Որոշ ընկերություններ զգալիորեն ավելացրել են վճարումները, մյուսներըՙ նվազեցրել
Հայաստանի հարկային պետական ծառայությունը հրապարակել է («Ազգ», 23 ապրիլի 2008) այս տարվա հունվար-մարտ ամիսներին առաջին 300 խոշոր հարկատուների ցանկը: Ցանկի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ամենախոշոր հարկատուն Հայաստանում դարձել է բջջային կապի օպերատոր «Ղ-Տելեկոմը» («Վիվասել»): Այս ընկերությունը փաստորեն ոչ միայն հաջողությամբ մտավ շուկա եւ դարձավ բջջային կապի առաջատարը, այլեւ մշտապես խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում է լինում, ինչպես նաեւ հայտնի է իր բարեգործական ձեռնարկումներով: Այժմ էլ «Ղ-Տելեկոմն» առաջինն է 300 առավել խոշոր հարկատուների ցանկում, վճարելով 6,8 մլրդ դրամ հարկեր: Ընդ որում շահութահարկն ու եկամտահարկը կազմել են 3,8 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա առաջին եռամսյակում այս ընկերության վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել էր 2,9 մլրդ դրամ:
Առաջին եռյակում կայուն տեղ ունեցող «Հայռուսգազարդը» երկրորդն էՙ 6,7 մլրդ դրամով: Սակայն անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր փոքր-ինչ ավելիՙ 6,8 մլրդ դրամ, զբաղեցնելով առաջին տեղը: Երրորդը մեծ տարբերությամբ «Արմենտելն» էՙ 3,6 մլրդ դրամով: Այս ընկերության նախորդ տարվա առաջին եռամսյակի հարկային վճարները կազմել էին 5,1 մլրդ դրամ:
Առավել խոշոր հարկատուների ցանկի մշտական առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ 4-րդն է եւ վճարել է 3 մլրդ դրամ, նախորդ տարվա 4,6 մլրդ դրամի փոխարեն: Փաստորեն, վերոնշյալ երեք խոշոր հարկատուների վճարած գումարները նախորդ տարվա համեմատ նվազել են:
Մշտապես խոշոր հարկատուների վերին ցանկում գտնվող վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունը գտնվում է 5-րդ տեղում եւ վճարել է 2,4 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այնուհետեւ գալիս է վառելիք ներկրող մեկ այլ ընկերությունՙ «Քաղպետրոլսերվիսը»ՙ 2,3 մլրդ դրամով: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 7-րդն էՙ 2,1 մլրդ դրամով:
8-րդը խոշոր հարկատուների ցանկում «Սալեքս գրուպ» ընկերությունն էՙ 1,3 մլրդ դրամ վճարած հարկերով: Սակայն հարկ է նշել, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունը նախորդ տարի վճարել էր 2,3 մլրդ դրամ եւ 5-րդ տեղում էր: Առանց այն էլ առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքների ներմուծման մենաշնորհներ ունեցող գործարարը առանձնապես աչքի չի ընկնում հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ եւ դժվար թե նրան պատկանող ընկերության առեւտրաշրջանառությունն այս տարի կիսով չափ անկում արձանագրած լինի:
9-րդ տեղում «Ֆիլիպ Մորիս» ընկերության ծխախոտներ ներմուծող «Պարես Արմենիա» ընկերությունն է, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին: Ընկերությունը վճարել է 1,2 մլրդ դրամ: Ծխախոտի տեղական արտադրության ընկերություններըՙ Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ տոբակոն» եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» համապատասխանաբար գտնվում են 10-րդ եւ 11-րդ տեղերում, վճարելով 1 մլրդ դրամ եւ 962 մլն դրամ հարկեր: Նույն գործարարին պատկանող «Գրանդ քենդին» զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը, վճարելով 626 մլն դրամ: Այս ընկերությունը նկատելի առաջընթաց է գրանցել: Նախորդ տարվա առաջին երեք ամիսներին զբաղեցնում էր 28-րդ տեղը եւ վճարել էր 337 մլն դրամ:
Խոշոր հարկատուների ցանկում զգալի առաջընթաց է ունեցել նաեւ մոլիբդենի խտանյութի մշակմամբ եւ ֆերոմոլիբդենի ստացմամբ զբաղվող «Մաքուր երկաթի գործարանը», որը զբաղեցնում է 12-րդ տեղը, վճարելով 939 մլն դրամ: 2007-ի հունվար-մարտին այս ընկերությունը զբաղեցնում էր 27-րդ տեղը եւ պետական բյուջե էր վճարել 338 մլն դրամ:
Գագիկ Ծառուկյանին պատկանող ամենահայտնի ընկերությունըՙ ցեմենտ արտադրող «Արարատցեմենտը» վճարել է 191 մլն դրամ եւ գտնվում է 77-րդ տեղում: Այս ընկերությունն անցյալ տարի բարելավել էր իր ցուցանիշը եւ էապես ավելացրել վճարվող հարկերի ցուցանիշը, սակայն այս տարվա գոնե առաջին եռամսյակում նրա վճարած հարկային մուտքերը կրկին նվազել են: Այն դեպքում, երբ անցյալ տարի «Արարատցեմենտը» 40-րդն էր եւ վճարել էր 273 մլն դրամ:
Մյուս հայտնի օլիգարխինՙ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտը» ավելի վատ ցուցանիշ ունի: Այն ընդամենը 190-րդն է 81 մլն դրամով: Թեեւ նախորդ տարվա համեմատ սա որոշ չափով առաջընթաց է, բայց պետք չէ մոռանալ, որ անցյալ տարի այս ընկերությունն ուղղակի ամոթալի ցուցանիշներ ուներ հարկերի վճարման գծով եւ երկար ժամանակ դուրս էր 300 խոշոր հարկատուների ցանկից: Ի դեպ, այս անգամ էլ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիան» է դուրս մնացել 300 խոշոր հարկատուների ցանկից, փաստորեն վճարելով 49 մլն դրամից էլ նվազ գումար, ինչը պարզապես անհեթեթություն է: Նախորդ տարի էլ «Արմավիայի» հարկային վճարումների ցուցանիշը բարձր չէրՙ 62 մլն դրամ:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը այս տարվա առաջին երեք ամիսներին վճարել է աննախադեպ փոքր գումարՙ 109 մլն դրամ եւ զբաղեցնում է 142-րդ տեղը: Մինչդեռ անցյալ տարի այս ընկերությունը 11-րդն էր, վճարելով 1,1 մլրդ դրամ: Հարկերի վճարման ցուցանիշի նման կտրուկ անկումը հավանաբար օբյեկտիվ պատճառ էլ ունի եւ պայմանավորված է նոր օդանավակայանի կառուցման նպատակով կատարվող ներդրումներով:
Առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա ցուցանիշների համեմատ զգալիորեն իրենց վճարումներն ավելացրել են ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունները, ինչը հասկանալի էՙ Հայաստանում տարեցտարի էապես ավելանում է ավտոմեքենաների ներմուծումը: Այս ցանկում ավելացել են շինարարական ընկերությունները, որոնցից նախկինում 300 խոշորների մեջ մեկ-երկուսն էին: Բանկերն ինչպես միշտ նախորդ տարվա համեմատ ավելացրել են իրենց հարկային վճարումները: Տոնավաճառները շարունակում են իրենց շրջանառության համեմատ փոքր գումարներ վճարել պետական բյուջե: Նրանց շրջանառության արձանագրումն ու հարկման մեխանիզմների հստակեցումը դեռ մնում են անլուծելի խնդիր: Հյուրանոցներից ընդամենը երկուսն են 300 խոշոր հարկատուների ցանկում: Մի խոսքով, ստվերի եւ անհավասար մրցակցային դաշտի դեմ պայքարելու հարցում նոր կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ