Երեկվա խորհրդարանական ճեպազրույցների թեմաներից առանձնացրել ենք նոր վարչապետի նշանակմանը եւ կոալիցիոն ուժերի` նրա հետ աշխատելու վերաբերյալ տեսակետները:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի` թեեւ Տիգրան Սարգսյանը աչքի է ընկել որպես քննադատության հանդեպ կառուցողական տրամադրված կառավարության ներկայացուցիչներից մեկը, սակայն դեռ պարզ չէ, թե որպես վարչապետ ինչպիսի՞ն կլինի. խոսքն այստեղ անձնական որակների մեջ չի թաքնված: Այնուամենայնիվ` Ս. Սաֆարյանն արդեն մտավախություն ուներ, քանի որ հայաստանյան իմաստով Տ. Սարգսյանն այն ուժեղներից չէ, որ քառաթեւ կոալիցիայի համատեղ պատասխանատվությունն իրացնի, հատկապես որ անկուսակցական է: Հայաստանյան ուժեղներն, ըստ «Ժառանգության» պատգամավորի, «ավտարիտետներն» են, ումից վախենում են, ում չեն համարձակվում հարց տալ, քննադատել, ով քաղաքական դաշտի մեջ է: Լարիսա Ալավերդյանն էլ նկատեց, որ Հայաստանում իրականացվում է Ռուսաստանի կառավարության ասիմետրիկ ձեւը` Մեդվեդեւ նախագահը Տ. Սարգսյանի տիպի է, վարչապետ Պուտինն ուժեղ եւ խարիզմատիկ է` մեզ մոտ հայկական առումով ուժեղ անձ Սերժ Սարգսյանն է: Բայց դե` կաշխատեն-կտեսնեն, հատկապես, ըստ Լ. Ալավերդյանի, նորանշանակ որեւէ անձի մասին չի կարելի բացասական կարծիք հայտնել: Ս. Սաֆարյանն էլ, այնուամենայնիվ, հաջողություն մաղթեց նորանշանակ վարչապետին:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի կարծիքով` անկուսակցական Տ. Սարգսյանն առաջադրվել է ԱԺ մեծամասնության կողմից, նա Հանրապետական կուսակցության թեկնածուն է, վստահաբար նկատի են ունեցել այն որակները, որոնք խոսում են Տիգրան Սարգսյանի օգտին: Դաշնակցության ակնկալիքները չե՞ն արդարանում գոնե ուժայինների մասով. Հ. Կարապետյանը դեռ վաղ համարեց խոսել կառավարության կազմից, չնայած բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ հավակնի ազդեցիկ լծակների` նաեւ ուժային. «Մեզ համար կարեւորն այն սկզբունքների իրականացումն է, որոնք ամրագրված են կոալիցիոն համաձայնագրի մեջ», ասաց նա` հիշեցնելով, որ ուժայինների դեպքում կա օրենքի պահանջ` անկուսակցական լինելու, այդ պատճառով պարտադիր չէ, որ դաշնակցական ներկայացվի: ՀՅԴ-ն կարող է ներկայացնել մի թեկնածուի, որը կուսակցական չէ, պրոֆեսիոնալ է: Եվ ոչ միայն ուժայինների դեպքում, այլ պաշտոններում եւս ՀՅԴ-ն կարող է անկուսակցական պրոֆեսիոնալների առաջադրել, ՀՅԴ շարքերն էլ ըմբռնումով կմոտենան դրան: Պաշտոնների բանակցություններն, ըստ Հ. Կարապետյանի, պետք է փոխզիջումային լինեն: Կառավարությունը պետք է փոխհամաձայնությամբ կազմավորվի: Նա գովեց մինչեւ այժմ նախարար եղած իրենց երեք կադրերին` եթե նույն պորտֆելները մնան, այս նույն մարդիկ էլ երեւի նախարար կաշխատեն:
ԱԺ փոխնախագահի տեղն անցյալ կոալիցիայում ՀՅԴ-ին էր տրված, այժմ կտրվի՞ նրան, թե ոչ` ըստ Հ. Կարապետյանի, էլի բանակցություններից է կախված, այս պահին պարզ չէ, քանի որ ՀՀ նախագահի, ինչպես նաեւ վարչապետի հետ բանակցություններ դեռեւս չեն եղել, առաջիկա օրերին ակնկալվում են: բանակցություններ:
Ըստ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի` Տ. Սարգսյանը պրոֆեսիոնալ է եւ կարող է համակարգ ղեկավարել, մանավանդ որ պետք է իրականացնի նախագահի թեկնածուների եւ կոալիցիոն ուժերի համադրված ծրագիրը: Մնացածը հետագայի եւ համատեղ աշխատանքի խնդիր է:
ԲՀԿ-ից ճեպազրույցների էին ներկայացել Ավետ Ադոնցն ու Նաիրա Զոհրաբյանը. վերջինս նկատեց, թե վարչապետի թեկնածությունը մեծամասնության խնդիրն էր, եւ եթե Հանրապետականը գտնում է, որ Տ. Սարգսյանը համապատասխանում է իրենց իդեալներին` ապա խնդիր չկա, ԲՀԿ-ն կաշխատի, այնպես որ վարչապետի նշանակմանն այս խմբակցությունում աշխատանքային են վերաբերվում:
Ըստ ՀՀԿ-ն ներկայացնող Ռաֆիկ Պետրոսյանի` նորընտիր նախագահը համաձայնության ձեռք է մեկնել բոլորին եւ առաջին հերթին հասարակության բոլոր շերտերին, արտախորհրդարանական կուսակցություններին նաեւ, եւ այդ հանգամանքը կոալիցիոն կառավարություն կազմելուց եւ հանրապետության նախագահի կողմից որոշակի քայլեր անելուց հետո նպաստելու է երկրում իրավիճակի բարելավմանը, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` Տ. Սարգսյանը կարող է ղեկավարել կառավարությունը, համենայն դեպս նրա ելույթից Ռաֆիկ Պետրոսյանը տպավորություն է ստացել, որ հասկանում է երկրի խնդիրները եւ կարող է հասնել կառավարությունում որոշակի արդյունքների:
Հին հանրապետականներն ունեի՞ն վարչապետի իրենց թեկնածուն. նրանք, այո, կարծում էին, որ վարչապետի պաշտոնը պետք է տրվի հանրապետականի, բայց քննարկումները տեղի ունեցան, եւ պարզվեց, որ հնարավոր է նաեւ ոչ կուսակցական մարդու նշանակել` ելնելով պրոֆեսիոնալ սկզբունքներից: Հանրապետականները համոզվեցին եւ դրանից չդժգոհեցին, պետական մտածողությունը ստիպեց, որ նշանակվի պրոֆեսիոնալը: Քննարկումների ընթացքում համոզվել են, որ ձեռնտուն դա է, ոչ միայն պրոֆեսիոնալիզմի առումով, միջազգային կազմակերպությունների եւ Համաշխարհային բանկի հետ աշխատելու առումով եւս, որոնք գտնում էին, որ ԿԲ նախագահը ավելի լավ է ֆինանսական քաղաքականություն իրականացնում: Հայաստանն այս նշանակումից կարող է օգտվել` մանավանդ միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունների կատարման առումով, նաեւ դա է նշանակություն ունեցել:
Հ.Գ. Ի դեպ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շուտով վայր կդնի պատգամավորական մանդատը: Նրա փոխարեն ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի Հեղինե Բիշարյանը: Խորհրդարանի պատգամավոր կդառնա նաեւ ՕԵԿ համամասնական ցուցակից հաջորդը` Խաչիկ Հարությունյանը:
Ի դեպ, երեկ խորհրդարանական խմբակցությունները խուսափում էին այն հարցերից, որոնք վերաբերում էին նախարարական եւ այլ պաշտոնների մասին լուրերին. «Այդպիսի հարց չի քննարկվել դեռ», միաբերան պնդում էին խմբակցությունները ներկայացնողները, այդ բոլորը կհստակեցվի հաջորդ շաբաթվա սկզբում երեւի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ