«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ԿԱՀԻՐԵԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ Է ԵՎ ՎԵՐԱՕԾՎԱԾ

«Եկեղեցին հայուն համար միայն Աստուծոյ աղօթք մատուցանելու տեղ չէ, այլեւ կապն է իր հայրենիքին հետ: Նոյն այս մտածելակերպով մեր հայրերը ամենուրե կը կառուցէին եկեղեցի մը», գրում է Անի Պօղոսյանը ուշացումով խմբագրությանը հասած Կահիրեի ՀԲԸՄ-ի «Տեղեկատու» պաշտոնաթերթի նոր շրջանի 46-րդ համարում, որը նվիրված է Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգմանն ու վերաօծմանը:

Հոդվածի հեղինակը պատմական հակիրճ ակնարկ գցելով Կահիրեում եկեղեցաշինական աշխատանքների վրա, նշում է, որ 20-րդ դարի սկզբին հայերը Կահիրեում աղոթում էին «Բեյն էլ Սուրեյնի» թաղամասում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցում: Սակայն երկու հանգամանք ստիպել է համայնքի ղեկավարներին մտածելու քաղաքի կենտրոնում նոր եկեղեցի կառուցելու մասին: Մեկը, որ այդ եկեղեցին կառուցված էր «Խալիգի» ջրանցքի վրա եւ կարճ ժամանակ անց խարխլելու վտանգի առաջ էր կանգնած, եւ երկրորդըՙ որ այդ թաղամասը աստիճանաբար վերածվում էր չորրորդական կարգի մի թաղամասի, որտեղից հայերի մեծ մասը տեղափոխվում էր առավել կենտրոնական շրջանները: Բարերար Գրիգոր Եղիայանի 1906-ին գրած կտակի համաձայն, Պողոս Նուբար փաշայի հանձնարարությամբ, հողակտորների եւ գույքի վաճառքից գոյացած գումարով 1917-ի հունիսի 29-ին «Շարսա Աբբաս» (այժմ Ռամսես) մեծ կենտրոնական պողոտայում նոր հողատարածք է գնվում (5280 քառ. մետր), որի վրա հետագայումՙ 1924-28 թթ. կառուցվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Օծումը կատարվում է 1928-ի փետրվարի 12-ին, որից հետո, 80 տարի շարունակ Կահիրեի հայ գաղութը «սոյն եկեղեցիին մէջ գրած է իր հայրենիքին խորհրդանիշը», գրում է Անի Պօղոսյանը:

Վերջին տարիներին նկատված քայքայման նշանները հիմք են հանդիսացել, որ Կահիրեի Ազգային իշխանությունը վերանորոգման որոշում ընդունի: Նորոգման աշխատանքները հանձնարարվել են ճարտարապետ դոկտ. Նաիրի Համբիկյանին, որն իր նվիրվածության եւ տաղանդի շնորհիվ եկեղեցուն է վերադարձրել իր ճարտարապետական եզակի գեղեցկությունը:

Վերաօծման հանդիսավոր արարողությունը կատարել է թեմի առաջնորդ գերշ. Տ. Աշոտ եպս. Մնացականյանը ընթերակա ունենալով երկու քահանաներիՙ Տ. Գրիգոր Մուրադյանին եւ Տ. Նշան Հովհաննիսյանին:

Մնում է հուսալ, որ նոսրացած գաղութում այսուհետ ավելի շատ եկեղեցի հաճախողներ կլինեն:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4