«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆ Է

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Ինտերտոտոյի գավաթի վերջին խաղարկության վիճակահանությունը: Եվրոպական 50 երկրների նույնքան ակումբներ երեք փուլով ի հայտ կբերեն ՈւԵՖԱ-ի գավաթի 11 մասնակիցներին: Վիճակահանությամբ Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում Հայաստանի թիմին առաջին փուլում հարկ կլինի մրցել Մոլդովայի ներկայացուցչի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հունիսի 21-ին կամ 22-ին, պատասխան խաղը` հունիսի 28-ին կամ 29-ին:

Եթե Հայաստանի թիմը հաջողությամբ հաղթահարի առաջին փուլի արգելքը, ապա հաջորդ փուլում մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչը: Հաջողության դեպքում մեր թիմի մրցակիցը կլինի ֆրանսիական ակումբը:

Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանը Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում որ թիմը կներկայացնի: Ամեն ինչ պայմանավորված է այն բանով, թե ով կնվաճի Հայաստանի գավաթը: Ինտերտոտոյի գավաթի ուղեգրին հավակնում են «Միկան» եւ «Արարատը»: Եթե գավաթակիր դառնա այս թիմերից մեկը, ապա մյուսը հանդես կգա Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում: Իսկ եթե գավաթը նվաճի «Փյունիկը» կամ «Բանանցը», ապա Ինտերտոտոյի գավաթի մրցաշարին կմասնակցի «Արարատը»: Հիշեցնենք, որ արարատցիներն անցյալ տարի հանդես եկան Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում: Նրանց մրցակիցը Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի «Շախտյորն» էր: Մրցակցի դաշտում «Արարատն» անհաջողության մատնվեց (1-4), իսկ ահա սեփական հարկի տակ հաղթեց 2-0 հաշվով: Սակայն դա բավարար չէր հաջորդ փուլ մտնելու համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4