Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի երկու ուսանողներ` Նիկոլայ Թորոսյանն ու Անգելինա Հարությունյանը 3 օրով եղել են Ստամբուլում եւ հանդիպումներ ունեցել տարբեր ինստիտուտների, համալսարանների ուսանողների հետ, այցելել են Բոսֆորի, Գալաթասարայի համալսարան, «Ակօս» թերթի խմբագրություն եւ հանդիպել Հելսինկյան ասամբլեայի ներկայացուցիչների հետ:
«Ի սկզբանե հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունները եղել են որոշակի լարվածությամբ: Դա պայմանավորված է ցեղասպանությամբ եւ բազմաթիվ խնդիրներով: Այսօր Թուրքիայում երիտասարդները շատ քիչ բան գիտեն Հայաստանի, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հելսինկյան ասամբլեայում մի երիտասարդ, որ եկել էր մեզ հետ հանդիպելու, այնքան վատ պատկերացումներ ուներ թեմայի մասին: Երբ ասում էինք Արմենիա, նրանք հասկանում էին Գերմանիա, քանի որ Ալմանիա թուրքերենով Գերմանիան է: Կա բացարձակ անտեղյակություն հայերի մասին: Եվ երեւի պատճառներից մեկը այն է, որ Թուրքիայի համար Հայաստանը կարեւոր չէ», ասում է Նիկոլայ Թորոսյանը:
«Ակօս»-ի թղթակից Թալին Շուջյանն էլ իր հերթին անդրադարձավ այն հարցին, որ Թուրքիայում Հայաստանի մասին տեղեկություններն ավելի շատ իմանում են ոչ թե թուրքական լրատվամիջոցներից, այլ հայկական հեռուստաընկերություններից: ԼԿԻ-ի ուսանողներն առաջնային են համարում ավելի շատ Հայաստանի մասին տեղեկատվության տարածման եւ Թուրքիայում ուսանողության հետ շփվելու եզրեր գտնելու հարցը:
Աշնանը սպասվում է նաեւ Թուրքիայից Հայաստան եկող ուսանողների հյուրընկալություն: Սեմինարը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամի եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի համատեղ ծրագրի մի մասն է:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ