Գաղտնիք չէ, որ տեւական ժամանակահատված (շատերի կարծիքով` 1915 թվականի Եղեռնից հետո) հոգեկան ընկճվածություն` դեպրեսիա ենք ապրում ազգովին: Անգամ մեր օրերում քաղաքական ու տնտեսական իրադարձությունների համար անուղղակիորեն պատասխանատու հասարակության հիմնական մասը հիասթափության ու դեպրեսիվ հոգեբանական ախտանշաններով է տառապում, գիտակցելով ու հանդուրժելով իր տխուր վիճակը: Ով հասկացավ դրա հետագա վտանգավորության աստիճանը` հոգեբանական ընկճվածությունից խուսափելու ելքեր որոնեց ու գտավ, ով` ոչ, առաջ քաշեց «հո գի՞ժ չեմ, որ հոգեբանին դիմեմ», թող ներվի ասել` «ջայլամային» մտածողությունն ու բավարարվեց հարեւան-բարեկամ-կրպակի վաճառող շրջանակներում «սիրտը թեթեւացնելով»: Բնականաբար, վերջին` «կիսվելու» գործունեության արդյունքը դատապարտված էր, դրա համար էլ մեր շրջապատում տեսնում ենք տարատեսակ նեւրոզներով ու հոգեմարմնական հիվանդություններով ծանրաբեռնված մարդկանց: Մարդիկ, ովքեր կամ պետք է դիմեն հոգեբանին, կամ ապրեն իրենց կպչուն մտքերի ու հոգեկան տրավմատիկ վիճակին համապատասխան:
Ինչքան էլ տեսնում ենք սեփական բարդույթների սարդոստայնում խճճված մարդկանց, ամեն բան այնքան էլ մտահոգիչ չէ: Ելնելով վաղուց աշխարհում կիրառվող պրակտիկայից, հայ հոգեբանները եւս առաջին անգամ փորձում են մեր հանրություն բերել հոգեամոքման պրոֆեսիոնալ միջոցներ, որոնցից մեկն էլ ձայնասկավառակի հրատարակումն է: Առաջին հայալեզու ձայնասկավառակի հեղինակներն են հոգեբանական գիտությունների թեկնածու Սամվել Խուդոյանը, հոգեբաններ Նունե Մանուչարյանը եւ Սիրինա Առաքելյանը (նա զրուցակցիս կինն է), որոնք «Գալաթեա Մեդ» գեղագիտական բժշկության կենտրոնի եւ Քրիստինե Այունցի (ԱՄՆ) հովանավորմամբ ստեղծել են «Հոգեամոքում ընկճվածության, հոգեմետ խոսք եւ երաժշտություն» անունով ձայնասկավառակը` մոտ մեկ ժամանոց ձայնագրությամբ: Ձայնասկավառակը կնոջ կամ տղամարդու ձայնի եւ երաժշտության համադրություն է, որ արված է հոգեբանների մասնագիտական գիտելիքներին համապատասխան: «Սա համաշխարհային պրակտիկայում ընդունված է որպես հոգեբանական օգնության եղանակ: Ինչպես օժանդակող դեղորայքի արտադրությունը, այնպես էլ ինքնաամոքման եւ ինքնաուսուցման համար նախատեսված տարբեր ձայնասկավառակներ կան, որոնք սովորաբար պատրաստում են հիպնոսի մասնագետները: Ձայնն ու երաժշտությունը յուրահատուկ պայմանական ռեֆլեքս են եւ բավական արագ հանում են տագնապ ունեցող մարդկանց սթրեսային վիճակից: Հիմքն այստեղ նոր գաղափարների, կյանքին եւ երեւույթներին այլ տեսանկյունից դիտելու ներշնչանքն է: Ձայնասկավառակի օգնությամբ մարդը հասկանում է, որ հուսահատությունն այնքան էլ տեղին չէ», ասում է Սամվել Խուդոյանը: Նա պատմում է, որ CD-ն լույս է տեսել 2006-2007 թթ.` 500 օրինակով:
«Եթե մարդը տագնապի, վախի կամ տխրության բռնկում ունի, կարող է կամ գնալ պսիխոթերապեւտի մոտ, կամ` դեղ խմել, կամ` դիմել CD-ի օգնությանը, ասում է հոգեբանը: Նմանատիպ CD-ները կարող են նպաստել տարբեր խնդիրների լուծմանը` նիհարելու, ծխելու, խմիչքի, այլ կախվածությունների, սիրտ-անոթային համակարգի պրոբլեմների, առողջության, երկարակեցության ծրագրավորման: Նման ձայնասկավառակների արդյունավետությունը կախված չէ լսողի դիրքորոշումից: Նա, ով հակված է հավատալու, նրան օգնում է, բայց հաճախ կասկածամտորեն վերաբերվողին էլ է օգնում: Իսկ հատկապես «հոգեբանացած», այսինքնՙ իրենց պրոբլեմների հիմքը հոգեբանական դաշտում փնտրողներին շատ-շատ է օգնում եւ կարող է նույնիսկ բուժական ազդեցություն ունենալ նրանց վրա, նշում է զրուցակիցս եւ տեղեկացնում, որ նախատեսում են հաջորդ CD-ն սրտի հիվանդություն ունեցողների, հատկապես ինֆարկտ տարած մարդկանց համար պատրաստել»: Նպատակն է` օգնել հաղթահարելու դեպրեսիան, մահվան տագնապը, բացասական դիրքորոշումը ու հուսահատությունը, ինչպես նաեւ մարմնի վրա ազդելու` սրտի աշխատանքը կարգավորելու համար: «Ե՞րբ պատրաստ կլինի CD-ն» հարցին Սամվել Խուդոյանը կոնկրետ ժամանակ չի նշում` հովանավորներ եւ օգնական աշխատողներ են պետք: Իսկ որ նման ձայնասկավառակներին շատերն են սպասում, փաստ է:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ