«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ՄՏՐԱԿ ՈՒ ՔԱՂՑՐԱՀԱՑ

Բնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ռուսական լրատվական մթնոլորտը հագեցած է Վրաստանով ու հատկապես Աբխազիայով եւ Հարավային Օսիայով: Կոսովոյի «միջադեպից» հետո ինքնակոչ երկու նախկին ինքնավարությունների հետ հաստատելով գրեթե «հյուպատոսական» հարաբերություններ, Մոսկվան ուժեղացրեց իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունն այդ սուբյեկտներում: Բայց արդյոք դա՞ էր միայն Ռուսաստանի նպատակը: Վերջինիս, անշուշտ, խիստ նյարդայնացնում են Վրաստանի համառ ձգտումները դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Բուխարեստում դա չհաջողվեց իրագործել Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով, որոնք գտնում են, որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ անդամագրվելու ռազմական դաշինքին: Իրականում հիշյալ երկրները պարզապես չուզեցին փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը կտրականապես դեմ է իր հարավային սահմանի մոտ տեսնելու նատոյական կոշիկներ: Ահա եւ, իր վերջին նախաձեռնություններով մի կողմից, իրոք, հզորացնելով իր ներկայությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, Ռուսաստանը դրանով միաժամանակ սադրում-հրահրում է Վրաստանին դիմելու «վճռական» գործողությունների: Վրացիները մեծացրել են իրենց զինվորների թվաքանակը սահմանի վրա եւ եթե իրենք չձեռնարկեն ռազմական բախումներ, կարող են ենթարկվել սադրանքի: Այլ պարագայում շաբաթ օրը աբխազները գուցե չխփեին վրացական հետախուզական անօդաչու ինքնաթիռը, բայց նոր պայմաններում... Բոլոր դեպքերում, ամեն մի «միջադեպ», ամեն մի ռազմական գործողություն կհարվածի առավելապես Վրաստանի դիրքերին ու շահերին: Այս տարածքային-էթնիկական բեռո՞վ եք դուք ուզում ընդունել ձեր շարքերը Վրաստանին, կչարախնդա Մոսկվան` դիմելով ՆԱՏՕ-ին:

Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանն այդուհանդերձ այնքան էլ միակողմանի չի գործում Վրաստանի հանդեպ: Անսպասելիորեն ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ պատրաստ է Թբիլիսիի հետ քննարկելու վիզայի հարցը թեթեւացնելու եւ վերացնելու, վրացական ապրանքները ռուսաստանյան շուկա վերադարձնելու խնդիրը: Եթե խոսքը չվերաբերեր մեծ քաղաքականությանը, կարելի էր մտածել. որ ռուսները պարզապես ձեռ են առնում վրացիներին: Մինչդեռ Կրեմլը աշխարհին «ցույց է տալիս», որ տեսեք, մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները վրացիների հետ, իսկ նրանք...Դեմագոգիա՞ է: Հնարավոր է: Բայց ինչ արած, դա էլ քաղաքականության բաղկացուցիչ մասն է:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը դատապարտեց Ռուսաստանի վերջին նախաձեռնությունները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ: Ռուսաստանի ներկայացուցիչը, նկատի ունենալով Կոսովոյի ճանաչումը, հայտարարեց, որ ամերիկացի դիվանագետը երկերեսանի է: Շահո՞ւմ է այս ամենից Վրաստանը: Դժվար է ասել:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4