Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում ուշադրության կենտրոնում երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ փոխչեմպիոն «Բանանցի» մրցավեճն էր: Երկու թիմերն էլ ընթացիկ առաջնությունում աչքի չեն ընկնում արդյունավետ խաղով, առջեւի գծում հիմնախնդիրներ ունեն: Այդ խաղում էլ մրցակիցներին չհաջողվեց սպառնալ դարպասներին: Հանդիպումը հարուստ չէր գոլային պահերով: Միայն մեկ անգամ գրանցվեց դարպասի գրավում: Բախտը ժպտաց «Փյունիկին», երբ 33-րդ րոպեին աջ թեւից տուգանային հրապարակ կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Գեւորգ Ղազարյանը: Այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը: «Փյունիկը» երկրորդ հաղթանակը տոնեցՙ պահպանելով տեղն առաջատարների շարքում:
Ի տարբերություն վերը նշված թիմերի, «Արարատն» արդեն մեկնարկից աչքի է ընկնում արդյունավետությամբ: Առաջին խաղում արարատցիները 5 անպատասխան գնդակ էին խփել «Կիլիկիայի» դարպասը: Հերթական մրցակիցն «Ուլիսն» էր, որի նկատմամբ «Արարատն» առավելության էր հասել գավաթի քառորդ եզրափակիչում: Այս անգամ էլ «Ուլիսին» չհաջողվեց լրջորեն դիմադրել մրցակցին ու դարպասն անառիկ պահել: «Արարատի» կազմում կրկին իր բարձրության վրա էր բրազիլացի Մարկոսը, որն ի դեպ, արդեն իրավունք ունի հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում: Հենց նա էլ 20-րդ րոպեին դիպուկ հարվածով գրավեց դարպասը: 76-րդ րոպեին էլ Մարկոսի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը եւ վրա հասած Սարգիս Մովսիսյանը կրկնապատկեց հաշիվը: Հաղթելով 2-0 հաշվով, «Արարատն» ի հաշիվ խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերության, գլխավորում է աղյուսակը:
Երկրորդ հաղթանակը տոնեց նաեւ «Միկան»ՙ 3-0 հաշվով հյուրընկալվելիս պարտության մատնելով «Կիլիկիային»: Նախորդ երկու առաջնություններում այս թիմերի միջեւ կայացած բոլոր 8 խաղերում էլ հաղթել էին «Միկայի» ֆուտբոլիստները: Հերթական խաղում «Միկայից» աչքի ընկան Տիագոն եւ Նարեկ Բեգլարյանը: Վերջինս խփելով 2 գոլ, 3 գնդակով Մարկոսի հետ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը:
Գյումրիում «Շիրակը» հյուրընկալել էր «Գանձասարին»: Վերջինիս դեռեւս չի հաջողվել Գյումրիում հաջողության հասնել: Այս անգամ էլ դա հյուրերին չհաջողվեց: Ճիշտ է, 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Գանձասարի» ֆուտբոլիստ Արա Խաչատրյանը, սակայն նա գրավել էր սեփական դարպասը: Խաղի վերջին րոպեին շիրակցի Արարատ Հարությունյանը կրկնապատկեց հաշիվըՙ ամրապնդելով թիմի հաղթանակը: Ավելացված ժամանակում Լեանդրոն կրճատեց հաշվի տարբերությունը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Արարատ | 2 | 2 | 0 | 0 | 7-0 | 6 |
2. Միկա | 2 | 2 | 0 | 0 | 6-1 | 6 |
3. Փյունիկ | 2 | 2 | 0 | 0 | 2-0 | 6 |
4. Շիրակ | 2 | 1 | 0 | 1 | 3-4 | 3 |
5. Գանձասար | 2 | 0 | 1 | 1 | 1-2 | 1 |
6. Բանանց | 2 | 0 | 1 | 1 | 0-1 | 1 |
7. Ուլիս | 2 | 0 | 0 | 2 | 0-3 | 0 |
8. Կիլիկիա | 2 | 0 | 0 | 2 | 0-8 | 0 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 3 |
Նարեկ Բեգլարյան | «Միկա» | 3 |
Սարգիս Մովսիսյան | «Արարատ» | 2 |
Տիագո | «Միկա» | 2 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ