«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2008-04-18 | #75, 2008-04-19 | #76, 2008-04-22


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸՙ 9 ՏՈԿՈՍ

Հուրախություն ոմանց, թիվն արդեն երկնիշ չէ

2008-ի հունվար-մարտին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9 տոկոս: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է ավելի քան 483 մլրդ դրամ: Առավել մեծ աճ արձանագրած ճյուղը դարձյալ շինարարությունն էՙ 22,5 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է ընդամենը 0,5 տոկոսով: Առանց էներգետիկայի, արդյունաբերության մեջ արձանագրվել է 1,7 տոկոս անկում: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5,9 տոկոսով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-մարտին գրեթե մնացել է անփոփոխՙ աճն այստեղ կազմել է ընդամենը 0,5 տոկոս: Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 10,8 տոկոս, իսկ մանրածախ առեւտրաշրջանառության աճը կազմել է 4,5 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 23,6 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 82 մլն դոլար: Արտահանման ծավալներն ավելացել են 1,5 տոկոսով եւ կազմել 234,7 մլն դոլար: Ներմուծումը կազմել է 848,2 մլն դոլար, աճելով 31,5 տոկոսով: Բացասական հաշվեկշիռը կազմել է 614 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մարտին կազմել է մոտ 86 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 109 հազար դրամ, բյուջետայինումՙ 60 հազար դրամ:

Եթե համեմատելու լինենք հունվար-մարտ ամսվա ցուցանիշները հունվար-փետրվարի հետ, ապա կտեսնենք, որ բացի շինարարությունից, մնացած բոլոր առումներով արձանագրվել է աճի տեմպերի նվազում: Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում, Հայաստանի տնտեսական երկնիշ աճը հեգնող ՀՀՇ-ական մամուլը շատ շուտով կարող է ուրախությամբ արձանագրել, որ այդպիսի աճ այլեւս չունենք: Եվ իսկապես, հունվար-մարտի ցուցանիշներով, մեր երկրի տնտեսական աճն այլեւս երկնիշ չէ: Հետընտրական ցնցումներն իրենց գործն արել են:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4