«Ազգ»-ում կարդացի «Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան Մեծն Բրիտանիոյ շրջանի վարիչ մարմին»-իՙ խմբագրությանը հղված նամակը (02.03.2008), որտեղ դժգոհություն էր արտահայտվում լրագրի 27.03.2008 թ. համարում տպագրված «Հերոս մռնչեց, սուլթան դողդողաց: Հնչակների վերջնագիրը ռուսաց թագավորին» հոդվածի հեգնական վերաբերմունքի առնչությամբ: «Ազգ»-ին չէ, որ ուզում եմ պաշտպանել (նա դրա կարիքը չունի), սովորական, անկուսակցական ընթերցող եմ, բայց նամակի կապակցությամբ տարակուսանքս չհայտնել չեմ կարող:
Քանի որ գրությունն ստորագրել է հավաքական մարմին, ոչ կոնկրետ անձՙ պարզապես դիմեմ հնչակյան հավաքականությանը:
Հարգարժան պարոնայք ազգակիցներ, ձեր նամակում կան հետեւյալ տողերը. « ...կոչ կընենք մեր մամուլին` Հայաստանէն մինչեւ Սփիւռք, պահպանել ազգային միասնականութիւնը, օգնել իրարու, որպէսզի հայ ժողովուրդը երկփեղկման փորձութենէն նուազագոյն վնասով դուրս գայ »: Հայ ժողովուրդ ասելով ի՞նչ նկատի ունեք. եթե Հայաստանի ժողովուրդը, ապա նա ամենեւին էլ երկփեղկված չէ, նա փեղկփեղկված է, ինչպես, ի դեպ, աշխարհասփյուռ հայությունը: Երկփեղկումՙ նշանակում է գրեթե երկու հավասար մասերի բաժանում, ինչի՞ հիման վրա եք այդպիսի եզրակացության հանգել. Հայաստանում ձեր գործունեությա՞ն, բրիտանական, ամերիկյան մամուլի հրապարակումների՞, զանազան եվրոպական հանձնախմբերի զեկույցների՞: Իսկ չե՞ք կարծում, որ այդ ամենը ծրագրված եւ իրականացված էր մեր երկրի դեմՙ ինչ-ինչ նպատակների հասնելու համար նրան հնազանդ գործիք դարձնելու միջոցով: Այդ ծրագրի բաղադրյալն է երկփեղկում բառը, ինչը դուք գործածում եք:
Հայաստանյան ժողովուրդը ընտրությունը կատարել է, մեծամասնությունն ընտրել է նախագահ եւ հիմա փեղկփեղկված է իր առտնին հազարումի հոգսերի, մտածմունքների մեջ, ինչպես հիմա, այնպես էլ միշտ:
Ազգային միասնականության կոչ եք անումՙ ինքներդ դրա օրինակը ցույց տվեք: Փառահեղ պատմությամբ ձեր կուսակցությունը թող դաշնակների ու ռամկավարների նման մեր երկրի մատից փուշ հաներ, այլ ոչ թե փեղկփեղկումը ձգտեր վերածել երկփեղկման: Իհարկե, դա ձեր որոշելիքն է, բայց կուզենայի պարզապես փաստելՙ հայության իղձերի իրականացման ուղին անցնելու է Հայաստանի Հանրապետությամբ:
Պատվարժան ազգակիցներ, մեկ հարցում հայցում եմ ձեր աջակցությունը: Գ. Տերտերյանը « Դիտարկումներ ընտրական եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ » հոդվածում ( «Հանրապետական» ամսագիր, թ.3, 2008 թ. ) գրում է. « ՀՀ-ի պարագայում կան անուղղակի վկայություններն այն բանի, որ կատարվածը գլխավորապես ծրագրվել է Մեծ Բրիտանիայում (ընդգծ. իմն է- Խ. Դ.), կան նաեւ կարծիքներ այլՙ ոչ եվրոպական երկրների մասնակցության մասին: Այս ամենի առիթով նկատենք, որ այսօր Արեւմուտքում կատարվում եւ հրապարակվում են բազմաթիվ հետազոտություններ, որոնց նպատակն է վերլուծել եւ բացահայտել այս կամ այն երկրում հեղափոխություններ կատարելու համար անհրաժեշտ նախադրյալները եւ պայմանները: Այսինքնՙ ձեւավորվել է գիտական մի նոր ուղղություն, որը պայմանականորեն կարելի է անվանել «հեղափոխագիտություն »: Դուք ՍԴՀԿ Մեծն Բրիտանիո շրջանի վարիչ մարմինն եք, օգնեք, խնդրեմ, պարզելՙ Հայաստանում կատարվածը իրո՞ք ծրագրվել է Անգլիայում, թեՙ ոչ:
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ