Այս վերնագրով ապրիլի 21-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն իր մեծ հեռուստալսարան ունեցող «Փաստ» հաղորդման ժամանակ, ի թիվս այլ հրատապ թեմաների, անդրադարձել է մարտի 1-ի երեւանյան իրադարձություններին:
«Միանշանակ դա հանցավոր մի ռեժիմ է, որը բաղկացած է հինՙ դեռեւս խորհրդային ժամանակներում ծնունդ առած նոմենկլատուրայից, եւ որը հիմա բողոքի ցույցը կոտորելով ու կրակելով նորից ապացուցեց, թե կապ չունի ո՛չ ժողովրդավարության, ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ էլ սեփական բնակչության բարեկեցության ու բարօրության հետ», ասել է «Խաղաղության կորպուս կանաչ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչ Ռուպերտ Նոյդեքը:
Այնուհետեւ ARD-ն հեռարձակել է մարտիմեկյան բռնության տեսարաններ, որից հետո կարծիք է հայտնել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDU) ներկայացնող կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Գյունտեր Նուուքըն: «Միանշանակ էՙ այն, ինչ այնտեղ արել են անվտանգության ուժերը, ընդհանրապես համատեղելի չէ մեր ունեցած միջազգային տարրական չափորոշիչների հետ եւ որոնց տակ Հայաստանը նույնպես ստորագրել է: Եվ այդ տեսակետից վստահ կարելի է ասելՙ նոր կառավարությունը դա պիտի վերանայի: Չի կարող պատահել, որ դրանից պարզապես հեռանան»:
«Բացարձակապես անընդունելի է, որ դաշնային կառավարությունը հայաստանյան դեպքերի մասին լռում է, ասել է Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP) ներկայացնող պատգամավոր Միշայել Գեորգ Լինքըՙ այնուհետեւ հիշեցնելով, թե անհամատեղելի է, երբ մի կողմից իրավացիորեն քննադատություն է հնչել տիբեթյան դեպքերի առնչությամբ, մի քանի ամիս առաջ խիստ քննադատություն է եղել նաեւ Վրաստանի նկատմամբ, իսկ Հայաստանում կատարվածի մասին` լռություն, երբ այնտեղ արյունոտ շատուշատ միջադեպեր, շատ զոհեր են եղել:
Հաղորդման ժամանակ ակնարկվել է, թե ԱՄՆ-ից բողոքագիր է առաքվել բռնությամբ ավարտված բողոքի ցույցի օրն իսկ: Ծանրակշիռ է, քանի որ ամերիկացիներն են զարգացման օգնության ամենամեծ բաշխողը: Երկրորդ տեղում դաշնային կառավարությունն է, որտեղից, սակայն, որեւէ քննադատություն չի եղել:
Այնուհետեւ նորից ելույթ է ունեցել Ռուպերտ Նոյդեքը: «Վստահաբար` ավելի շուտ գոհ պիտի լինել, որ դաշնային հանրապետությունում հրապարակայնորեն դրանց ուշադրություն չենք դարձնում, ի գիտություն չենք առնում: Եթե այդպես լիներ, կարծում եմ, որ մեր դաշնային կառավարությունը, մեր արտգործնախարարը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը պիտի ցույց տար: Մինչեւ հիմա նա այդ չի արել: Հուսամ, թե նա հիմա դա կանի»:
Նա ինչ-որ բան արել է. նախորդ չորեքշաբթի մեր արտգործնախարարը բարեկամական ողջույն է հղել հայաստանցի իր պաշտոնակցին: Ոչ մի խոսք քննադատական պահանջների մասին, հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ իր հաղորդումը եզրափակել է ARD-ի «Փաստը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա