8 հյուրասենյակ, 4 ննջարան, 1 լողավազան: Սա Բեռլինի հարավում 1,5 միլիոն եվրո արժողությամբ սպիտակ պալատի «միջուկն» է, որի տերն այժմ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է: Նրա սեփականությունը հանդիսացող հողատարածքը 1000 քառակուսի մետր է: Գերմանական «Բիլդ» թերթը, որի հրապարակումից մանրամասներ ենք ներկայացնում «Ազգի» ընթերցողներին, տպագրել էր նաեւ լուսանկարներ, որոնք դիտելով, համոզված եմՙ շատ հայեր ինձ նման կարող են կասկածելՙ դուք դեռ պալատներ ու դղյակներ չեք տեսել:
«Առաջիկա 20, 30 տարվա իմ տունը սա է», ասել է Աբրահամըՙ սպիտակ առանձնատուն ուղեկցելով թերթի աշխատակիցներին: 1994-ին կառուցված տանը նախկինում մի բանկիր է ապրել, վերջինիս ճաշակը դեռ տիրապետող է տանըՙ կահավորանքը պահպանվել է: Մարմարյա հատակը Աբրահամին խոհանոց է տանում. միայն սա 90000 եվրո արժե, ասել է պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի բռնցքամարտիկը, ով եղբորՙ Ալեքսի ու ծնողների հետ այս տանն է ապրում:
«Երբ 5 տարի առաջ Գերմանիա եկա, մեկ ճամպրուկ ունեի, պոլիէթիլենե մեկ տոպրակ եւ շատ քիչ փող: Բռնցքամարտի միջոցով ուզում եմ ինձ ու ընտանիքիս համար գեղեցիկ կյանք ստեղծել»:
10 մետր երկարություն, 5 մետր լայնություն ունի կապույտ սալիկներով, դելֆինների մոզայիկով ձեւավորված լողավազանը, այստեղ սաունա ու Whirlpool էլ կա: «Սա իմ սիրած տեղն էՙ լիցքաթափվում եմ», պատմել է բռնցքամարտիկը: «Իսկ ու՞ր է սիրո համար նախատեսված տեղը», հարցրել է «Բիլդի» թղթակիցը: «Այս պահին ընկերուհի չունեմ: Ժամանակ կաՙ դեռ 28 տարեկան եմ: Իսկ, այ, օրինակՙ իմ փոքրիկ ճագարըՙ Մայք Թայսոնն ինձ հետ այս տուն է փոխադրվել»:
Ինչպես տեղեկացրինք սկզբում, «Բիլդը» նաեւ լուսանկարներ է կցել հրապարակմանը: Դրանցից մեկում Արթուրի յուղաներկ կտավն էՙ արքայի հանդերձանքով, կողքինՙ հաղթանակը խորհրդանշող դափնեպսակը: Մեկ ուրիշ նկարում Արթուրը գրկել է իր նիհարակազմ տատիկին ու աստիճաններն ի վերՙ տուն է տանում:
ԱՆ. Հ., Գերմանիա