«Ազգ»ասերներին կարող ենք ուրախ լուր հայտնել, որ «Ազգ» այսուհետեւ կարող եք կարդալ ոչ միայն թղթային եւ ինտերնետային տարբերակներով, այլեւ բջջային հեռախոսների միջոցով: Մեր թերթը միշտ էլ մեծ տեղ է հատկացրել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը, ինչը արտահայտվել է ոչ միայն համակարգչի միջոցով Հայաստանում ստեղծված առաջին տպագրության եւ ինտերնետային առաջին տարբերակի ստեղծմամբ, այլեւ այսօր նաեւ բջջային կապի օգտագործմամբ, թերթը ընթերցողների լայն զանգվածներին հասու դարձնելու համար: Եվ այսպես, բջջայինի միջոցով «Ազգ» ընթերցելու համար հարկավոր է, որ դուք ինտերնետ դուրս գալու հնարավորություն ունենաք, իսկ դրա համար ընդամենը պետք է պայմանավորվել ձեր հեռախոսի օպերատորի` «Վիվասելի» կամ «Արմենտելի» հետ: Նման պայմանավորվածության եւ դեպի ինտերնետ ելք ապահովելուց հետո ձեզ հարկավոր է հավաքել http://palm.azg.am կամ http://pda.azg.am հասցեները եւ «Ազգը» ձեզ համար մատչելի կլինի հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ նույնիսկ թուրքերեն լեզուներով: «Ազգը» հայերեն կարդալու համար, կախված հեռախոսի հնարավորությունից եւ տեսակից, կարող եք ընտրել վերը նշված հասցեներից որը ցանկանաք: Այսինքնՙ եթե մի հասցեով չեք կարող կարդալ թերթի հայերեն տարբերակը, ընտրեք երկրորդ հասցեն: Ավելացնենք նաեւ, որ թերթի ընթերցման համար բավարար է 5 մեգաբայթ ծավալ, ինչի ամսական արժեքը տատանվում է 400-500 դրամի սահմաններում տարբեր օպերատորների մոտ: Ցանկության դեպքում կարող եք ավելի մեծ ծավալի հզորություն վարձակալել: Նշենք, որ http://palm.azg.am կամ http://pda.azg.am հասցեներով կարող եք ոչ միայն կարդալ այդ օրվա հոդվածները, այլեւ օրվա լուրերը, որոնք փոխվում են ամեն ժամ: Միանգամից ավելացնենք, որ նշված ծառայությունից կարող են օգտվել «Ազգի» ընթերցողները աշխարհի յուրաքանչյուր կետից: Այսինքնՙ մեր թերթը բջջային կապի միջոցով հասանելի է դառնում ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի եւ ոչ միայն հայերի համար: Նշենք նաեւ, որ «Ազգը» շարունակելու է կատարելագործել իր տեխնիկական հնարավորությունները եւ, քանի որ թերթի հայերեն տարբերակի ընթերցումը կապված է որոշակի տեխնիկական դժվարությունների հետ, հայերենի ընթերցման համար նոր ծրագրերի ստեղծման աշխատանքներ են տարվում: Նրանց, ովքեր ընթերցանության ժամանակ որոշակի դժվարությունների հանդիպեն (խոսքը հայերենով կարդալու մասին է), ապա ասենք, որ շուտով կհրապարակվի «Ազգ» բջջայինի միջոցով մուտք գործելու երրորդ հասցեն, ինչը, հուսով ենք, էլ ավելի կընդլայնի մեր ընթերցողների բանակը եւ կնեղացնի հայերենի հետ կապված դժվարություններ ունեցողների թիվը:
Ինչեւէ, «Ազգը» իր ընթերցողների համար դառնում է էլ ավելի մատչելի, կարող եք կարդալ թե՛ մեքենայում, թե՛ քաղաքային տրանսպորտում, թե՛ քաղաքից դուրս` հանգստի ժամին ու նույնիսկ ինքնաթիռում: Այնպես որ, մաղթում ենք բարի ընթերցանություն:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ