Պայքարելու համար պահպանողական հզոր քարոզչական խմբավորումների դեմ Մ. Նահանգներում, ըստ Վաշինգտոնում BBC-News-ի թղթակից Մաքս Դիվսոնի, նոր հրեական լիբերալ քարոզչական խմբավորում է ստեղծվել «J. Street» անունով, որն ունենալու է իր «Քաղաքական միջոցառումների դրամահավաք կոմիտեն»: Նախաձեռնողն ու խմբավորման գործադիր տնօրենն է նախագահ Բիլ Քլինթոնի նախկին խորհրդական Ջերեմի Բեն Ամին, որի կարծիքով Մերձավոր Արեւելքում հակամարտության լավագույն լուծումը երկու պետությունների ստեղծումն է:
Վերջին տարիներին, գրում է հոդվածագիրը, Ամերիկայի իսրայելամետ քարոզչության դերը լուրջ վիճաբանությունների առիթ է դարձել: «Աիպակի» (Aipac- Ամերիկա-իսրայելական հասարակական գործերի կոմիտե) գործունեությունը խիստ քննադատվել է, որովհետեւ չի արտացոլում նրան հովանավորող մեծ թվով հրեաների լիբերալ կարծիքները: «Ջեյ-Սթրիթը» մտադիր է ուղղել այդ մոտեցումը, նորաստեղծ խմբավորման համոզմամբՙ «Աիպակի» գործունեությունը ոչ Ամերիկային է նպաստավոր, ոչ էլ Իսրայելին:
Ֆինանսական հագեցվածության առումով, անշուշտ, «Ջեյ-Սթրիթը» չի կարող մրցել «Աիպակի» հետ: Վերջինս ունի ավելի քան 100 մլն դոլարի (նվիրատվությունների միջոցով հավաքված) բյուջե, մինչդեռ «Ջեյ-Սթրիթը»ՙ ընդամենը 1,5 մլն դոլարի բյուջե: Նախորդը նաեւ ունի 100 հազարի հասնող անդամներ եւ 18 գրասենյակներ ամբողջ Մ. Նահանգների տարածքում: Բայց նորաստեղծ խմբի աջակիցները հավատացած են, որ շուտով իրենց ձայնն առավել լսելի կդառնա:
Մաքս Դիվսոնն այնուհետեւ հիշեցնում է, որ անցյալ տարի պահպանողական հրեաների հանդեպ նմանատիպ դժգոհության պատճառով Մեծ Բրիտանիայում եւս նոր հրեական խմբավորում էր ստեղծվել «Հրեական անկախ ձայն» անունով, որը հակադրվելու էր «Բրիտանական հրեաների պատգամավորների վարչության» գործունեությանը: Բայց նորաստեղծ այդ խմբավորումը քննադատության էր ենթարկվել «բավական անհստակ մոտեցումներ» ունենալու համար, որի հետեւանքով նրա առաջնորդներից Ռաբբի Դավիթ Գոլդբերգը հրաժարական էր տվել:
Այդ պատճառով է, երեւի, որ ամերիկյան նոր հրեական խմբավորումն առավել մեծ ուշադրություն է դարձնելու, ըստ հոդվածագրի, հանգանակությունների եւ ազդեցիկ քաղաքագետների վրա ազդեցություն գործելուն, եւ չի փորձելու հակադրվել մյուս քաղաքական խմբավորումներին: Գուցե նա շատ մեծ հաջողությունների չհասնի, բայց որոշակի հնչելիություն անպայման կունենա, եզրակացնում է Մաքս Դիվսոնը:
Հ. Ծ.