«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պրոֆեսիոնալները կարող էին ավելի շատ լինել, եթե ...

Հայաստանի Հանրապետության նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Արդեն այն պահից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ակնկալվում էր, որ նոր կառավարությունն էապես թարմացվելու է, առնվազն ֆինանսատնտեսական ոլորտում նշանակվելու են նորՙ բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող նախարարներ, որդեգրվելու է անհապաղ բարեփոխումների քաղաքականություն, որոնք զերծ են լինելու պոպուլիզմից եւ որոշ դեպքերում ու որոշ շերտերի համար լինելու են ցավոտ: Այժմ արդեն կարելի է ասել, որ նոր վարչապետը հիմնականում կարողացավ ձեւավորել իր համար նախընտրելի թիմ, որի հետ կարող է իրականացնել երկրի տնտեսական զարգացման ծրագրերը: Իհարկե, նոր կառավարության կազմում պրոֆեսիոնալներ ավելի շատ կլինեին, եթե վարչապետիՙ նախարարներ ընտրելու հնարավորությունը չսահմանափակվեր 4 քաղաքական ուժերի կոալիցիոն համաձայնությամբ: Այսինքն, եթե չլինեին քաղաքական ուժերի պարտադրած նշանակումներ եւ պատասխանատվությունը կառավարության աշխատանքի համար կրեին 1 կամ 2 քաղաքական ուժ: Ինչեւէ:

Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների նշանակումները դրական ընդունվեցին: Սեյրան Օհանյանը հայտնի է ոչ միայն որպես ղարաբաղյան պատերազմում աչքի ընկած զորահրամանատար, այլեւ որպես ռազմական բարձր կրթություն ունեցող նախարար: Այսինքն, որպես կադրային զինվորական, որն ունի զինվորական գործի տեսական գիտելիքներ, որոնք գործնականում կիրառել է պատերազմում:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես մասնագիտական կրթություն է ստացել, ունի դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձ, որից հատկապես հիշատակելի են նրաՙ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան աշխատած տարիները: Նոր արտգործնախարարի ամենակարեւոր արժանիքը նրա նախաձեռնող լինելն է, ինչը թերեւս նախորդ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավոր բացն էր:

Այժմ տնտեսական ոլորտը ներկայացնող նախարարների մասին: Դեռ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարության նոր նշանակումների մասին խոսելով, ամենահաճելի անակնկալը համարել էինք առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, բարձրակարգ մասնագետ Ներսես Երիցյանի նշանակումը: Էկոնոմիկայի (նախկին առեւտրի եւ տնտեսական զարգացման) նախարար նրա վերանշանակվելը կասկած չէր հարուցում, քանի որ Ներսես Երիցյանը մինչ այդ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ավագ խորհրդականն էր եւ համարվում է նրա թիմի սյուներից: Թիմ, որը իսկապես լուրջ հաջողություններ է ունեցել բանկային համակարգի կայացման եւ զարգացման ասպարեզում:

Ֆինանսների նախարար նշանակվեց Տիգրան Դավթյանը, որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենն էր, իսկ դրանից առաջՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը: Տիգրան Դավթյանը նույնպես իր գործում պրոֆեսիոնալ է եւ ամբողջությամբ տեղավորվում է Տիգրան Սարգսյանի թիմի տրամաբանության մեջ:

Նորանշանակ նախարարներից ամենից անհայտը տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն էր, որը ներկայացնում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Երբ վերեւում նշում էինք պարտադրված նշանակումների մասին, ապա նկատի ունեինք նաեւ այս նշանակումը: Գուրգեն Սարգսյանը ո՛չ տրանսպորտի, ո՛չ էլ կապի ու հեռահաղոդակցության մասնագետ է կամ ինչ-որ առնչություններ է ունեցել այդ ոլորտների հետ: Նախկինում նա աշխատել է արդարադատության նախարարությունում եւ այդ ոլորտի մասնագետ է: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այս նախարարի աշխատանքի արդյունավետությունը, բայց ցավալի է, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար այնպիսի կարեւորության ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը կամ կապը, նախարար է նշանակվում, կարելի է ասել, ոլորտում անփորձ մարդ:

Պահի թելադրանքով էր պայմանավորված նաեւ նորՙ արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծումը եւ «Օրինաց երկրի» հայտնի դեմքերից Մհեր Շահգելդյանին նախարար նշանակելը: Թեեւ վերջինիս քաղաքական դաշտում հաստատ պատահական մարդ համարել չի կարելի, այդուհանդերձ, այս նշանակումը նույնպես քաղաքական կոալիցիայի արդյունք էր:

Խոսելով քաղաքական իրավիճակով պայմանավորված նշանակումների մասին, նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Դաշնակցությունը ներկայացնող նախարարների վերանշանակումները այդպիսին էին: Նրանցից յուրաքանչյուրին անդրադարձել էինք Սերժ Սարգսյանի կառավարության կազմի մասինՙ մեր այն ժամանակվա հրապարակման մեջ: Ուստի չկրկնենք: Նշենք միայն, որ կոալիցիոն ուժերը ներկայացնող նախարարների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք որեւէ առնչություն չունեն իրենց ղեկավարած ոլորտների հետ ո՛չ կրթությամբ, ո՛չ որեւէ այլ առիթով եւ կարող էին փոխարինվել նոր սերնդի եւ կրթությամբ մարդկանցով:

Ինչ վերաբերում է իշխող գլխավոր ուժինՙ ՀՀԿ-ն ներկայացնող նախարարներին, ապա նրանցից իր ղեկավարած ոլորտում արձանագրած արդյունքներով եւ մասնագիտական պատրաստվածությամբ աչքի է ընկնում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որի վերանշանակումը սպասելի էր: Ամենատարօրինակը բնապահպանության նախարարի պաշտոնում Արամ Հարությունյանի վերանշանակումն էր, որը մինչ այդ ներկայացնելով «Օրինաց երկիրը», նշանակվեց քաղաքաշինության նախարար, ապա դուրս գալով այդ կուսակցությունիցՙ բնապահպանության նախարար: Տարօրինակ է, քանզի կառավարության կազմից թաքցրած դժգոհություն ունեցող հանրապետականները կարող էին այս պաշտոնում առաջարկել իրենց թեկնածուին: Արամ Հարությունյանի վերանշանակումը տարօրինակ էր նաեւ, որ չի կարելի խոսել նրա այս կամ նախկին պաշտոնում արձանագրած մեծ հաջողությունների կամ հմուտ կառավարման ունակության մասին:

Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի մատուցած ամենադրական անակնկալն այն էր, որ փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը չվերանշանակվեց այդ պաշտոններում: Թեեւ նա ընդհանրապես չհեռացվեց բարձրագույն իշխանությունից եւ չէր էլ կարող հեռացվել, քանզի նախընտրական շրջանում բավականին ակտիվորեն աջակցում էր Սերժ Սարգսյանին: Հովիկ Աբրահամյանը կղեկավարի նախագահի աշխատակազմը: Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չէր տեղավորվում Տիգրան Սարգսյանի բարեփոխումների թիմի մեջ եւ նրա առնվազն գործադիր կառավարումից հեռացնելը հրամայական պահանջ էր:

Մյուս կողմից սակայն Արմեն Գեւորգյանին փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար նշանակելը եւս միանշանակ չի ընկալվում, քանի որ վերջինս հասարակական ընկալմամբ ավելի շուտ բացասական, քան դրական վարկանիշ ունի: Հավանաբար, նրա նշանակումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ է եղել, որի աշխատակազմի ղեկավարն էր Արմեն Գեւորգյանը:

Վարչապետի տնտեսական քաղաքականության համար կարեւորագույն նշանակություն ունեցող բնագավառներն են հարկային եւ մաքսային համակարգերը, ինչի մասին Տիգրան Սարգսյանն ասաց իր առաջին հրապարակային ելույթում: Այստեղ վաղուց արդեն անհրաժեշտություն է դարձել երկու կառույցների միավորումն ու տեղեկությունների միասնականացումը եւ այդ միավորված կառույցի ղեկավարումը ոլորտին քաջատեղյակ եւ բարեփոխումներ իրականացնելու համար վճռական անձնավորության կողմից: Հարկային ծառայության ներկայիս ղեկավար Վահրամ Բարսեղյանը, թվում է, կարող է այդպիսին համարվել: Սակայն դեռեւս հայտնի չէՙ կմիավորվե՞ն հարկայինն ու մաքսայինը, որքան էլ խոսվում է դրա հավանականության մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4