«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2008-04-18 | #75, 2008-04-19 | #76, 2008-04-22


ԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Թեեւ դա հարաբերությունների կարգավորում չի ենթադրում, սակայն դրական ազդեցություն է ունենում թուրք հասարակության վրա

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առնչությամբ Սերժ Սարգսյանին նախ շնորհավորել էին Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները, իսկ ընտրություններից երկու օր անց, շնորհավորողներին էր միացել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Ապրիլի 15-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նախ ազատվեց պաշտոնից, ապա եւ նշանակվեց ՀՀ արտգործնախարար: Նրան էլ ապրիլի 19-ին Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի եւ Հունաստանի արտգործնախարարների հետ շնորհավորեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:

Հաջորդ օրը թուրքական մամուլը, վկայակոչելով հայկականին, գրեց, որ շնորհավորական ուղերձում Բաբաջանը հայ գործընկերոջը ողջունել եւ ասել է. «Վստահ եմ, Ձեր դիվանագիտական փորձը օգտակար կլինի Ձեր երկրի համար եւ մենք կկարողանանք հաստատել անհրաժեշտ երկխոսություն ցանկալի նպատակներին հասնելու համար»:

Նույն օրըՙ ապրիլի 20-ին, հետեւելով թուրքական հանրային հեռուստատեսության օրինակին, համանուն մամուլը, ի դեմս «Ռադիկալի», Թուրքիային հասցեագրված ուղերձի նշանակություն տվեց ՀՀ նորանշանակ արտգործնախարարի հայտարարությանը, գրելով. «1915-ի իրադարձությունների առնչությամբ, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկի հետ չհամակերպվող Հայաստանը ձիթենու ճյուղ մեկնեց Թուրքիային, երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց նախագահի պաշտոնում: Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը «հարաբերությունների նորմալացման համար, առանց նախապայմանի, Թուրքիայի հետ բանակցելու» պատրաստակամություն հայտնեց: Թեեւ հայ նախարարը 1915-ի իրադարձությունների առնչությամբ կրկնեց Երեւանի տեսակետները, թե դրանք «ցեղասպանություն» էին, այդուհանդերձ, արտահայտվեց «այդ մութ էջերը փակելու եւ անվտանգ ապագա կառուցելու» օգտին: Ընդգծելով Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը, Նալբանդյանը միաժամանակ նշեց, որ տարածաշրջանի երկրների միջեւ առկա խնդիրների կարգավորումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը բոլորի օգտին են լինելու»:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին հղած ուղերձը ջերմ է, ինչպես եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի ուղերձն էր նախագահ Սերժ Սարգսյանին: Հայաստանի նկատմամբ արտահայտություններում զուսպ է նաեւ թուրքական մամուլը: Թերեւս դա պայմանավորված է նրանով, որ թուրքական պետական շրջանակները Հայաստանի հետ հարաբերություններին մոտենում են ազգային հարցի տեսանկյունից, իսկ թուրքական մամուլը, որն այս կարգի հարցերում սովորաբար կարգապահություն է դրսեւորում, արտացոլում է պետական շրջանակների մոտեցումները:

Հարկ է սակայն նշել, որ ինչպես Գյուլի, այնպես էլ Բաբաջանի ուղերձի ջերմությունը ամենեւին չի ենթադրում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության վերանայումը, ոչ էլ առաջադրվող նախապայմաններն են փոխվում: Սակայն ՀՀ նախագահին եւ արտգործնախարարին հասցեագրված ուղերձների հրապարակումը մամուլում այնուամենայնիվ նախադրյալներ է ստեղծում, որ Հայաստանի նկատմամբ բարելավվի թուրքական հասարակության կարծիքը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4