«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2008-04-17 | #74, 2008-04-18 | #75, 2008-04-19


ՄԵԿ ՀՈԳՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՆԳԱՄ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՁԵՐԲԱԿԱԼՎՈՂԸ ՔՈ ԶԻՆԱԿԻՑԸ ՉԷ

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ, Քաղաքական վտարանդի

Հանրապետության առաջին նախագահի հոկտեմբերի 26-ի ելույթում տարընկալումների ու տարընթերցումների տեղիք կարող է տալ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության հետ կապված նրա որոշ դիտարկումները:

Մասնավորապես, նախկին նախագահն անթույլատրելի է համարում մեկ հոգու ցուցմունքով կատարվող ձերբակալությունները: Միանգամից ասեմ, որ հրաշալի միտք է, եթե միայն նախկին նախագահը «մարդ» ասելով չի սահմանափակվում միայն իր զինակիցներով, այլ այդ միտքը տարածում է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա: Այդ դեպքում միանգամայն համամիտ եմ նրա այդ պնդմանը: Ավելին, ինքս շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում մեկ հոգու ցուցմունքի հիմքի վրա մարդ ձերբակալել: Առավել եւսՙ անմեղ մարդու: Ով մոռացել է, կարող եմ հիշեցնել, որ 8 տարի առաջ այս օրերին զինդատախազությունն ինձ ձերբակալության որոշում է կայացրելՙ մեղսագրելով լրագրողների դուրսբերումը նիստերի դահլիճից կազմակերպելու անհեթեթ մեղադրանքՙ հիմք ունենալով մեկ մարդուՙ բացառապես Վիկտորյա Աբրահամյանի մեն-մի հատիկՙ այդ պահին արդեն ակնհայտ սխալ ցուցմունքը, թե իբր երբ ոճրագործները մտել են դահլիճ կատարել իրենց ոճրագործությունը, ես իբր կազմակերպել եմ լրագրողների դուրս բերումն այդ դահլիճիցՙ ասելով. «Երեխեք, դուրս եկեք»: Եվ դա այն դեպքում, երբ արդեն իմ ձերբակալության պահին քննությունը վարող զինդատախազության տրամադրության տակ կար.

ա) դահլիճում կատարվածի եւ մասնավորապեսՙ դահլիճից լրագրողների դուրսբերումը պատկերող պահերի տեսաձայնագրությունը, որտեղ հստակ երեւում էր, որ դահլիճից լրագրողներին դուրս է բերել հանցախմբի ղեկավար Հունանյանը,

բ) դահլիճից դուրսբերված լրագրողների եւ աշխատակազմի անդամների 28 վկայություն, որտեղ հստակ արձանագրվում է, թե ինչպես է ավագ Հունանյանը իրենց հանել դահլիճից ու ովքեր են եղել դահլիճից հանվողների խմբում, որոնց մեջ նույնպես իմ անունը որեւէ մեկի կողմից նշված չէ, քանի որ ես դահլիճ այդ օրը ոչ դեպքերից առաջ, ոչ ընթացքում եւ ոչ էլ հետո երբեւէ չեմ մտել,

գ) դահլիճից Հունանյանի կողմից հանված լրագրողները այդ օրվա դրությամբ արդեն մամուլում եւ հեռուստատեսային իրենց ռեպորտաժներում մանրամասն նկարագրել էին, թե հանցախմբի ղեկավար Հունանյանն ինչպես է իրենց հանել դահլիճից եւ ովքեր են եղել հանվողների խմբում,

դ) հանցագործության պահին դահլիճում գտնվել են 100-ից ավելի մարդիկ եւ նրանցից ոչ մեկը նույնպես իմ անունը ոչ այդ պահի դրությամբ, ոչ էլ հետագա 8 տարիներին չի հիշատակել այնտեղ գտնվողների թվում: Դե, իսկ որպես լրագրողների դուրսբերումը կազմակերպողի մասին խոսք գնալ անգամ չէր կարող,

ե) ավելին, որ շատ կարեւոր է ու ինչի մասին այսօր ես 8 տարվա մեջ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ եմ խոսելուՙ նույն ինքըՙ Վիկտորյա Աբրահամյանը դեռ նախաքննության ընթացքումՙ 1999թ դեկտեմբերի 22-ին ինձ հետ առերերս հարցաքննության ժամանակ հիմնականում եւ 2000 թ հունվարի 14-ին տված լրացուցիչ հարցաքննության ժամանակ արդեն ամբողջովին հրաժարվել է իմ դեմ 1999թ հոկտեմբերի 30-ին տված եւ իմ ձերբակալության պատճառ դարձած զրպարտչական ցուցմունքից: Մասնավորապես դեկտեմբերի 22-ին նա արդեն ասել է, թե ոչ թե ես կազմակերպել եմ լրարգողների դուրսբերումը նիստերի դահլիճից, այլ պարզապես ինձ տեսել է դահլիճում, բայց ես ոչինչ չեմ ասել կամ արել, եւ իր մոտ ոչ մի տպավորության չի եղել, թե ես կարող էի հանցագործների հետ կապ ունենալ (քրգործ հատոր 33 էջ 56-59): Դրանից ընդամենը 22 օր հետո Վիկտորյա Աբրահամյանն Էլ ավելի հեռուն է գնացել եւ փաստացիորեն լիովին հրաժարվել է իմ հանդեպ տրված ցուցմունքից: Արդեն 2000 թ հունվարի 14-ին իր տված լրացուցիչ ցուցմունքում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին իմ եւ իր միակ հանդիպմանը, Վիկտորյա Աբրահամյանը սեւով սպիտակի վրա արդեն արձանագրել է իրականությունը: Ճիշտ այն, ինչ ես 8 տարի շարունակ ասում եմ: Նրա ցուցմունքից մեջբերում եմ բառացի. «Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո, երբ լրագրողների շրջանում քննարկումներ էին տեղի ունենում լրագրողներից մեկն ինձ ասաց, որ նիստերի դահլիճ մտնելուց առաջ ես բարեւել եմ Նաիրի Բադալյանին: Նա նստած է եղել բազկաթոռին: Բայց ես չեմ հիշում նման բան: Երեւի պատճառն այն է, որ 27-ի դեպքերն ավելի տպավորիչ էին, քան նախքան նիստերի դահլիճ մտնել որեւէ մեկին բարեւելը»-մեջբերման ավարտը (քրգործ, հատոր 13, էջ 124): ԵՎ ՍԱ ՀԵՆՑ ԱՅՆ Է, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ:

Եվ այս ցուցմունքները, նկատի ունեցեք, տրվել են 1999 դեկտեմբեր-2000թ հունվարին, երբ այսօրվա նախագահի ընդդիմադիրները չեն կասկածել եւ այսօր էլ չեն կասկածում այդ ժամանակահատվածում քննության կատարած գործողություններին, իսկ Ռոբերտ Քոչարյանի կողմից էլ նախաքննության ընթացքին միջամտելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Եվ որ ոչ պակաս կարեւոր էՙ այդ ցուցմունքները տրվել են մի մարդու վերաբերյալ, ով հոկտեմբերի 27-ի նման հրեշավոր հանցագործությանը օժանդակության մեղադրանքով այդ պահին գտնվում էր կալանքի տակ: Այսինքնՙ նման գործով մեղադրյալի վերաբերյալ վերջինիս օգտին ցուցմունք տալու համար վկան պետք է այդ ցուցմունքի իսկության մեջ համոզված լինի ոչ թե 100, այլ հարյուր անգամ հարյուր տոկոսով: Առավել եւս, եթե այդ ցուցմունքով նա հակասելու է իր իսկ նախկինում տված ցուցմունքին: Սա արդեն կրիմինալիստիկայի հոգեբանության ոլորտի աքսիոմա է:

Եվ այսքանից հետո ինչքան պետք է զինդատախազությունըՙ ինչ-ինչ նկատառումներից ելնելով շահագրգռված լիներ ինձ ձերբակալության տակ պահելու, որ նույնիսկ Վիկտորյա Աբրահամյանիՙ այդ շրջանում բարեխիղճ մոլորության (ինչը չէի ասի արդեն իմ ազատվելուց հետո մամուլով նրա հետագա անթույլատրելի պահվածքի մասին) պատճառով իմ հանդեպ նախկինում տված զրպարտչական ցուցմունքից հրաժարումից հետո շարունակեր ինձ մեղսագրել լրագրողներին նիստերի դահլիճից դուրս հանումը կազմակերպելու մեղադրանք, որը ամեն 2 ամիսը մեկ արտագրվելով կալանքիս ժամկետը նորացնելու մասին հերթական որոշման մեջ, հասներ ու արձանագրվեր ընդհուպ քրեական գործիս կարճման որոշման տեքստում:

Ի դեպ, ավելորդ չի լինի ասել, որ զինդատախազությունն ինքն էլ երբեք լուրջ չի վերաբերվել Նարինե Դիլբարյանի եւ Մարգարիտ Ստեփանյանիՙ իմ դեմ տրված ցուցմունքներինՙ թերեւս նաեւ իմանալով, թե ինչու, ինչ հանգամանքներում եւ ում դրդմամբ են այդ ցուցմունքները տրվել: Դրանց վերաբերյալ միայն մի բան կասեիՙ դրանք տրվել են ԱՐԴԵՆ կալանքի տակ 27-ին աջակցության հրեշավոր մեղադրանքով գտնվողի նկատմամբՙ այսպես կոչված «մեղադրանքի ծավալ» ստեղծելու համար: Ինչ վերաբերում է այդ ցուցմունքների բովանդակային կողմին, ապա նրանցից մեկը ցուցմունք էր տվել, թե իբր ինձ տեսել է դեպքի օրը Ազգային ժողովի շենքում Ն. Հունանյանի հետ զրուցելիս հանցագործության պահից 2 ժամ առաջ, իսկ մյուսըՙ իբր առնվազն 20 րոպե առաջ: Ի դեպ, վերջինի վերաբերյալ քրգործում առկա է կապի նախկին նախարար է. Մադաթյանի ստորագրությամբ գրություն, որով նշվում է, որ Արմենտելի համակարգիչը ճիշտ այդ պահի համար հեռախոսազանգ է արձանագրել Հունանյանիՙ Հ/Ա թաղամասում գտնվող բնակարանից բջջայինի մի բաժանորդի հեռախոսին եւ այդ հեռախոսազանգի թե փաստը եւ թե ժամանակը իրենց ցուցմունքներում հաստատել են թե Նաիրի Հունանյանը եւ թե այն անձը, ում նա զանգել էր իրենց տնից: Բացի այդ, քրեական գործում հարյուրավոր, ընդգծում եմՙ հարյուրավոր ապացույցներով ապացուցված փաստ է, որ ինչպես հանցախմբի մյուս անդամները, այնպես էլ նրանց պարագլուխ ավագ Հունանյանը այդ օրը առաջին ու միակ անգամ ԱԺ տարածք են եկել հանցագործության պահից առավելագույն 5 րոպե առաջ եւ եթե որեւէ մեկը ապացուցի, որ նա այդ օրը կարող էր ԱԺ տարածքում լինել դեպքից առնվազն 20 րոպե առաջ (էլ չեմ ասում 2 ժամ առաջ) ապա ես պատրաստ եմ իմ վրա վերցնել ոչ միայն այդ օրը այդ ժամերին նրա հետ հանդիպած լինելու, ինչպես իրենց ցուցմունքներում պնդել էին այդ 2 անձինք, այլ նաեւ Քենեդու ու Կեսարի սպանությունների ու Նապոլեոնի թունավորման պատասխանատվությունը:

Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հոկտեմբերի 26-ի հանրահավաքային ելույթում նաեւ կասկածի է ենթարկել Հունանյանի կողմից իր նախորդ շրջանի ցուցմունքներից հրաժարման իրավական հիմքերը:

Մյուսների մասին խոսելու ցանկություն չունեմ: Բայց ինչ մնում է իմ դեմ տված նրա միակ ցուցմունքին, վերջինիս տրման զուտ ժամանակագրական պահի դիտարկումն արդեն ինքնին շատ հետաքրքրական եւ ակնհայտ պատկեր է ստեղծում: Ընդ որումՙ այդ ցուցմունքը տրված է եղել ոչ այնքան իմ, որքան մեկ ուրիշ մարդու վերաբերյալ: Ավելի ճիշտՙ այն ուղղված է եղել մեկ այլ մարդու համար «մեղադրանքի ծավալ» ապահովելու խնդրի լուծմանը եւ ինձ այդ պահին պարզապես ներգրավվել են այդ հանգույցի մեջ, ասվածին, այսպես կոչված «ավելի համոզչականություն» հաղորդելու նպատակով: Խոսեմ փաստերով: Մինչ այդՙ իմ ձերբակալության պահից սկսած հետեւողականորեն իմ անմեղությունը պնդած եւ անգամ այդ մասին ՀՀ գլխավոր դատախազին 1999 թ. նոյեմբերի 16-ին իմ անմեղության վերաբերյալ հատուկ դիմում-հայտարարություն գրած (քրգործ հատոր 20 էջ 97) Նաիրի Հունանյանից 2000 թ. հունվարի 8-ին իմ դեմ ստացված ու ինձ Ալեքսան Հարությունյանի հետ կապող զրպարտչական ցուցմունքի համար նրան հենց նույն օրը եւեթ Նուբարաշենի մեկուսարանի խոշտանգման ռեժիմից ազատեցին ու տեղափոխեցին հայաստանյան մեկուսարանային կուրորտ հանդիսացող Ազգային անվտանգության մեկուսարան: Այս առումով ասելիք շատ կա, բայց խուսափելով խնդրի քննարկման քաղաքականացումից, առայժմ ձեռնպահ կմնան դրանց հրապարակումից: Ուղղակի մի բան միայն կասեմՙ 1999 թ դեկտեմբերի վերջին արդեն նախաքննական մարմինն էր հանգել եզրակացության, որ իմ վերաբերյալ կասկածները փարատված են (Վ. Աբրահամյանը ինձ հետ դեկտեմբերի 22-ին առերեսման ժամանակ փաստորեն հրաժարվել էր իմ վերաբերյալ ցուցմունքիՙ ինձ մեղադրող մասից, իսկ մյուս երկուսի ցուցմունքներիՙ սարքովի կեղծիք լինելը նախաքննության համար ակնհայտ էր դեռ տրման պահից իսկ) եւ ինձ պետք է ազատ արձակել եւ հարմար պահ ու եղանակ էին դրա համար մտածում: Այն, որ ինձ շուտով պետք է ազատ արձակեն, ոչ միայն անձամբ ինձ, այլ նաեւ մի քանի այլ անձանց, այդ թվումՙ նաեւ դեկտեմբերիՙ կարծեմ 29-ին նախագահի աշխատակազմում կայացած տարեվերջյան հավաքի ժամանակ պատասխանելով իր շուրջը խմբված լրագրողներից մեկիՙ իմ մասին տրված հարցին, չտպագրելու պայմանով ասել է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Ավելին, Նուբարաշենի մեկուսարանում, ուր ահավոր անմարդկային ռեժիմ էր սահմանված այդ գործով պահվող մեղադրյալների նկատմամբ, դեկտեմբերի 27-ից սկսած իմ վրայից զինդատախազության ցուցումով (քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանի զանգով) հանվել էր այդ ռեժիմը: Եվ այդ պայմաններում, երբ հունվարի 4-ին ընդունելով իր կաբինետում, զինդատախազ Ջհանգիրյանն ինձ անձամբ է ասում, որ իմ գործը առաջիկա օրերին կկարճվի, հունվարի 5-ին աղմուկով ձերբակալում են Հարություն Հարությունյանին եւ ... հենց նույն օրն էլ պարզում, որ վերջինս ոչ միայն ազգական չէ Ալեքսան Հարությունյանին, այլ նունիսկ ծանոթ չէ: Մի խոսքով «սխալ ընտրություն» են կատարել: Ու հիմա նրան բաց թողնել, մեկ ուրիշին ձերբակալելն էլ ավելի մեծ աղմուկի պատճառ կդառնա: Մինչդեռ ես ոչ միայն դեռ ազատված չեմ, այլ նաեւ, ի դժբախտություն ինձ, Ալեքսան Հարությունյանի հետ ծանոթ էի: Ու դեռ ավելին, նրան հանդիպել էի սեպտեմբերի 3-ին: Ու ... «անհրաժեշտ» օղակը գտնված է եւ մինչ այդ արդեն մշակված սխեմայում արհեստականորեն նոր «դետալ» է ավելացվում եւ շրջանակը փակվում է: Եվ իմ ձերբակալության պահից սկսած իր բոլոր ցուցմունքներում հետողականորեն իմ անմեղությունը պնդող ու այդ մասին նույնիսկ ՀՀ գլխավոր դատախազին նոյեմբերի 16-ին դիմում-հայտարարություն ուղարկած (քր. գործ հատոր 20 էջ 97) Նաիրի Հունանյանը հանկարծ հունվարի 8-ին ցուցմունք է տալիս, թե ես իբր գիտեի իր ծրագրերի մասին ու մեր հանդիպումը ոչ թե պատահականորեն է այդ օրը ստացվել, այլ ես Ալեքսան Հարությունյանի ցուցումով եմ իրեն տեսել: Եվ դաՙ զինդատախազության քննիչների հետ գործարքի արդյունքումՙ անմիջապես այն օրը, երբ նրանՙ որպես նման ցուցմունք տալու համար առաջարկված դատախազական երախտագիտության բացառիկ դրսեւորում, այդ քրեական գործով ձերբակալվածների համար մսաղաց հանդիսացող Նուբարաշենի մեկուսարանից արդեն տեղափոխել էին (կամ էլ առնվազն նախորդ օրը զինդատախազ Ջհանգիրյանի կողմից ստորագրված տեղափոխման որոշումն էին ցույց տվել (գործ հատոր 18, գործ թերթ 37)) Ազգային անվտանգության մեկուսարան: Ավելորդ չի լինի ասել, որ սա «երախտագիտության» ու «խրախուսման» այն առավելագույն նիշն էր, որ անգամ տեսականորեն նախաքննական մարմնի լիազորության սահմաններում էր եւ զինդատախազությունը չհապաղեց այն ցուցաբերել հանցախմբի պարագլխի նկատմամբ: Դրանից այն կողմՙ մնում էր, որ կալանքից ազատ արձակեին: Եվ դաՙ իմ դեմ ցուցմունք տալու համար եւ նույն օրը:

Ի դեպ, ես մի հանգամանքի մասին էլ եմ ուզում նշել: Ով եւ ինչպես է որոշել, թե Հունանյանի առաջին շրջանում (Արամ Սարգսյանի վարչապետության) տված ցուցմունքները ճիշտ են, իսկ մայիսից հետո տրվածները սխալ, ինչպես արդեն 8 տարի շարունակ պնդում են որոշ շրջանակներ: Այդ դեպքում էլ այդպես ասողներին կհիշեցնեի, որ Հունանյանը իմ ձերբակալությունից սկսած եւ առ հունվարի 8-ը 2 ու կես ամիս մշտապես պնդել է իմ անմեղությունը եւ ինչպես արդեն ասվել է, նույնիսկ գլխավոր դատախազին է հատուկ հայտարարություն գրել այդ մասին: Դա էլ էր, ի դեպ, նախաքննության առաջինՙ «օբյեկտիվ ցուցմունքների» գնահատականն ստացած շրջանում: Ու դա էլ, կարծես թե 8 տարում երբեք որեւէ մեկը չնկատեց: Իսկ հունվարին, երբ զինդատախազության քննիչների հետ գործարքի արդյունքում իմ դեմ միակ ցուցմունքը տվեց ու տեղափոխվեց Ազգային անվտանգության մեկուսարան, գտնվում էր խոշտանգման այն ռեժիմում, որի տակ ինձ արդեն հունվարի երկրորդ կեսից էին մտցնելուՙ նրա այդ «ցուցմունքի» «շարունակությունը» ստանալու համար:

Իմ հանդեպ կատարված այս ու նման բազմաթիվ այլ ապօրինությունները, որոնք Հայաստանում շատերը քաղաքական կոնյուկտուրայի պատճառով չեն ուզում նկատած լինել դեպքերի ու իրադարձություններիՙ իրենց ոչ այնքան ցանկալի պատկեր ստանալուց խուսափելու համար, այդպիսի մասնավոր շահեր չունեցող այլ երկրի օբյեկտիվ բարձր դատական ատյանների համար հիմք են դառնում, որ արձանագրվի, որ ես Հայաստանում ձերբակալվել եմ «Կեղծ» մեղադրանքով, որ ապացուցված փաստ է Հայաստանում իմ խոշտանգված լինելու հանգամանքը, որ Հայաստանում իմ կյանքին «խիստ հիմնավորված» (իրենց ձեւակերպումն է) վտանգ է սպառնում եւ այդ բոլորըՙ ընդգծված քաղաքական պատճառներով ու ինձ քաղաքական ապաստան են տրամադրում (այդ դատարանի կողմից քննված հայկական ազգանուններով բոլոր գործերի ցուցակըՙ ստորեւ): Ավելին ասեմ. այդ որոշումն ընդունած Միացյալ Նահանգների բարձրագույն էմիգրացիոն ֆեդերալ դատական մարմինը (որի պրոֆեսիոնալիզմին կամ օբյեկտիվությանը կասկածելու համար առնվազն հոգեկան հիվանդ պետք է լինել)ՙ դատավորների կոլեգիայի միաձայն որոշմամբ ինձ ԱՄՆ-ում ապաստանի միանգամից 3 տարբեր տեսակներ տրամադրելու հատուկ որոշման առանձին մի կետով ԱՄՆ շուրջ 20 հատուկ ծառայություններին մի տանիքի տակ միավորող Ազգային Անվտանգության նախարարությանը հանձնարարել է ստուգել իմ ինքնությունը եւ նախկինում կատարած գործողությունների համապատասխանությունն օրենքներին եւ որի արդյունքում շուրջ 6 ամիս հետո ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունը դատարանին զեկուցել է, որ իմ կենսագրության ստուգումն ավարտված է ու նրանում չկա ոչինչ, որը կխանգարեր Միացյալ Նահանգներում ստացած քաղաքական ապաստանի իմ իրավունքի կիրառմանը: Սա հատկապես ուշագրավ է այն առումով, որ ԱՄՆ օրենսդրությունն ուղղակիորեն արգելում է երկրում քաղաքական ապաստան տրամադրել որեւէ անձի, ում վերաբերյալ «հիմնավոր կասկածներ» (օրենքի ձեւակերպումն է) կան աշխարհի որեւէ երկրում որեւէ քրեական հանցագործության մասնակցած լինելու մեջ: Էլ չասեմ, որ տեռորիզմը, ինչի մեջ կասկածելով ինձ վարկաբեկել ու հետապնդում են Հայաստանում, Միացյալ Նահանգներում ոչ թե պարզապես քրեական հանցագործություն է, այլ պաշտոնապես հայտարարված է որպես այդ երկրի ազգային անվտանգության թիվ 1-ին ու ՄԻԱԿ սպառնալիք: Ու նաեւ այդ պատճառով, կարծում եմ բոլորի համար հասկանալի կլինի, թե ունենալով բարձրագույն ֆեդերալ դատական ատյանի հատուկ որոշում-հանձնարարությունը, ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը իր 6 ամսյա քննության ընթացքում ինչ բծախնդրությամբ քրքրած կլիներ իմ կենսագրությունը: Եվ հենց նաեւ այդ պատճառով էլ ավելի նշանակալից է նրանց տված պաշտոնական գրավոր եզրակացությունը, թե իմ կենսագրության մեջ չկա ոչինչ, որը կարող էր խանգարել Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստանի իմ ստացած իրավունքի կիրառմանը: Եվ այս փաստաթուղթն էլ դատարանն իր հերթին վերահասցեագրել եւ ինձ է ուղարկել, արդեն որպես իմ վերաբերյալ կայացված 2-րդ պաշտոնական որոշում:

Ինչեւէ, այս հանգամանքների մասին (որոնցից որոշների վերաբերյալՙ 8 տարում առաջին անգամ) ես այսօր նպատակահարմար համարեցի խոսել, որպեսզի սույնով փորձ անեմ կանխելու իմ վերաբերյալ օճառային օպերաների պնդաճակատ համառությամբ շրջանառության մեջ նետվող փաստազուրկ եւ հայհոյախառն հիմարությունների նոր խմբաքանակը, որ նախընտրական այս շրջանում նախընտրական նկատառումներով, տարակույս չունեմ, կրկին նետվելու է հրապարակ:

Հիմարությունը հանցագործություն չի համարվում աշխարհի եւ ոչ մի երկրում: Ավելին, բանական մարդկանց մոտ այն կարեկցանքի ու խղճահարության զգացում կարող է միայն առաջացնել: Բայց միայն եթե այն պարզապես հիմարություն է, այլ ոչ թե տրամաբանական մի շղթայի մեջ տեղավորվող ու սեփականՙ սեւեռուն դարձաձ գաղափարը շրջանառության մեջ պահելու կոչված քարոզչական միջոցառումների կապակցված շարք: Պրոպագանդայի տեսության մեջ դա լավ հայտնի «շշուկների շրջանառություն» մեխանիզմն է: Այնպես որ այսպիսի դեպքերում այսօրինակ խնդիրը քաղաքակիրթ երկրում դուրս է գալիս պարզապես ինքնաբուխ հիմարության որակման շրջանակից, դադարում լինել բժշկական հանրագիտարանի դիտարկման թեմա ու սահուն տեղափոխվում է քրեական օրենսգրքի կանոնակարգման դաշտ:

Հ.Գ. Ի դեպ, շատ բան կտայի, որ առաջիկա ընտրություններում Հայաստանում իշխանափոխություն կատարվեր: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ավելի լավ կկառավարի երկիրը կամ կբարեփոխի քաղաքական համակարգը: Բնավ ոչ: Պարզապես շատ վաղուց արդեն ժամանակն է, որ «Հոկտեմբերի 27-ը» դադարի Հայաստանում այլեւս ընկալվել որպես քաղաքական սպեկուլյացիաների բացառիկ հնարավորություն եւ ընտրական սեւ տեխնոլոգիա, մեր նորանկախ պետության պատմության այդ սեւ էջը փակվի ու երկիրն ու քաղաքական ուժերը իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այլ, հասարակության կենսական ու ոչ պակաս կարեւոր խնդիրների լուծմանը: Իսկ դրա միակ հնարավորությունն այսօր այն է, որ այդ նպատակին զոհաբերվի եւս մեկ ընտրական շրջան (որն ընտրությունների ցանկացած ելքի դեպքում այսպես թե այնպեսՙ միեւնույն է, զոհաբերվելու է): Իսկ դրա միակ տարբերակին այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնար իշխանության եւ, որպես ապագա նախագահ, շարունակեր հավատարիմ մնալ «Հոկտեմբերի 27-ի» գործի «բացահայտումը» ապագա նախագահի գործունեության առաջնահերթություններից մեկը հռչակած լինելու նախընտրական իր նպատակին եւ հասարակության համար հնարավորինս թափանցիկ հետաքննությամբ ու դատաքննությամբ (այդ գործի համար այս անգամ արդեն 3-րդ քաղաքական ղեկավարությամբ)ՙ փորձեր պայմաններ ստեղծել գոնե մասամբ հստակություններ մտցնելու այդ ոճրագործության հետ կապված հանգամանքներում: Եվ այդ կերպ այլեւս այդ թեման հանվեր քաղաքական բանսարկությունների գործիք լինելու այսօրվա վիճակից: Այդ են պահանջում թե 27-ի զոհերի հիշատակը, եւ թե Հայաստանում իրենց լուծմանն սպասող հազարավոր ոչ պակաս լրջագույն հիմնախնդիրները: Վաղուց ժամանակն է, որ հայաստանյան քաղաքական ուժերը գոնե 2008-ին հաջորդող ընտրություններում փորձեն հասարակությանը հուզող հիմնախնդիրների մասին ծրագրեր կազմել, այլ ոչ թե դեռ մի ութ անգամ ութ տարի էլ շարունակեն իրենց ընտրարշավները մշակելՙ հիմք ունենալով բացառապես «27»-ի շուրջ սպեկուլյացիաների կառուցումը:

Պարզաբանումներ Միացյալ Նահանգներում իմ կարգավիճակի վերաբերյալ

ԱՄՆ էմիգրացիոն բարձրագույն ֆեդերալ դատական մարմինը ինձ իրավաչափ (eligible) է համարել միանգամից մի քանի տեսակի ապաստանի պաշտպանվածություն Մ. Նահանգներում տրամադրելու համար: Որոնց թվումՙ ապաստանի բարձրագույն տեսակըՙ քաղաքական ապաստան, այն էլ նրա 5 տարատեսակներից ամենահստակ քաղաքականիՙ «քաղաքական կարծիքի» կատեգորիայով: Ավելորդ չի լինի ասել, որ որքան ինձ հայտնի է այդ դատարանի վճիռների հրապարակված ոչ ամբողջական ցանկից (դատարանի ոչ բոլոր որոշումներն են հրապարակվում), ես ոչ միայն Հայաստանի Հանրապետության միակ քաղաքացին եմ, այլ նաեւ միակ հայը, որն այդ պատվին արժանացել էՙ Միացյալ Նահանգներում ապաստան ստանալով ոչ թե տեղական (քաղաքի կամ կոմսության), եւ կամ էլ նույնիսկ նահանգային էմիգրացիոն մարմինների, այլ հենց ֆեդերալ մակարդակում:

Ու էլ ավելի նշանակալից եմ համարում, որ ես այդ պատվին արժանացել եմՙ ԱՄՆ ֆեդերալ դատական մարմնի դատարանի հատուկ որոշմամբ նշանակված իմ ինքնության եւ կենսագրության մանրամասն ու տեւական հետաքննությունը ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության կողմից իրականացվելուց հետո ու դրա արդյունքում: Առավել եւս, որ Ֆեդերալ դատարանը 3 դատավորների միաձայն քվեարկությամբ ինձ մի քանի տեսակի ապաստան տրպամադրելու որոշումն ընդունել էՙ իմ իրավունքների համար Հայաստանում իմ մղած պայքարը գնահատելով որպես հստակ քաղաքական տեսակետ եւ իրավապաշտպան գործունեություն, որն, ըստ դատարանի գնահատման, ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան իմ, որքան Հայաստանում ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը: Մի գնահատական, որին ես չեմ հավակնել եւ որին դատարանն ինքն է հանգելՙ ելնելով իր տրամադրության տակ եղած նյութերից: Դեռ ավելին, ինձ համար էլ ավելի կարեւոր է, որ ԱՄՆ բարձրագույն էմիգրացիոն ֆեդերալ դատական մարմինը, գնահատելով իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթային բազան, դատավորների միաձայն որոշմամբ ինձ քաղաքական ապաստան եւ ապաստանի 2 այլ տեսակներ է տրամադրելՙ հաղթահարելով Մ. Նահանգների Ազգային անվտանգության նախարարությանՙ մինչ այդ դատարանին ուղարկված նախնական բացասական կարծիքը, որը հիմք ուներ հանգամանքը, թե ես Հայաստանում կասկածվել եմ քրեական հանցագործության կատարմանը աջակցության մեջ, իսկ ԱՄՆ ներգաղթային օրենսդրությունն ուղղակիորեն արգելում է այդ երկրում ապաստան տրամադրել անձանց, որոնք աշխարհի որեւէ կետում մեղադրվել կամ կասկածվել են որեւէ քրեական հանցագործության կատարման մեջ: Սակայն ֆեդերալ դատարանն իմ հայցը մերժելու համար անբավարար համարելով Հայաստանում իմ մեղադրված լինելու հանգամանքը եւ քննելով ու գնահատելով իր ձեռքի տակ եղած փաստաթղթային բազան, ԱՄՆ-ում ապաստան ստանալու իմ իրավաչափությունը (eligibility) հաստատելուց բացի ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությանը իր որոշման առանձին հատուկ կետով հանձնարարել է ուսումնասիրել իմ «ինքնությունը եւ անցյալում կատարած գործողությունների համապատասխանությունը օրենքներին»: Եվ որ էլ ավելի արժեքավոր է իմ համար, որպես 6 ամիս տեւած այդ ուսումնասիրության արդյունք, ԱՄՆ ԱԱ նախարարությունը, սրբագրելով նախքան այդօրինակ ստուգումն անցկացնելը իր տված բացասական եզրակացությունը, դատարանին է ուղարկել գրավոր փաստաթուղթ, որ իմ, մեջբերում եմ. «կենսագրության ստուգումն ավարտված է եւ նրանում չի հայտնաբերվել որեւէ փաստ, որը կարող է խոչընդոտել Միացյալ Նահանգներում ապաստանի իրավունքի կիրառմանը»: Իր հերթինՙ դատարանն էլ որպես երկրորդ պաշտոնական փաստաթուղթ, այն վերահասցեագրել է ինձՙ տեղեկացնելով, որ իմ ինքնության եւ կենսագրության ստուգմանՙ ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության կողմից իրականացված հատուկ հետաքննությունն ավարտված է եւ Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան ունենալուՙ դատարանի նախորդ որոշմամբ շնորհված իմ իրավունքը արդեն կիրառության մեջ է: Այդ կերպ, որքան ինձ հայտնի է դարձել այդ դատարանի վճիռների հրապարակված ոչ ամբողջական աղբյուրներից, ես հանդիսանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին, այլ նաեւ առաջին հայը, որ այդ դատարանի կողմից սահմանված կարգով ստացել է Միացյալ Նահանգներում քաղաքական կամ այլ բնույթի ապաստան ստանալու իրավունք: Ընդ որում, լինելով ներգաղթային հարցերի բարձրագույն ֆեդերալ դատական մարմինը, որի որոշումները նախադեպային իրավունքի ուժ ունեն Մ. Նահանգներին բոլոր էմիգրացիոն դատարանների ու ներգաղթի դեպարտամենտի տեղական բաժինների համար, այն շատ պահպանողական դատարան է եւ տարեկան դրական լուծում է տալիս իր քննարկած գործերի առավելագույնըՙ 8-10 տոկոսին: Դե, իսկ գործեր, որտեղ որոշումները ընդունվեն միաձայն եւ այն էլ դեռ ավելինՙ տրամադրվեն ապաստանի միանգամից մի քանի տեսակներ, ինչպես իմ դեպքում է եղել, գործնականում խիստ հազվադեպ է պատահում:

(Այստեղ հոդվածագիրը ներկայացնում է ԱՄՆ դատարանի հրապարակած վճիռների պաշտոնական եւ ոչ ամբողջական ցանկից հայկական ազգանուններով անձերի ցուցակը, որի հրապարակումը զանց ենք առնում տարբեր երկրների հայազգի այդ քաղաքացիների հետագա անվտանգության նկատառումով: Միայն հաստատենք, որ նշյալ ցանկի անդամներին մերժվել է ԱՄՆ-ում քաղաքական ապաստանյալի կարգավիճակ շնորհել-խմբ.):

Ու հենց այդ առումով ինձ համար միանգամայն անհասկանալի ու վիրավորական էր իմ անունն ու բարի համբավը արդեն 9 տարի հրապարակայնորեն վարկաբեկողներից «Առավոտ» օրաթերթի «խիստ սկզբունքային» դիրքորոշումըՙ հրաժարվել տպագրել ԱՄՆ-ում իմ քաղաքական ապաստան ստացած լինելու մասին հաղորդագրությունը: Իսկ որ դա «Առավոտի» խմբագրի անձնական մոտեցումը չէր, այլ ընդգծված քաղաքական վերաբերմունք, խոսում է հենց թեկուզ այն հանգամանքը, որ նույն կերպ այդ տեղեկությունը տպագրել հրաժարվեց նաեւ այսպես կոչված «ազատ մամուլի» մեկ այլ ներկայացուցիչՙ Արմինե Օհանյանի խմբագրած «Ժամանակ-Երեւանը»: Թերթեր, որոնք զբաղված են ամեն տեսակ կրիմինալներիցՙ լինի դա պրոֆեսիոնալ խառնակիչ ու կեղծարար Ջհանգիրյանից, մինչեւ ոսկրաջարդ բանտապետ Միքայելյանից մեդիոգեն «քաղբանտարկյալներ» կռելու «սուրբ» գործին:

2008 թ. հունվար, ԱՄՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4