Այսօր, երբ կառավարությունը գտնվում է ձեւավորման փուլում, քաղաքական դաշտում ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ կառավարության կազմում պետք է լինի սփյուռքի խնդիրներով զբաղվող առանձին կառույց (նախարարություն): Ժամանակը ցույց կտա, թե որքանով արդյունավետ կլինի ստեղծվելիք այդ նոր կառույցը, սակայն ցանկանում ենք նշել, որ դա առաջին կառույցը չէ, որ համակարգելու է Հայաստան-սփյուռք կապերը: Խորհրդային Հայաստանում գործել են նմանատիպ կառույցներ, որոնց գործունեությունն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ: Իսկ թե ինչի շնորհիվ է եղել արդյունավետ, կարող ենք իմանալ հետադարձ հայացք նետելով Հայաստան-սփյուռք կապերի խորհրդային ժամանակաշրջանի պատմությանը:
1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Ցեղասպանությունից կարճ ժամանակ անց իր ծնունդն ավետեց եւ 2 տարի անց իր «մահկանացուն» կնքեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որին հաջորդեց Խորհրդային Հայաստանը:
Այսպիսին էր իրավիճակը, երբ սկսեցին ձեւավորվել Հայաստան-սփյուռք կապերը: Այդ կապերի պատմությունը կարելի է բաժանել մի քանի փուլերի.
I. Հայաստան-սփյուռք կապերի պատմության առաջին փուլ` 1921-1937 թթ.:
Հայաստան-սփյուռք կապերն առավել արդյունավետ դարձնելու համար Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն ընտրեց այդ աշխատանքների (կապերի ստեղծման) կազմակերպման հետեւյալ սկզբունքը (համակարգված մոտեցումը).
1. վերլուծել հանրապետությունում առկա իրավիճակը եւ տալ (նշել) հայ հասարակության զարգացման ուղղությունները,
2. ելնելով առկա իրավիճակից` ընտրել կոնկրետ նպատակ,
3. նպատակին հասնելու համար մշակել ծրագրային համապատասխան կետեր,
4. այդ կետերի իրականացման համար ստեղծել համապատասխան մարմին:
Անդրադառնալով 1-ին կետին նշենք, որ այդ ժամանակ Խորհրդային Հայաստանը գտնվում էր շատ ծանր իրավիճակում. ծայրահեղ վատ պայմաններում ապրող տեղաբնակներին միացել էին Արեւմտյան Հայաստանից գաղթած անօթեւան եւ սովյալ գաղթականները: Միաժամանակ, անդրադառնալով հասարակության զարգացման ուղղությանը, նշենք, որ Խորհրդային Հայաստանում այդ ժամանակ «տիրում» էր բոլշեւիկյան միակուսակցական համակարգ (բացառվում էր այլ քաղաքական ուժի, այդ թվում եւ սփյուռքահայ, ներկայությունը) եւ կառուցվում էր սոցիալիզմ (բացառվում էր մասնավոր, այդ թվում եւ սփյուռքի, տնտեսական կապիտալի առկայությունը ՀԽՍՀ-ում):
Այսպիսով, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը վերլուծելով հանրապետությունում առկա իրավիճակը եւ գիտակցելով հայ հասարակության զարգացման ուղղությունը, ընտրեց Հայաստան-սփյուռք կապերի զարգացման իր համար գերադասելի (ճիշտ) նպատակը` սփյուռքի տնտեսական օգնությունը Հայաստանին:
Երբ հստակեցվեց նպատակը, ՀԽՍՀ ղեկավարությունն ընտրեց այն ոլորտները, որոնք առավել արդյունավետ կդարձնեին այդ օգնությունը.
1. բնակարանաշինություն (անհրաժեշտ էր անօթեւաններին ապահովել բնակարաններով),
2. գյուղատնտեսություն (անհրաժեշտ էր սովյալներին ապահովել պարենամթերքով),
3. կրթամշակութային (զարգացած հասարակություն ունենալու համար անհրաժեշտ են կրթված մասնագետներ),
4. առողջապահություն (զարգացած հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է նաեւ առողջ սերունդ),
5. ներգաղթի կազմակերպում (վերջինիս ընտրությունը բացատրվում էր Խորհրդային Հայաստանի ժողովրդագրական բացասական պատկերի առկայությամբ):
Միայն վերլուծական այդ աշխատանքներից հետո Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը հիմնեց այն մարմինը, որն իրականացնելու էր Հայաստան-սփյուռք կապերի վերոնշյալ կետերը: Այդ մարմինն էր Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ), որի առաջին նախագահ ընտրվեց Հովհաննես Թումանյանը, մարդ, որ իր էությամբ մեծ վստահություն էր ներշնչում թե՛ ՀԽՍՀ եւ թե՛ սփյուռքահայ հասարակությանը: Նախագահի անձի ընտրությունը պատահական չէր: Այդ քայլով Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ընդգծեց այն կարեւոր դերը, որ ունեին Հայաստան-սփյուռք կապերն իր համար: ՀՕԿ-ի հիմնադիր անդամներ դարձան Խորհրդային Հայաստանի հանրաճանաչ եւ հեղինակավոր գործիչները, մասնավորապես` Պողոս Մակինցյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Արտաշես Կարինյանը, Սաքո Համբարձումյանը, Մանուկ Աբեղյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Մալխասյանը, Ռոմանոս Մելիքյանը, Մարտիրոս Սարյանը, եւ այլք:
Համառոտակի անդրադառնանք սփյուռքի իրականացրած օգնությանը:
Բնակարանաշինություն: Սփյուռքի օգնությամբ Հայաստանում կառուցվեցին Նոր Մալաթիա, Նոր Սեբաստիա, Նոր Արաբկիր, Նոր Բութանիա, Նոր Խարբերդ եւ այլ ավաններ ու առանձին շենքեր: Հատկապես զգալի էր սփյուռքի օգնությունը Լենինականի 1926 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ:
Գյուղատնտեսություն: Սփյուռքի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում, մասնավորապես Արարատյան դաշտավայրում, կատարվեցին ճահիճների չորացման աշխատանքներ: Սփյուռքահայերի օգնությամբ գնվեցին բազմաթիվ եւ բազմապիսի գյուղատնտեսական մեքենասարքավորումներ եւ այլն:
Կրթամշակութային ծրագրեր: 1920-ական թթ. սկզբներին բավականին ծանր իրավիճակում էր գտնվում նաեւ այս բնագավառը, մասնավորապես դպրոցները զուրկ էին գրեթե ամեն ինչից: Այդ իսկ պատճառով 1922 թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը պատրաստեց «Հայաստանում դպրոցների վիճակը եւ դրանց կարիքները» վերնագրով ժողովածու եւ ուղարկեց սփյուռք: Նախաձեռնությունը զուր չանցավ: Ընդհուպ 1930-ական թթ. կեսերը Հայաստանի կրթական հաստատությունները` դպրոցները, համալսարանը եւ այլն, սփյուռքից ստացան ինչպես գույք, այնպես էլ գրքային հարուստ ֆոնդ:
Չերկարացնելու համար նշենք, որ օգնություն ստացավ նաեւ առողջապահության բնագավառը:
Ցանկանում ենք հատուկ շեշտել, որ սփյուռքից ստացված օգնության բաշխման հարցը գտնվում էր Խորհրդային Հայաստանի ղեկավարության եւ ՀՕԿ-ի խիստ վերահսկողության ներքո: ՀՕԿ-ի համագումարների ժամանակ համապատասխան զեկուցումներով հանդես էին գալիս վերստուգիչ հանձնաժողովի անդամները, ովքեր ներկայացնում էին ինչպես ստացված, այնպես էլ բաշխված օգնության պատկերը: Իսկ այդպիսի համագումարներ անցկացվում էին բավականին հաճախ: Մասնավորապես Հայաստան-սփյուռք առաջին համագումարը տեղի է ունեցել ոչ թե 1999 թ. սեպտեմբերին, ինչպես շատերն են նշում, այլ 1922 թ. ամռանը: Համագումարին մասնակցել է 68 պատվիրակ:
Ցանկանում ենք ավելացնել, որ Հայաստան-սփյուռք` 1921-1937 թթ. կապերի կարեւորագույն կետերից էր նաեւ ներգաղթի հարցը: Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը ցեղասպանության եւ դրան հաջորդած տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ունեցել էր մարդկային զգալի կորուստներ, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը կազմակերպեց սփյուռքահայերի ներգաղթ, 1921-1937 թթ. Հայաստան ներգաղթեց մոտ 40.000 մարդ:
Սակայն, Հայաստան-սփյուռք կապերի վերելքը կասեցվեց 1937-ին, երբ Խորհրդային Միությունում, այդ թվում նաեւ Խորհրդային Հայաստանում, ծայր առան ստալինյան բռնությունները, որոնց զոհ գնացին ինչպես ՀՕԿ-ի զգալի թվով անդամներ, այնպես էլ բազմաթիվ ներգաղթած սփյուռքահայեր: Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ լուծարվեց ՀՕԿ-ը: Մինչ այդ լուծարվել էր ՀԲԸ Միության ներկայացուցչությունը Երեւանում, տնօրենը գնդակահարվել, իսկ մյուս աշխատակիցները` աքսորվել: Հայաստան-սփյուռք կապերը ամբողջովին խզվեցին:
1941 թ. սկսված Հայրենական մեծ պատերազմը ստիպեց ԽՍՀՄ ղեկավար Ստալինին մեղմացնել ազգային-կրոնական հարցերի նկատմամբ ունեցած իր կարծր դիրքը: Այդ մեղմացումը նպաստեց Հայաստան-սփյուռք կապերի վերականգնմանը:
II. Հայաստան-սփյուռք կապերի պատմության երկրորդ փուլ` 1945-1990 թթ.:
Այս փուլում եւս Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը Հայաստան-սփյուռք կապերն առավել արդյունավետ դարձնելու համար կրկին ընտրեց այդ աշխատանքների (կապերի ստեղծման) կազմակերպման նույն` I փուլի սկզբունքը.
Անդրադառնալով այդ 4 կետերից յուրաքանչյուրին` նշենք.
1. ա) Խորհրդային Հայաստանի տնտեսական դրությունը 1920-ական թթ. սկզբների հետ համեմատած այդ ժամանակ բարվոք էր,
բ) Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գաղափարախոսական երկու ճամբարների (կապիտալիզմ եւ սոցիալիզմ) միջեւ սկսվել էր սառը պատերազմ եւ հակառակորդի` կապիտալիզմի (իսկ սփյուռքահայերը հիմնականում բնակվում էին այդ ճամբարում` ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան եւ այլն) ճամբարից օգնություն ստանալը հակասում էր ԽՍՀՄ գաղափարախոսությանը: Վերոնշյալի ապացույցն է նաեւ այն փաստը, որ պատերազմի ավարտից հետո Խորհրդային Միությունը հրաժարվեց Մարշալի հանրահայտ ծրագրից:
2. Վերոնշյալ պատճառով ՀԽՍՀ ղեկավարությունը չէր կարող Հայաստան-սփյուռք կապերի հիմքում դնել օգնության խնդիրը, չնայած որոշակի օգնության կարիք զգում էր:
Հայաստան-սփյուռք կապերի նպատակը կարող էր լինել Խորհրդային Միության մաս կազմող Խորհրդային Հայաստանի ազդեցության տարածումը սփյուռքի վրա: Դա իրականացնելու համար պետք է պրոպագանդվեին Խորհրդային Հայաստանի նվաճումները: Այդ պրոպագանդան անուղղակիորեն պետք է գովերգեր սոցիալիզմը, քանզի Խորհրդային Հայաստանի նվաճումները իրականցվել եւ իրականացվում էին սոցիալիզմի ժամանակ: Ազդեցության տարածման այդ գործընթացը, ինքնին, մեծապես նպաստելու էր սփյուռքի հայապահպանությանը, քանզի ԽՍՀՄ-ը շահագրգռված էր, որպեսզի հնարավորինս թվով շատ հայեր լինեին Խորհրդային Հայաստանի, այսինքն` Խորհրդային Միության «ջերմ բարեկամներ»: Այսպիսով, Հայաստան-սփյուռք կապերի այս փուլի նպատակը դարձավ սփյուռքի հայապահպանությունը եւ Խորհրդային Հայաստանի պրոպագանդան:
Նպատակի ընտրությունից հետո անհրաժեշտություն ծագեց ավելի լայն եւ հստակ պատկերացում կազմել սփյուռքի մասին: 1945-ի հոկտեմբերին ՀԽՍՀ արտգործժողկոմատը կազմեց տեղեկանք հայկական 29 համայնքի վերաբերյալ: Տարիների ընթացքում հարստացվում էին սփյուռքի վերաբերյալ եղած տեղեկությունները:
3. Ստեղծված իրավիճակում հայապահպանությունն ապահովելու համար առաջացել էր կարիք` իրականացնելու բազմաթիվ եւ բազմապիսի աշխատանքներ, մասնավորապես, ծրագրվում էր սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումը Հայաստանի պիոներական ճամբարներում, Հայաստանի տարբեր բուհերում սփյուռքահայ ուսանողների ուսման կազմակերպում, թերթերի, ամսագրերի, գրքերի, ֆիլմերի առաքում սփյուռք, Հայաստանում եւ սփյուռքում ցուցահանդեսների կազմակերպում, ստեղծագործական միությունների համագումարներին սփյուռքահայ ներկայացուցիչների հրավիրում, սփյուռքահայ եւ հայաստանցի երիտասարդների ամառային հանգստի համատեղ կազմակերպում, Համահայկական օլիմպիադայի աշխատանքների նախաձեռնում եւ այլն:
4. Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով էլ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը 1944 -ի սեպտեմբերի 12-ին հիմնեց Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ), իսկ 1964-ի մայիսի 26-ին` Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն (ԱՕԿՍ-ը Հայաստան-սփյուռք կապերից բացի զբաղվում էր նաեւ այլ գործառույթներով):
Հայաստան-սփյուռք կապերի 2-րդ փուլի վերելքի բարձրակետն էր 1980-ի նոյեմբերի վերջին Երեւանում անցկացված Հայաստան-սփյուռք համաժողովը: Դրան մասնակցում էին տասնյակ պատվիրակներ բազմաթիվ երկրներից, ինչպես նաեւ Վազգեն I կաթողիկոսը, մարշալ Բաղրամյանը եւ այլք:
Այդ օրերին ՀԽՍՀ իշխանությունների որոշմամբ սփյուռքահայ գործիչների համար սահմանվեցին մրցանակներ, մասնավորապես` «Խաղաղության եւ Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման օգտին ակտիվ գործունեության համար» (հետմահու տրվեց Վ. Սարոյանին), գրողների եւ ժուռնալիստների միության մրցանակ հանձնվեց լիբանանահայ բանաստեղծ Գառնիկ Ադդարյանին, լուսավորության նախարարության Մ. Մաշտոցի անվան մրցանակ ստացավ բանաստեղծ Վահե-Վահյանը, Գիտությունների ակադեմիայի Անանիա Շիրակացու մրցանակ ստացավ Սիրարփի Տեր-Ներսիսյանը, Կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակ ստացավ Համբարձում Բերբերյանը, Նկարիչների միության Մ. Սարյանի անվան մրցանակ` ֆրանսահայ գեղանկարիչ Գառնիկ Զուլումյանը (Գառզու), մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակ ստացավ Նյու Յորքի Մետրոպոլիտենի օպերայի աստղերից մեկը` Լիլի Չուքասզյանը:
Հաջորդ` 1981-ի սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Երեւանում առաջին անգամ գումարվեց Հայաստան-սփյուռք մամուլի ներկայացուցիչների սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցեցին 7 երկրից ժամանած 15 ներկայացուցիչ (թերթերից եւ ամսագրերից):
1985-ին նախատեսված էր Երեւանում անցկացնել սփյուռքի գեղարվեստաթատերական խմբերի (համույթների) փառատոն (ներկայիս «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրի նախակարապետը):
Հայաստան-սփյուռք կապերի 2-րդ փուլի լավագույն դրսեւորումն էր արցախյան շարժմանը եւ Սպիտակի երկրաշարժին հաջորդած տարիներին սփյուռքի, որպես մեկ հավաքականության, ցուցաբերած օգնությունը:
Այսպիսով, նաեւ Խորհրդային Հայաստանի համառ ջանքերի շնորհիվ սփյուռքն ավելի քան 40 տարի «հայ մնաց»:
III. Հայաստան-սփյուռք կապերի պատմության երրորդ փուլ` 1990-1998 թթ.:
1990 թ. Հայաստանը մուտք գործեց անկախության մայրուղի: Թվում էր, թե ՀՀ նոր իշխանությունները, հաշվի առնելով նախորդ տասնամյակների դրական փորձը, նոր մակարդակի կբարձրացնեին Հայաստան-սփյուռք կապերը, սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան:
ՀՀ նոր իշխանությունները հստակորեն ընդգծեցին իրենց գաղափարախոսությունը, այն է` Հայաստանը միայն հայաստանցիների հայրենիքն է: Այդ իշխանությունների ե՛ւ արտաքին (մասնավորապես` «ջերմագին» փոխհարաբերությունների նախաձեռնում Թուրքիայի հետ, երկիր, որի իրականացրած ցեղասպանության պատճառով հայության մեծ մասը բռնի արտագաղթեց իր հայրենիքի մի զգալի մասից, որի հետեւանքով էլ առաջացավ սփյուռքը), ե՛ւ ներքին (մասնավորապես` սեփականաշնորհման բնագավառում սփյուռքահայ կապիտալի գիտակցված անտեսում, սփյուռքահայության ջանքերով կառուցված եւ պետությանը նվիրատված օբյեկտների փոշիացում, ինչպես Լենինականի մթերային սառնարանը, Նոր Այնթապի ժանյակի գործարանը եւ այլն) քաղաքականությունը անտեսանելի պատնեշ կառուցեց Հայաստան-սփյուռք կապերի միջեւ: Երեւի շատերն են հիշում այնօրյա իշխանությունների արտահայտությունը. սփյուռքահայերը Աթենքում նարինջ ուտողներ են: Բնականաբար, այդպիսի պայմաններում հնարավոր չէր խոսել Հայաստան-սփյուռք արդյունավետ կապերի մասին:
IV. Հայաստան-սփյուռք կապերի պատմության չորրորդ փուլ` 1998-2008 թթ.
1998-ին իշխանափոխությունից հետո Հայաստան-սփյուռք կապերի էությունը փոխվեց, բայց մասնակիորեն: Սկսվեցին իրականացվել տարատեսակ միջոցառումներ, որոնք հիմնականում Հայաստան-սփյուռք կապերի 2-րդ փուլի ժամանակ իրականացված միջոցառումների կրկնությունն էին: Սակայն, մեր կարծիքով, դրանք սակավ արդյունավետություն ունեցան, քանզի դրանցով չի բացահայտվում Հայաստան-սփյուռք կապերի վերջնական նպատակը:
Այսպիսով, կարծում ենք, որ անհրաժեշտ է վերադառնալ Հայաստան-սփյուռք կապերի պատմության 1-ին եւ 2-րդ փուլերի ժամանակ իրեն լիովին արդարացրած աշխատանքների կազմակերպման սկզբունքին եւ տալ հայ հասարակության զարգացման ուղղությունները պատասխանելով հետեւյալ հարցին` Հայաստանը միայն հայաստանցիների՞, թե՞ նաեւ սփյուռքահայերի հայրենիքն է, սրանից բխող բոլոր հետեւանքներով: Միայն այս հարցի պատասխանից հետո ընտրել Հայաստան-սփյուռք կապերի արդի նպատակը, այդուհետեւ նպատակին հասնելու համար մշակել ծրագրային համապատասխան կետեր, ապա նոր միայն համապատասխան նորաստեղծ մարմնին` սկսելու իր գործունեությունը:
Հակառակ դեպքում այդ նոր կառույցը կդառնա միայն միջոցառումներ իրականացնող մի կառույց, որը, մեր կարծիքով, չի նպաստի Հայաստան-սփյուռք կապերի արդյունավետ զարգացմանը:
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ