«Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները, դրանք ներկրող «Պարես-Արմենիա» ընկերությունից ստացված հաղորդագրության համաձայն, արդեն երկար ժամանակ է ՀՀ մաքսային մարմինները չեն թույլատրում մաքսամաքրել եւ ներմուծել երկիր: Ապրանքը դեռեւս գտնվում է մաքսային տերմինալում, որի պատճառով ընկերությունը կրում է խոշոր վնասներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Մաթեւոսյանը հայտնել է, որ ընկերության կողմից ներմուծվող սիգարետների տուփերի վրա կատարված նշագրումները հակասում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին: Սակայն ըստ ընկերության տնօրեն Հ. Դեմիրճյանի, «Գովազդի մասին» օրենքը գովազդի կանոնների խախտման պատրվակով ներմուծման սահմանափակումներ չի նախատեսում, իսկ ՀՀ կառավարության 01.10.2001 թ. թիվ 917 որոշման համաձայն` գովազդի մասին օրենսդրության պահպանման վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահվել են Երեւանում քաղաքապետին, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետներին:
«Պարես-Արմենիա» ընկերությունը պաշտպանելու է իր բոլոր օրինական իրավունքներն ու շահերը տեղական եւ միջազգային ատյաններում` պայքարելով հանուն շուկայական առողջ տնտեսության եւ հավասար դաշտի ստեղծման»: Միաժամանակ ընկերության տնօրենը նորանշանակ վարչապետին խնդրում է միջամտել ընկերության ներկրած ապրանքի խմբաքանակը բաց թողնելու համար:
Ա. Մ.