Ամեն օր Շրջանայինի Կորյուն-Աբովյան խաչմերուկի հատվածում ցերեկվա ժամերին փոխադրականում հայտնված մարդը մի մազ պակաս է խելագարությունից: Երեկ, օրինակ, ժամը 13:30-ից 14:30 թիվ 54 երթուղայինը, ուղեւորներս էլ հետը, խցանի գերության մեջ շարժվում էր 5 րոպեն 1 մմ արագությամբ: Ի՞նչ կարող է անել մարդը 1 ժամ երթուղայինի մեջ փակված. ա) խորհուրդներ կտա վարորդին. «Այ էնտեղից մտի, վայ ես քո, թյու, լավ, կանգնի, էն հաստագլուխը մտավ, արի էս կողմից մտի` վայ, մի դրան տես է, լրիվ անուղեղի մեկն է (այս ոգով 1 ժամ), 2) բարձրաձայն կարտահայտի էմոցիաները` աջից, ձախից, դիմացից եւ հետեւից առանց որեւէ կարգի, առանց մի թիզ անգամ զիջելու անվերջ խցկվող մեքենաների վարորդներին, տո գծատերերին, նրանց ազգականներին եւ բարեկամներին թունդ հիշոցներ ուղղելով, 3) «Հայ ենք, էլի»-ի մակարդակով կխորանա խցանը ծնող պատճառների մեջ, 4) տեղում առաջարկներ կմտմտա ու կհասցեագրի քաղաքային իշխանություններին` Շրջանայինի ամենօրյա խցանից ելք գտնելու ուղղությամբ, դրանք համեմելով «գեղեցիկ» ածականներով ու մակդիրներով` առ իշխանությունները, 5) վերջապես կհիշի ո՞ւմ` այո, ավտոտեսուչներին, որոնք այդպես էլ չէին ուզում հայտնվել ու կարգավորել խաչմերուկը` մեջը փող չկա:
Էս վերջինը գուցե մի քիչ անարդար ձեւակերպում է, քանի որ խցանի մի 40-րդ րոպեում տեսուչներն, այնուամենայնիվ, հայտնվեցին, մի 5 րոպե կարգավորեցին, որի ընթացքում մեր երթուղայինը շարժվեց ուղիղ երկու մետր, սակայն «մի ձենի» բղավող ավտոտեսուչի «ներվերի լիմիտն» այդքան էր` թողեց գնաց, ու մենք 20 րոպե եւս մնացինք խցանի դժոխքում: Ու երթուղայինում վերը նշված 5 կետի սահմաններում ուղեւորներս խոսում էինք այն մասին, որ քաղաքային իշխանությունները առաջին հերթին Աբովյան-Կորյուն խաչմերուկի այս դժոխքից մեզ ազատելու մասին պետք է մտածեին էստակադաներ կառուցելուց առաջ կամ կառուցելուն զուգահեռ, օրինակ, հենց պատրաստի գետնուղին վերածեին թունելի` մի փոքրիկ կառուցվածքային փոփոխություն անելով միայն, «ռադ անելով» հարակից կրպակները, ծաղկի վաճառքի, «Ղարսի խորովածի» կետերը, գոնե Նորքի զանգվածներից, Նորքից, Զեյթունից եւ Ավանից եկող մեքենաների հոսքի կեսը թունելով կանցներ ու այս ամենօրյա դժոխքը չէր լինի:
Մյուս մինի թեման ծագում էր երթուղայինի պատուհանից դուրս նայելով` ախր անզեն աչքով էլ տեսանելի է, որ քաղաքը հեղեղված է անկապ «ֆռֆռացող», մեծ մասամբ դատարկ տաքսիներով` ամեն չորրորդ մեքենան տաքսի է: Լավ, մեկը հաշվարկ անո՞ւմ է, թե էս միլիոնանոց քաղաքին քանի՞ տաքսի է պետք. հասկացանք բիզնես` բոլբոլ գրանցում են զանազան տարաշխարհիկ անուններով էս տաքսի-ծառայությունները` վրայից մի տասը, տակից եռակի-քառակի ավելի մեքենաներ, ու հենց այս չգրանցած թվաքանակը խեղդում է մեր քաղաքի երթեւեկելի հատվածը: Կամ` որ քաղաքը երթուղայինախեղդ արվեց ժամանակին` այս ճակատագիրը կանխատեսելի չէ՞ր: Եվ այլն:
Մի կերպ այդ դժոխքից դուրս գալուց եւ մի քանի նյարդ խցանում զոհելուց հետո` ամեն մեկս գնում ենք մեր գործին, մոռանալով հետկեսօրյա փորձանքը, այս անգամ արդեն ամեն քայլի մեր կյանքի այլ կարգի խցաններին դեմ առնելով: Իսկ մեր կյանքի խցանն ամենուր է` դիլետանտությունից եւ տնավարությունից սկսած մինչեւ բոլորիս ամեն օր խանգարող հայկական բամբասկոտությունը, հենց այնպես օդում սրան-նրան քննադատելու, սրան-նրան սխալ հանելու սովորույթը, միայն մեզ աշխարհի կենտրոն եւ միայն որպես ճշմարտության սուբյեկտ տեսնելով: Հարեւանդ բողոքում է անարդարությունից` աշխատանք գտնելը պայմանավորում ծանոթություններով. նախարարն իր ազգականներին է միայն ձեւը գտնում-տեղավորում, էս ի՞նչ երկիր է, բա մեր հալը ո՞նց կլինի: Հարցնում ես` դու նախարար լինեիր-ո՞նց կվարվեիր: Ասում է` նույն կերպ, առաջինն իմ տնեցիներին եւ ազգականներին կտեղավորեմ: Էհ, էլ ինչո՞ ւ ես բողոքում (մեքենաներն ինչպե՞ս իրար մի թիզ ճանապարհ չեն տալիս` էս հարեւանիս նմանները չե՞ն ղեկին, մազե կամրջին երկու իրար ճանապարհ չտվող ու անդունդը գլորվող այծերի հեքիաթը դպրոցում լավ չեն սովորել): Պատգամավոր բարեկամս ԱԺ ամբիոնից ամենալավ ճառերն է արտասանում կոռուպցիայի ու հովանավորչության դեմ, սակայն կոնկրետ անարդարությունից բողոքող մարդուն չի օգնում, ինքն օ-րենս-դրա-կան աշխատանքով է զբաղված, հասկանում եք, եւ չի կարող տեղական իշխանությանը փոխարինել: Հակակոռուպցիայի տեսաբան է մի խոսքով` մարդու հերն էլ անիծած:
Ամեն տեղ խցանն առաջ է մղվում` փակելով ճանապարհն ազնիվ հյուսվածքի եւ հմտության, փակում է ուղին անխղճորեն, եւ նրանից հետո շատ ջանք պետք է թափել` ճանապարհ մաքրելու: Խցանը մեր տուն է մտնում հեռուստաէկրանից` ժարգոնով, անճաշակությամբ եւ հեռուստաաղբով գրավելով հոգու այն բաց տարածքը, որ նրբարվեստին ու կատարյալին հոգու բնական ձգտման համար է, խցանը քո կյանք է մտնում աղքատության տեսքով` փողոցում հոգնակի թվով մուրացող ցնցոտիավոր կանայք խցանում են ազգի պատկանելության առկայծումները մտքիդ մի անկյունում. արժանապատիվ ազգը կարո՞ղ է մուրացիկ կանայք ունենալ: Խցանը ուռչում եւ փակում է բնականոն մտքի ճանապարհն այն պահին, երբ քո բակի փոքրիկ տղան ուզում է մեծանալ եւ օլիգարխ դառնալ, գողական դառնալ, թիկնապահ դառնալ... ու վերջ, ուրիշ որեւէ լավ մասնագիտություն նա չգիտե: Խցանն ամենուր է, եւ քո փնտրած խցանահանը քիչ է, քիչ, ազգովին խցանահան պետք է փնտրենք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ