Եվրոպայի չորս չեմպիոն, 17 նվաճած մեդալ
Հայ ծանրորդների փայլուն հաղթանակով ավարտվեց իտալական Լիգնանո քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականներն իտալական մրցահարթակում ընդհանուր առմամբ նվաճեցին 17 մեդալ, որիցՙ 13 ոսկե, 3 արծաթե, մեկ բրոնզե: Մեդալների քանակով մեր ծանրորդները թիմային ընդհանուր հաշվարկով զբաղեցրին առաջին տեղը: Միավորների հաշվարկով թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականը գրավեցին 4-րդ տեղը: Դա հնարավորություն տվեց մեր կանանց հավաքականին Պեկինի օլիմպիադայում ներկայանալ մեկ մասնակցով: Տղամարդկանց թիմում օլիմպիական մրցահարթակ դուրս կգա 5 ծանրորդ:
Մելինե Դալուզյանից (63 կգ), Նազիկ Ավդալյանից (69 կգ) եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանից (69 կգ) հետո Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացավ նաեւ Տիգրան Վ. Մարտիրոսյանը: Մինչեւ 85 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Տիգրանը պարզապես հրաշալի ելույթ ունեցավ: Չեմպիոնի կոչման համար մրցավեճում հայ ծանրորդի գլխավոր հակառակորդը ռուսաստանցի Վասիլի Պոլովնիկովն էր: Առաջին վարժությունում թեեւ Մարտիրոսյանը միայն երկրորդ մոտեցմամբ հաղթահարեց պատվիրված 168 կգ նախնական քաշը, սակայն արժանացավ ոսկե մեդալի: Երրորդ մոտեցմամբ նա բարձրացրեց 172 կգ: Մինչդեռ Պոլովնիկովը բարձրացնելով 168 կգ, մյուս երկու մոտեցումների ժամանակ չկարողացավ հաղթահարել 171 կգ-անոց ծանրաձողը: Այսպիսով, արդեն պոկում վարժությունից հետո ռուս ծանրորդը հայտնվեց հետապնդողի դերում` 4 կգ-ով զիջելով Մարտիրոսյանին, որը նաեւ անձնական քաշով թեթեւ էր մրցակցից:
Հրում վարժությունը Տիգրանը սկսեց 200 կգ-ից, ապա նաեւ հաջող բարձրացրեց 205 կգ-անոց ծանրաձողը: Առաջին երկու մոտեցումների ժամանակ Պոլովնիկովը նույնպիսի արդյունք ցույց տալով, ստիպված էր 210 կգ պատվիրել: Սակայն այդ քաշը բարձրացնելը նրա ուժերից վեր էր: Տիգրանը երկամարտի 377 կգ արդյունքով ապահովեց չեմպիոնի տիտղոսը` հրաժարվելով 3-րդ մոտեցումից: Վասիլի Պոլովնիկովը 373 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի, իսկ բրոնզե մրցանակակիր դարձավ բուլղարացի Գեորգի Մարկովը` 362 կգ (167+195): Քաշային այս կարգում մեր մյուս մասնակից Վահրամ Գեւորգյանը պոկելով 150 կգ, հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել 192 կգ-ը եւ 0 ստացավ:
Չեմպիոնի կոչման համար համառ պայքար ծավալեց նաեւ Արա Խաչատրյանը (77 կգ), որը նախորդ տարի Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել` ոսկին զիջելով Գեւորգ Դավթյանին: Վերջինիս բացակայության պայմաններում Արայի հիմնական մրցակիցներն էին ռուսաստանցիներ Օլեգ Պերեպեչոնովը եւ Ալեքսեյ Յուֆկինը: Պոկում վարժությունում Արան նախ հաջողությամբ բարձրացրեց 160 կգ-ը, ապա միայն երրորդ մոտեցմամբ «սանձեց» 165 կգ-անոց ծանրաձողը: Պերեպեչոնովը 164 կգ արդյունք ցույց տվեց եւ հայ ծանրորդը այս վարժությունում ոսկե մեդալ նվաճեց:
Հրում վարժությունում Արան երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 198 կգ-ը եւ 196 կգ-ով ստիպված է բավարարվել բրոնզե մեդալով: Այստեղ լավագույնը Ալեքսեյ Յուֆկինն էր (200 կգ), որն արժանացավ ոսկե մեդալի: Արծաթը բաժին հասավ Օլեգ Պերեպեչոնովին (198 կգ): Այսպիսով, երկամարտում Արան ցույց տվեց 361 կգ արդյունք եւ ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նա ընդամենը մեկ կգ-ով զիջեց Օլեգ Պերեպեչոնովին: Բրոնզե մեդալակիր Ալեքսեյ Յուֆկինի ցուցանիշն է 355 կգ (155+200):
Հայաստանի մարզական պատվիրակությանը մեկ արծաթե մեդալ պարգեւեց Էդգար Գեւորգյանը (94 կգ), որը պոկում վարժությունում 176 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Հրում վարժությունում Էդգարը թույլ հանդես եկավ եւ 195 կգ-ով գրավեց ընդամենը 10-րդ տեղը: Երկամարտի 371 կգ արդյունքով Էդգար Գեւորգյանը գրավեց 5-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց լեհ ծանրորդ Սիմոն Կոլեցկին` 397 կգ (177+220): Երկրորդ տեղը գրավեց ռուսաստանցի Անդրեյ Դեմանովը` 385 կգ (172+213), բրոնզե մեդալակիր դարձավ մեկ այլ ռուսաստանցի` Մուհամատ Սոզաեւը, որը երկամարտում ցույց տվեց 384 կգ (174+210) արդյունք:
Հայ ծանրորդները չկարողացան լուրջ մրցակցություն ցույց տալ քաշային հաջորդ երկու կարգերում: Մինչեւ 105 կգ քաշային կարգում Արթուր Բաբայանը պոկում վարժությունում 171 կգ արդյունք ցույց տալով, հրումում չկարողացավ հաղթահարել նախնական 205 կգ քաշը եւ 0 ստացավ: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Դմիտրի Բերեստովը` 410 կգ (190+220): Արծաթե մեդալակիր դարձավ լիտվացի Ռամունաս Վիսնյաուսկասը` 405 կգ (185+220), իսկ բրոնզե մրցանակակիրը լեհ Ռոբերտ Դոլեգան էր` 395 կգ (177+218):
Գերծանր քաշային կարգում էլ Արտակ Մկրտչյանը համեստ արդյունք ցույց տվեց: Նա երկամարտի 360 կգ (160+200) արդյունքով 17 մասնակիցների մեջ գրավեց 13-րդ տեղը: Մայրցամաքի ուժեղագույն ծանրորդը լատվիացի Վիկտոր Շչերբատիխն է` 447 կգ (195+252): Երկրորդ տեղը գրավեց գերմանացի Մաթիաս Շտայները` 446 կգ (200+246), բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Եվգենի Չիգիշեւը` 442 կգ (195+247):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ