«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ԱԶԳՈՎԻՆ ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՇՈՒՏ ՄԱՀԱՆՈՒՄ

«Փաստ է, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը 1,3 է, ինչը խայտառակություն է, երեկ «Հայելի» ակումբում հրավիրված հյուրերից ժողովրդագետ-ազգագրագետ Համլետ Սարգսյանի կարծիքն է: Եթե գյուղերում ինչ-որ տեղ պահպանվել է, ապա քաղաքում վերացել է բազմազավակության ավանդույթը, բացառապես այն ընտանիքների պարագայում, որոնք գերդաստանային բնույթ ունեցող ընտանիքի շարունակողներից են», նշեց նա:

Նրան զուգահեռ հրավիրված բանախոսը` Ազգային վիճակագրության վարչության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ 2007-ին Հայաստանում ծնելիության ցուցանիշն աճել է 7 տոկոսով: Հուսադրող է, քանի որ 37 հազարի փոխարեն ավելի քան 40 հազար կենդանի ծնունդ է գրանցվել: 2006-ի համեմատությամբ երկրում մահացության ցուցանիշը մնացել է գրեթե նույնը: 1990-ին ՀՀ ծնելիության ցուցանիշը եղել է 80 հազար, հաջորդող տարիներին նվազել` 2004-ին հասնելով մոտ 32 հազարի: 2004-ից հետո ծնելիությունը կրկին աճում է, որին զուգահեռ տարեցտարի աճում է նաեւ մահացության ցուցանիշը: Ի դեպ, ավելի շատ են աշխատունակ տարիքից բարձր` 62 տարեկանից սկսած մահերը: Նվազել են մինչեւ մեկ տարեկան մահացության դեպքերը, որը կարեւորվում է յուրաքանչյուր երկրի ժողովրդագրական ցուցանիշների շարքում եւ կյանքի որակի գնահատման ցուցանիշներում:

Բանախոսը համաձայնեց այն տեսակետին, որ ծերացող ազգ ենք: «Դա պայմանավորված է ծնելիության անկումով: Երկրորդ գործոնն է կյանքի միջին տեւողությունը. թեպետ վերջին տարիներին Հայաստանում ցածր է եղել, սակայն նախկին ԽՍՀՄ պետությունների համեմատությամբ, ցուցանիշը լավն է, չնայած, զարգացած երկրների հետ համեմատելիս, աճելու տեղ ունի»: Բանախոսը նշեց նաեւ, որ հայ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 70 տարի է, կանանցը` 76-78:

Համլետ Սարգսյանը շեշտեց, որ ծնելիության անկումը կախված է ոչ միայն քաղաքական, տնտեսական, սոցիալական, այլեւ բարոյահոգեբանական խնդիրներից: Վերլուծելով անցյալ դարից սկսած տարբեր պատճառներով պայմանավորված գաղթը սեփական հայրենիքից, նա նշեց, որ երկրից գնում էին հիմնականում պտղաբեր տարիք ունեցողները: «Չնայած վերջին տարիներին նկատվում է ծնելիության որոշակի աճ, այդուհանդերձ անհրաժեշտ է ցուցաբերել պետական մոտեցում, կարծում է ժողովրդագետ-ազգագրագետը: Երիտասարդ ընտանիքն այսօր ապրելու այնքան հնարավորություն չունի, որ կարողանա շատ երեխաներ ունենալ: Վերջին տարիներին նկատվում է նաեւ, որ երիտասարդները սկսել են մտածել իրենց ապրելակերպի մասին, որ իրենց երեխան եւ հենց իրենք պետք է լավ ապրեն, այսինքն` պայմաններ չունենալու պարագայում հրաժարվում են երեխա ունենալուց»: Նման դիրքորոշումը որակվեց եվրոպական մտածողություն, որ «առանց մեր ցանկության, ինտերնետային, հեռուստատեսության եւ այլ ճանապարհներով ներթափանցել է հայաստանյան իրականություն»:

«Խայտառակություն է, որ այսօր հայ կինը միջինը մեկ երեխա է բերում: Անհրաժեշտ է պետական մոտեցում եւ հասարակության կայունացում», եզրահանգում արեց ժողովրդագետ-ազգագրագետ Համլետ Սարգսյանը: Երբ մարդը մտածում է օր առաջ գնա-ազատվի Հայաստանից, ի՞նչ երեխայի մասին է խոսքը: Երեխայի մասին խոսելն ավելորդ է, երբ կիսվում է ընտանիքը, ինչն այսօր, ցավոք, տարածված երեւույթ է մեզանում. հայ տղամարդկանց մեծ մասը կյանքը խոպաններում է անկացնում», նշեց նա:

Կարինե Կույումջյանը տեղեկացրեց նաեւ, որ պետական քաղաքականության վարման համար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հովանավորությամբ մշակվել է ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգ, որն արդեն քննարկումների մեծ փուլ է անցել: Շուտով նախագիծը կներկայացվի կառավարությանը: Նախագծի գործառույթների հիմնական իրականացնողը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: Նախագիծը ներկայացնում է իրավիճակը, վեր հանում առկա խնդիրները, եւ առաջարկում լուծումներ: Ուշագրավ է, որ մինչ այդ չկար որեւէ կառույց, որը համակարգեր ժողովրդագրական քաղաքականությունը, վերահսկեր ընդունվող նորմատիվային փաստաթղթերի, օրենքների ազդեցությունը ժողովրդագրական իրավիճակի վրա:

Մեզ հետաքրքրեց, թե արդյոք ուսումնասիրվո՞ւմ են բեղմնավորման արհեստական ընդհատման ապօրինի դեպքերը, եւ կա՞ն վիճակագրական տվյալներ, որոնք անկասկած վիճակագրական ավելի հստակ պատկեր պիտի ներկայացնեին: Համլետ Սարգսյանը պատասխանեց. «Ինչպես միգրացիայի վերաբերյալ հստակ թվեր չենք կարող ասել, այնպես էլ արհեստական բեղմնավորման ընդհատման: Օրինակ` գյուղերում եւ քաղաքներում ո՞վ է հաշվառում աբորտ անողներին: Գալիս, ծանոթով մտնում, դուրս են գալիս»:

«Ազգ» - Այդուամենայնիվ, երեւույթը հասարակության մեջ տե՞ղ է գտել, դարձել սովորություն:

Հ.Ս.- Տեղ է գտել, որովհետեւ առանց գրանցման` քաղաքացիական ամուսնությունների թիվն էլ է ավելացել: Քաղաքացիական ամուսնական զույգերի մեծ մասը չի ցանկանում երեխա ունենալ, եւ անցանկալի հղիությունն անմիջապես կանխվում է, որով պայմանավորված, վերջին տարիներին մեծանում է ամլության ցուցանիշը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4