ՀՀ մշակույթի նախարարության ու ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջեւ կնքված փաստաթուղթը տրամաբանական զարգացումն է մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ 1995-ին ձեռք բերված համագործակցության համաձայնագրի: Համաձայն այդ փաստաթղթի, Հայաստանում անց է կացվելու «Ռուսական մշակույթի սեզոններ»:
Նախարար Հասմիկ Պողոսյանի տեղեկացմամբՙ Հայաստանում կանցկացվեն Ֆոմենկոյի թատրոնի հյուրախաղերը` «Պատերազմ եւ խաղաղություն», «Ընտանեկան երջանկություն» ներկայացումներով: Կկազմակերպվեն Միքայել Թարիվերդիեւի հիշատակին նվիրված «Ճակատագրի 17 ակնթարթներ» խորագրով միջոցառումներ: Կոմպոզիտորի հեղինակած հանրահայտ գործերը կհնչեն Իոսիֆ Կոբզոնի, Թամարա Գվարծեթելիի, Աննա Մայիլյանի, «Մերիդիան» եռյակի, Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի եւ այլոց կատարմամբ: Երգեհոնի համար Թարիվերդիեւի հեղինակած գործերը կկատարեն նրա անվան երգեհոնահարների միջազգային մրցույթի դափնեկիրներ Ռուսաստանից, Նիդեռլանդներից, Հայաստանից: ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Շվիդկոյը տեղեկացրեց, որ աշնանը Երեւանում հյուրախաղերով հանդես կգա Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը, իսկ շեքսպիրյան փառատոնի շրջանակներումՙ Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնը (MXT) «Համլետով»: Կրեմլյան բալետի մենապարողների մասնակցությամբ կկայանա գալա-համերգ: Մայիսի կեսերից սկիզբ առնող «Ռուսական մշակույթի սեզոնները» կուղեկցվեն վարպետության դասընթացներով եւ հագեցած կլինեն բազմաժանր ու բազմաբնույթ ցուցահանդեսներով:
Մ. Մ.