Հայ ծանրորդը աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների հինգ ռեկորդ սահմանեց
Հեռուստատեսությամբ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հետեւող հայ մարզասերներն, անկասկած, մեծ ցավ ապրեցին Հռիփսիմե Խուրշուդյանի ցավալի «սայթաքման» համար, որի պատճառով մեծ ներուժ ունեցող հայ մարզուհին զրկվեց Եվրոպայի չեմպիոնուհի դառնալու հնարավորությունից: Մի քանի ժամ անց հայ մարզասերներին հոգեկան ծանր իրավիճակից հանեց եւ իր գերազանց ելույթով հրճվանքի պահեր պարգեւեց Տիգրան Մարտիրոսյանը: Մինչեւ 69 կգ քաշային ծանրորդը վստահ հանդես եկավ իտալական մրցահարթակում` հաջողությամբ իրացնելով բոլոր 6 մոտեցումներն ու արժանիորեն կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի հետ մեկտեղ Տիգրանը մեկ երեկոյի ընթացքում միանգամից աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական 5 ռեկորդ սահմանեց: Դա վկայում է հայ դյուցազունի մեծ ներուժի եւ անվիճելի առավելության մասին: Երկամարտում նա 13 կգ-ով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված ֆրանսիացի Վենցելաս Դաբայայից:
Չեմպիոնի կոչման համար պայքարում Տիգրանի հիմնական մրցակիցը Դաբայան էր: Սակայն արդեն պոկում վարժությունից հետո հայ ծանրորդը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց: Նա շատ վստահ հաջորդաբար իր գլխավերեւում պահեց 150, 155 եւ 158 կգ-անոց ծանրաձողերը եւ մոտակա հետապնդողից` բուլղարացի Դեմիր Դեմիրեւից առաջ անցավ 12 կգ-ով: Վերջինս երեք փորձերից միայն մեկը հաջող կատարեց` բարձրացնելով 145 կգ, հաջորդ երկու փորձերի ժամանակ չկարողացավ «սանձել» 148 կգ-անոց ծանրաձողը:
Նշենք, որ պոկում վարժությունում ցույց տված 158 կգ արդյունքը աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական նոր ռեկորդ էր: Տիգրան Մարտիրոսյանը գերազանցեց չին ծանրորդ Յուվեյ Յաոյի նախկին նվաճումը, որը 2005-ի սեպտեմբերի 27-ին Դուբայում բարձրացրել էր 156 կգ:
Առաջին վարժությունից հետո զգալի առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ, Տիգրան Մարտիրոսյանը նույն վստահությամբ հանդես եկավ նաեւ հրում վարժությունում` հաջորդաբար բարձրացնելով 180, 185 եւ 188 կգ-անոց ծանրաձողերը: Ֆրանսիացի Դաբայան եւս այս վարժությունում անթերի կատարեց երեք փորձերն էլ: Նրան հաջողվեց կրկնել Տիգրանի ցուցանիշը (188 կգ) եւ ի հաշիվ ընդամենը 300 գրամ պակաս անձնական քաշի, հրում վարժությունում արժանացավ ոսկե մեդալի` հայ ծանրորդին թողնելով արծաթե պարգեւը: Սակայն երկամարտում Մարտիրոսյանը վաղուց իր համար ապահովել էր Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը: Նա ցույց տվեց 346 կգ, ինչը 13 կգ-ով ավելի է Դաբայայի արդյունքից: 3-րդ տեղը զբաղեցրած բուլղարացի Մեհմեդ Ֆիկրետովը ցույց տվեց 315 կգ (140+175) արդյունք:
Տիգրան Մարտիրոսյանի ցուցանիշը հրում վարժությունում (188 կգ) Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ էր: Երկամարտում էլ նա միանգամից աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական երեք ռեկորդ սահմանեց` հաջորդաբար ցույց տալով 338, 343 եւ 346 կգ: Նախկին ռեկորդը (335 կգ) պատկանում էր Տիգրանի հայրենակից Ռուդիկ Պետրոսյանին, որը 2000-ին Սիդնեյի օլիմպիական խաղերում էր սահմանել բարձրագույն նվաճումը: Այնպես որ հայ ծանրորդը բոլոր առումներով գերազանցեց մրցակիցներին ու փայլուն հաղթանակ տոնեց:
69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Արայիկ Միրզոյանը, որը հանդես եկավ «B» խմբում: 21-ամյա ծանրորդը երկամարտի 296 կգ (135+161) արդյունքով 25 մասնակիցների մեջ զբաղեցրեց 12-րդ տեղը: Միրզոյանը յուրաքանչյուր վարժությունում միայն առաջին մոտեցումները հաջող կատարեց, իսկ մյուս երկու փորձերը տապալեց:
Երեկ ուշ երեկոյան մրցահարթակ դուրս եկան մինչեւ 77 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի փոխչեմպիոն Արա Խաչատրյանը: Ինչպես հայտնի է, քաշային այս կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Գեւորգ Դավթյանը չի մասնակցում առաջնությանը: Մարզիչները նրան հանգստանալու հնարավորություն են ընձեռել: Հայ ծանրորդներից Իտալիայում հանդես կգան նաեւ Վահրամ Գեւորգյանը (85 կգ), Տիգրան Վ. Մարտիրոսյանը (85 կգ), Էդգար Գեւորգյանը (94 կգ), Արտակ Մկրտչյանը (գերծանր քաշ) եւ Արթուր Բաբայանը (105 կգ): Հուսանք, որ մեր ծանրորդներն առաջիկա օրերին եւս կուրախացնեն իրենց նվաճումներով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ