ թեկնածուն, որի նշանակման մասին կա քիչ թե շատ հավաստի տեղեկատվություն, արտաքին գործերի նոր նախարարն է: Ըստ հավաստի տեղեկությունների, ԱԳՆ-ն կղեկավարի Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը:
Նա ծնվել է 1956-ին Երեւան քաղաքում: Ոսկե մեդալով ավարտել է Երեւանի Պուշկինի անվան N 8 ռուսական դպրոցը եւ ընդունվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, որը ավարտել է 1978-ին: Ավելի ուշ սովորել եւ ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել գիտական թեզ եւ ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել ինստիտուտի ավարտից անմիջապես հետո: 1978-83-ին աշխատել է Լիբանանում, մի քանի տարի ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում աշխատելուց հետո գործուղվել է Եգիպտոս, որտեղ մինչեւ 1992-ը եղել է սկզբում ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի դեսպանության խորհրդական: 1992-ից սկսել է արդեն աշխատել Հայաստանի ԱԳՆ-ում եւ նշանակվել է Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, իսկ 1994-իցՙ այդ երկրում Հայաստանի դեսպան, միաժամանակ ներկայացնելով մեր երկրի շահերը Մարոկկոյում եւ Օմանում: 1999-ին Էդուարդ Նալբանդյանը նշանակվում է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Միաժամանակ Նալբանդյանը Հայաստանի շահերը սկսում է ներկայացնել նաեւ Իսրայելում (2000-ից), Վատիկանում (2001-ից), Անդորայում (2004-ից): 2001-ին նա արժանանում է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի կոչման, նույն տարի նաեւ Հայաստանի Հանրապեության Մխիթար Գոշ մեդալին: Հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին տարիներին նկատվող զարգացումները թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական ոլորտում շատերը կապում են հենց Նալբանդյանի անվան հետ: Հենց նրա ջանքերով նաեւ կյանքի կոչվեց Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելու գաղափարը, որը շատերի կարծիքով հաջողված էր եւ էլ ավելի խորացրեց երկկողմ հարաբերությունները:
Էդուարդ Նալբանդյանը համարվում է Հայաստանի լավագույն դեսպաններից մեկը, թեեւ նշվում են նաեւ ղեկավարման նրա կոշտ մեթոդները: Իսկ թե ինչպիսի նախարար կլինի Նալբանդյանը եւ ամենակարեւորըՙ ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը նրա ղեկավարման դեպքում, ցույց կտա ժամանակը:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ