Ապրիլքսանչորսյան ոգեկոչումը վերհուշի ապրումի, աշխարհի վրաՙ հայության դեռեւս չսպիացած վերքի զգացումի կամ, ինչպես ձեւակերպում են, հիշողության մտավորականացման երեւույթի հայերիս համախմբումի, ցավոք, միակ խորհրդանիշ օրն է: Նախօրեին առավել են ակտիվանում այդ ազդակները եւ սկսվում են միջոցառումներ-հանդիպումները:
Ի՞նչ է անում Հայոց ցեղասպանության խնդրին ի նպաստ Հայաստանի գրողների միությունը: Այս մասին «Փաստարկ» ակումբում վկայեց Լեւոն Անանյանըՙ գրական անդրադարձները 3 շերտի բաժանելով: 1-ին շերտՙ օտարազգի գրողներիՙ այս թեմայով ստեղծած գրականության հայերեն ներկայացումներ (Էդգար Հիլզենրաթՙ «Վերջին մտքի հեքիաթը»-2001 թ., Գոնսալո Գուարչՙ «Հայկական տոհմածառ»-2003 թ., Քեմալ Յալչընՙ «Սիրտս քեզմով կխայտա» եւ այլն):
2-րդ շերտՙ օտարագիր հայ գրողների, որոնց ստեղծագործությունների հենքը հիմնականում Հայոց ցեղասպանության վերհուշն է նախորդ սերնդի միջոցով, գրքերի հայերեն թարգմանություն, հրատարակում (Պիտեր Բալաքյան «Ճակատագրի սեւ շունը», «Այրվող Տիգրիս», Հակոբ Խաչիկյան եւ Ժան Իվսուս «Անարշալույս ամառ», Նենսի Գրիգորյան «Զապել»): Հայ-թուրքական հարաբերությունների ժամանակակից համատեքստում նաեւ թուրք գրողների գրքերի թարգմանություն: Այս ծրագրում արդեն պատրաստ է Նոբելյան մրցանակի 2007-ի դափնեկիր Օրհան Փամուքի «Ձյունը» վեպի թարգմանությունը, որը կտրվի հրատարակության:
3-րդ շերտը հայաստանցի գրողների անդրադարձն է այս թեմային, որ դեռ սովետական շրջանից ի դեմս Պ. Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի եւ Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի առկա են, սակայն մերօրյա գրական անդաստանը դատարկ է: Լեւոն Անանյանը նշեց Ալ. Թոփչյանի Ռուբեն Սեւակին նվիրված «Եվ անգամ մահից հետո» վեպը միայն, եւ ասաց, որ գեղարվեստական դրսեւորումները փոխարինվել են ուղեգրություններով, էսսեներով: Սրա պատճառները նա տեսնում է փաստական վիթխարի հեղեղից ու սեփական ցավից դուրս գալ եւ դրանից օտարվել չկարողանալու դժվարությունների մեջ. «Հայ գրողը չի կարողանում թոթափել այն ողբերգությունը, որ իր մաշկի տակ է»: Կարելի՞ է այս թեման մրցանակաբաշխությամբ «ակտիվացնել» հարցին, նա արձագանքեց, որ դա շատ բան չի փոխի, որովհետեւ նախ արժեք պիտի ստեղծել (իսկ առհասարակ որքանո՞վ է բարոյական ցեղասպանության մասին գիրք գրելՙ աչքի տակ ունենալով մրցանակաբաշխության ինչ-որ թվեր):
ՀԳՄ նախագահը անդրադարձավ նաեւ մեր անելիք համընթաց քայլերինՙ աշխարհի մտածողական նորօրյա վերափոխումներին ընդառաջ: Ի՞նչ պիտի անեն հասարակությունը, մամուլը, գրողները նոր իրողությունների մեջ: Վերհիշելով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանիՙ Ավստրիայի ԱԳ նախարարին հայերի հետ երկխոսության մեջ մտնելու մասին վերջերս ասված խոսքերը, Լեւոն Անանյանը նկատեց, որ մենք էլ մեր հերթին թուրքերի հետ փոխշփումների ճանապարհներ պիտի որոնենք (բա՞): Իսկ հիմնախնդիրների լուծումը հնարավոր է հանրային գիտակցության վրա ազդելու միջոցով, ուստի պետք է սկսել թուրք հանրության, թրքահայ համայնքի հետ աշխատելուց, ինչպես տնտեսական-առեւտրակենցաղային, այնպես էլ մտային-մշակութային մակարդակներում: Սա ենթադրում է նախկին կարծրատիպերից հրաժարում, ինչպիսին, օրինակ, թուրքերի մեջ միայն ենիչերի տեսնելու պատկերացումներն են, կամ թուրք կին մտավորականների հետ հանդիպումից հետո հայերին թուրքերի հետ բարեկամություն անելու մեջ մեղադրելը, թուրք հանրությանը տեղեկատվական «ճնշման» ենթարկելը, համապատասխան օտարալեզու եւ հայերեն գրականության թուրքերեն թարգմանելն ու տարածելը եւ այլն: Պետք է ստեղծել Եղեռնի թեմային նվիրված մատենաշար, հիմնադրամ, ռազմավարական կենտրոնՙ այս ամենը պետական աջակցությամբ:
Անդրադարձ եղավ նաեւ հարակից (լրագրողական) այլ հարցերի, ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գոլֆի դաշտ ստեղծելու «նպատակահարմարության», ազգային ինքնության պահպանման եւ եվրոպացի «էմիսարների» հետ ունեցած մեր տարաձայնությունների մասինՙ կրթամշակութային մեր ընկալումների համատեքստում, գրահրատարակչական պետպատվերային վիճակի, քաղաքական գործիչների եւ նրանց նորօրյաՙ գիրք գրելու զբաղմունքի, պետմրցանակ ստացած Դավիթ Հովհաննեսի «Նոր քրոնիկոնի» եւ այլնի մասին: Ի դեպ, այս առիթով Լ. Անանյանն ասաց, որ Դավիթ Հովհաննեսը մեր պոեզիայի առաջամարտիկներից է, իսկ խնդրո առարկա ժողովածուն պարունակում է թե՛ երկրաշարժի, թե՛ արցախյան գոյամարտի, թե՛ կուսակցական թեմայով բանաստեղծություններ, նաեւ էպիգրամներ, որիՙ երկու «Ֆիզիոլոգիական բառի վրա են սեւեռվել ավերումի ճարտարապետները կամ գրականության եղերահայրերը»:
Հ. Գ. Ի դեպ, հենց երեկ խմբագրությունը ստացավ Նորայր Ադալյանի «Սեւ քառակուսի կարմիր անապատում» («Լուսաբաց» հրատարակչություն, 2008) գիրքըՙ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին»:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ