«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

Այս անգամ Ավստրիայի արտգործնախարար Փլասնիկի ներկայությամբ

Ապրիլի 21-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Փլասնիկը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպման ավարտին հրավիրվել է մամուլի համատեղ ասուլիս, ապա երկու նախարարները մասնակցել են «Թուրքիա-Ավստրիա հարեւանություն» թեմայով կլոր սեղանի բացմանը: Հատկանշական է, որ Փլասնիկ-Բաբաջան ասուլիսում եւ բացման ելույթներում երկու նախարարներն էլ անդրադարձել են Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների խնդրին:

«CNN-Turk»-ի տվյալներով, Բաբաջանը ելույթում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամություն է հայտնել, ապա եւ ասել է. «Թուրքիան հատկապես Հայաստանի նոր կազմավորված կառավարության հետ բաց է պահում երկխոսության դռները»: Ավստրիայի արտգործնախարարը նախ հիշեցրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. «Թուրքիայի հետ պատրաստ ենք երկխոսության», ապա ավելացրել է, որ Բաբաջանի խոսքերից ակնհայտ է դառնում Հայաստանի հետ երկխոսության Թուրքիայի պատրաստակամությունը:

Ինչ վերաբերում է մամուլի համատեղ ասուլիսին, ապա Բաբաջանն այնտեղ նշել է. «Հայաստանն անցկացրեց ընտրություններ, սակայն արդեն կազմավորվել է կառավարություն: Նշանակված է նաեւ նոր արտգործնախարար: Ես նշանակման օրը ողջույնի ուղերձով շնորհավորել եմ նրան եւ ուղերձում նշել եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար Թուրքիան պատրաստ է երկխոսության: Մենք Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ նախապատրաստական որոշակի քայլեր ենք կատարում, պատրաստ ենք այդ քայլերի մասին իրազեկել Հայաստանի նոր կառավարությանը եւ իրականացնել համատեղ: Այդ ամենի մասին տարբեր կանալներով արդեն իրազեկել էինք նրանց»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4