Երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին «Նահատակ ազգերի միջազգային դաշինքի» հիմնադիր ու համանախագահ Ավետիս Քալաջյանը, Երեւանի «Բոնտի» հունական ՀԿ-ի նախագահ Ֆրունտիկ Նիկոլայիտին, Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Կասպարյանը: Պրն Քալաջյանը տեղեկացրեց, որ ստեղծված դաշինքին միացել են հույները, եզդիները, ասորիները եւ պայքարելու են, որպեսզի Թուրքիան ընդունի ցեղասպանության փաստը, որ իրագործվել է ոչ միայն հայերի, այլեւ Պոնտոսի հույների, քրդերի, եզդիների ու ասորիների դեմ: «Նահատակ ազգերի միջազգային դաշինքը» նպատակ ունի 19-20-րդ դարերի բոլոր նահատակ ազգերին համախմբելու եւ ժողովրդական դիվանագիտության եւ լրատվական միջոցներով շարունակելու պայքարը, «որպեսզի մեր ազգերի ցեղասպանությունները ճանաչվեն, ընդունվեն եւ հատուցվեն թուրքական պետության կողմից», նշեց պրն Քալաջյանը: Արդեն իսկ մշակվել է գործունեության հատուկ ծրագիր, որի մեկնարկը կտրվի ապրիլի 24-ին` միասնական սգո երթով դեպի ցեղասպանության հուշակոթողՙ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Մայիսի 19-ին, օգոստոսի 7-ին միասնական սգո երթեր կկայանան հունական եւ ասորական ցեղասպանության հիշատակի օրերին: Կհրատարակվի գիրք` 70 նահատակ ազգերի ու թուրքերի կողմից ցեղասպանվածների մասին: Դաշինքի շարժման անդամները հասարակական շարժման միջոցով իրականացնելու են բոյկոտի ծրագրեր եւ կոչ են անում ու հորդորում չգնել թուրքական արտադրության ապրանքները, բոյկոտել զբոսաշրջությունը Թուրքիայի տարածքում, ընդհուպ Արեւմտյան Հայաստան, ուր որպես զբոսաշրջիկ է այցելում հայը, այլ ոչ թե սեփականատեր, նշում էր պրն Քալաջյանը:
Պատրաստվում են մի քանի ինտերնետային կայքէջեր եւ տարվելու է ինտերնետային արշավ, որով աշխարհին տեղեկացնելու են, թե ինչպես 35 տարիների ընթացքում թուրքերը 70 ազգերի ցեղասպանության ենթարկեցին: Իսկ շարժման կարեւոր նպատակն է լինելու երիտասարդ սերնդին ոտքի հանել ու հենց նրա միջոցով պայքարել արդարությունը վեր հանելու, Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստը ճանաչելու եւ հատուցում ստանալու խնդրում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ