Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի կունենա շվեյցարացի նշանավոր հայասեր Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողի հանդիսավոր ամփոփումը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ, որին ներկա կլինեն նաեւ Կյունցլերի ժառանգները: Նա իր հայանպաստ գործունեությունը ծավալել է հիմնականում Ուրֆայից: Ավելի ուշՙ 1922 թվականին Կյունցլերը կազմակերպում է 8000 հայ որբերի ապահով տեղափոխումը Թուրքիայից Սիրիա եւ Լիբանան, Ղազիր բնակավայրում հիմնում է որբանոց, որտեղ ապաստան են գտնում 1400 դեռատի հայուհիներ: Կյունցլերը Բեյրութում եւս հայ որբեւայրիների համար հոսպիտալ է հիմնում, մի շարք որբախնամ հաստատությունների ստեղծմանն օժանդակում, առհասարակ` հայանպաստ գործունեություն ծավալում: Այսօր փաստորեն հայերի բարեկամներից եւս մեկ անուն հայտնի կդառնա հայ հասարակությանը: («Ազգը» դեռեւս անցյալ տարի ընդարձակ հոդված է հրապարակել այդ մեծ մարդասերի մասին): Երեկ այդ մասին պատմում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` իր ղեկավարած հաստատության աշխատանքի ներկայացմանը զուգահեռ: Ի դեպ, թանգարան-ինստիտուտը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հիշողության շաբաթ», այդ ընթացքում մեր երկրում եւ սփյուռքում գտնվող հայրենակիցներից թանգարան-ինստիտուտը նվիրատվության կարգով ընդունում է հիշատակարաններ, լուսանկարներ, փաստաթղթեր: Երեկ թանգարան այցելած «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության ղեկավար Ալբերտ Պապովը եւ «Հայ կազակների ընկերության» ղեկավար Նվեր Թորոսյանը մի քանի փաստաթուղթ նվիրեցին թանգարանին` փոքրիկ մի լրացում անելով թանգարանի հավաքածուում. ՀԿ-ի բարեկամ Կուբանի կազակներից Կրասնոդարի Կորենովսկի շրջանի ատաման Միխայիլ Տիմչենկոն արխիվներից գտել է 1914-15-16 թվականների «Կուբանսկի կազաչի վեստնիկ» թերթի համարները, որոնցում ցեղասպանությունը վկայող փաստեր կան: Հենց դրանք լրացրին թանգարանի հավաքածուն: Ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմի ճակատներից թղթակիցներն այդ թերթում գրում են, թե ինչ վայրագություններ են կատարել թուրքերը հայերի հանդեպ: Թղթակցություններից մեկը պատմում է, որ թուրքերը նահանջելիս, հայ կանանց եւ երեխաներին վառում էին թոնիրներում` տների վրա թողնելով ռուսներին ուղղված գրություն. «Խորովածՙ ռուսների համար»:
Հ. Դեմոյանը պատմեց թանգարան ինստիտուտում այժմ ընթացող աշխատանքների` նորությունների եւ բացահայտումների մասին: Իսկ առավել մեծ բլոկը թանգարանային ցուցադրության կազմակերպումն է: Դիզայներական խումբը կազմավորվել է: Հաջորդ ուղղությունը հավաքչական աշխատանքն է` վերապրողների բանավոր պատմությունների ձայնագրումը, ձեռագիր հիշատակարանների հավաքումը, դրանց ուսումնասիրումը եւ տպագրումը. «Մեր նպատակն է հնարավորինս ամբողջական հավաքել գրադարանը. նվիրատվության կարգով ՀՅԴ բյուրոյի գրադարանից ստացանք բավականին լուրջ խմբաքանակ հազվագյուտ հրատարակություններ, Մխիթարյան միաբանությունը մեզ տվեց այդպիսի գրականություն: Սրանց արժեքն այնքան մեծ է, որ մենք գայթակղությանը չդիմացանք եւ անմիջապես ցուցադրում ենք թանգարանում», հայտնեց Հ. Դեմոյանը:
Թանգարանում վերջին շրջանում երկու կարեւոր միջոցառում է իրականացվել` ստեղծվել է թանգարանի կայքէջըՙ www.genocide-museum.am, որի այցելուներն օրական կազմում են 500-600: Գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը տեղեկացրեց, որ մեկնարկած կայքէջն առայժմ միայն անգլերեն տարբերակով է, որը թանգարան-ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումն է ներկայացնում: Մինչեւ ամսվա վերջ կլինի նաեւ հայերենը, դրանից հետո` ռուսերենը, իսկ մինչեւ տարվա վերջ կգործարկվի թուրքերեն լեզվով կայքը: Այստեղ տեղադրված են ցեղասպանության մասին պատմական փաստեր, վերապրածների հուշեր, նորահայտ վկայություններ (վերջինը հրեա ականատեսի եւ Պոլսում շվեդ ռազմական կցորդի վկայություններն են): Թանգարան-ինստիտուտի գործունեությունը նույնպես արտացոլված է: Այս ամիս կայքը 12 հազար այցելու է ունեցել, ապրիլի 24-ին սպասվում է, որ նրանց թիվը կավելանա, բազմալեզվյան լինելը կնպաստի դրան:
Կայքէջում նաեւ էլեկտրոնային ցուցադրությունների կազմակերպում է ենթադրվում, այժմ երկու օնլայն ցուցադրություն կա` մահմեդականացման ենթարկված հայ կանանց մասին է պատմում մեկը, որտեղ լուսանկարային նյութը դասակարգված է. այսինքն` շրջանառության մեջ եղած լուսանկարների վավերականության աստիճանն է այստեղ մատնացույց արված, որպեսզի կեղծված լուսանկարները նյութ չտան թուրքական ժխտողականությանը. «Ոչ վավերական լուսանկարներից հրաժարվում ենք: Շնորհիվ կայքէջի դասդասման կարելի է ճիշտ ընտրություն կատարել լուսանկարները ներկայացնելու հարցում»: Առաջին անգամ թանգարանն իր կայքէջի մեջ վիրտուալ թանգարան է ներկայացնելու. ամեն ոք աշխարհի ցանկացած կետում կարող է վիրտուալ եռաչափ տարածքում շրջայց կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ բուն թանգարանի տարածքում:
Թանգարան-ինստիտուտը նաեւ գիտական հիմնարկ է, որտեղ զբաղվում են գիտական ուսումնասիրություններով եւ հրատարակություններով, դրանցից մի քանիսը ներկայացվեցին լրագրողներին: Ռուբինա Փիրումյանի «Իսկ նրանք, որոնք 1915-ից հետո շարունակեցին ապրել Թուրքիայում» գիրքն անդրադառնում է Թուրքիայում մնացած գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների տեքստային վերլուծությանը, թուրք քաղաքական գործիչ Հասան Ամջայի «Տեղահանություն եւ ոչնչացում» գիրքը թուրք ականատեսի վկայություն է: Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական գործիչ Տիգրան Հովհաննիսյանի հուշերը տպագրվել են առաջին անգամ: Նաեւ` Հայկ Դեմոյանի «ԼՂ հակամարտության լուսաբանումը արեւմտյան ԶԼՄ-ներում» աշխատանքն էր ներկայացված:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ