«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2008-04-23 | #78, 2008-04-24 | #79, 2008-04-26


Ո՞Վ Է ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ

ՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի համար օրերս անցկացված մրցույթը դարձել է դժգոհությունների ու վիճաբանությունների թեմա: Մրցույթի հաղթող է ճանաչվել պետկոնսերվատորիայի ուսանող Ասատուր Բալջյանը: Սակայն ժյուրիի որոշմանը դեմ է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղ. ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Վերջինիս կարծիքով, տեղի է ունեցել «աղաղակող անարդարություն» եւ Ասատուր Բալջյանի փոխարեն մրցանակը պետք է ստանար պետկոնսերվատորիայի մեկ այլ ուսանողՙ Հովհաննես Այվազյանը: «Հովիկը մեծ տաղանդ է, ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ բազմաթիվ ներկայացումներում է երգել: Չնայած իր երիտասարդ տարիքին, նա շատ մեծ գործեր է արել: Տարվա հայտնություններից մեկն է համարվում: Նախագահական մրցանակը պետք է ստանա մեկը, ով ինչ-որ չափով աչքի է ընկել եւ ունի հարուստ երգացանկ»: Սա Էդուարդ Թոփչյանի կարծիքն է:

Ժյուրիի նախագահ, ճանաչված օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը հավաստիացնում է, որ Հովհաննեսը մրցույթի առաջին փուլում շատ վատ է երգել եւ ժյուրին հաշվի առնելով երիտասարդ երգչի անցած ստեղծագործական ճանապարհը, նրան երկրորդ փուլ անցնելու իրավունք է տվել:

«Առաջին տարվա համեմատությամբ, նրա ձայնը ոչ թե աճեց, այլ ավելի ռեգրեսիվացավ: Որովհետեւ տվեցին շատ բարդ դերերգեր (Լեոնկավալլոյի «Պայացներում»ՙ Կանիո, Վերդիի «Ռիգոլետտոյում»ՙ Հերցոգ եւ այլն): Այդ դերերգերը կատարում են 30 տարվա սահմանագիծը հատելուց հետո: Հովիկն իր տարիքի համեմատ պետք է երգեր շատ ավելի պարզ ստեղծագործություններ: Բացի այդ, պրոֆեսիոնալ ձայնը շնչի վրա չէր, կոկորդային ձայներ կային, որոնք պետք է հղկվեն: Մենք էլ ենք այդ տղային հաջողություններ մաղթում: Մրցույթի ժամանակ գնահատում ենք ոչ թե 3, այլ 25 բալանի չափանիշով: Այս առումով Ասատուրն իր համեմատությամբ շատ ավելի լավ է երգել, քան Հովիկը: Ասատուրն իր ձայնի վրա շատ էր աշխատել եւ արդյունքն ակնհայտ էր», իրավիճակը ներկայացրեց Թումանյանը:

Թոփչյանին չի գոհացնում նաեւ մրցույթի կանոնադրությունը, համաձայն որի, մրցույթի վերջին փուլ անցած երեք մասնակից իրավունք են ստանում մասնակցելու հաջորդ տարի կազմակերպվող նույնանման մրցույթի եզրափակիչ փուլին: Այս առիթով, Թումանյանը նշում է, որ գոյություն ունի միջազգային օրենք եւ իրենք չեն շեղվել միջազգային ստանդարտներից:

«Ազգի» հետ զրույցում Թոփչյանը թերագնահատեց նաեւ ժյուրիի կազմը: «Նախագահական մրցանակի ժյուրին իրավունք չունի բաղկացած լինել կոնսերվատորիայի երեք դասախոսից եւ Բարսեղ Թումանյանից: Բացի այդ, ժյուրիի անդամներ Վալերի Հարությունովն ու Հասմիկ Հացագործյանը Ասատուր Բալջյանի վոկալի դասատուներն են եղել, հետեւաբար իրավունք չունեին լինել ժյուրիի կազմում: Ո՞վ է ասում, որ վոկալ մրցույթում ժյուրիի անդամներ պետք է լինեն միայն վոկալի դասատուներ: Գոյություն ունեն դիրիժորներ, երաժիշտներ, երաժշտագետներ: Ինչո՞ւ նրանցից ոչ ոք ժյուրիի կազմում չէր: Սակայն պարզվեց, որ մրցույթն անկախ է եւ այն հովանավորող «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ ընտրում է ժյուրիի ներկայացուցիչներին: Թերեւս այն մտայնությամբ, որ ոչ ոք չի կարող վոկալիստից ավելի լավ գնահատել վոկալի մրցույթը:

Նույնի առնչությամբ Բարսեղ Թումանյանն ասաց. «Ոչ ոք ոչ մեկի վրա ազդել չի կարող: Կա ընդհանուր կարծիք: Գալիս ենք մրցույթը սկսելուց առաջ եւ հեռանում քննարկումից հետո: Ճշտել եմ, որ Ասատուրը Հասմիկ Հացագործյանի ուսանողը չէ: Նրա հետ ոչ թե վոկալ, այլ անսամբլ է պարապելՙ 70 հոգանոց կուրսում: Վոկալի դասատուն Վ. Հարությունովն է, սակայն նա էլ ոչ մի կերպ ժյուրիի կարծիքի վրա չի ազդել»:

Նշենք, որ Վալերի Հարությունովը բազմիցս եղել է հեղինակավոր մրցույթների ժյուրիի կազմում եւ դրանցից քչերում են մրցանակներ տրվել հենց նրա ուսանողներին, քանի որ կարեւոր է եղել մասնակիցների օժտվածությունը, վարպետությունը:

Մրցույթը չեղյալ հայտարարելու նպատակով Էդուարդ Թոփչյանը նամակ է գրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բայց պատասխան նամակ չի ստացել: «Հնարավո՞ր է, որ մրցույթը չեղյալ հայտարարվի» «Ազգի» հարցին Բարսեղ Թումանյանն ասաց. «Անհնար է: Գոյություն ունի ժյուրիի կազմ եւ բոլորի խոսքն էլ անցնում է: Եթե տարաձայնություններ են լինումՙ քննարկում ենք: Երբեք որեւէ կոլեգայի միտքը, կարծիքը չեմ արհամարհում: Իսկ այդ մրցույթում ժյուրին միաձայն հաղթող է ճանաչել Ասատուր Բալջյանին»: Բարսեղ Թումանյանը հավաստիացրեց, որ մինչեւ մայիս ամսվա վերջ մրցանակը կհանձնեն հաղթողին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4