«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2008-04-24 | #79, 2008-04-26 | #80, 2008-04-29


ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

«Հրազդան» մարզահամալիրի տնօրենության, Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան, «Սադիա» ընկերության, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի եւ ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի աջակցությամբ ու հովանավորությամբ անցկացվեց «Մանկաբոլ-2008» անվանումը կրող ֆուտբոլի մրցաշար 8 թիմերի մասնակցությամբ: Դրանցից չորսը ներկայացնում էին Երեւանի «Զատիկ», Աբովյանի «Սոս Կինդերդորֆ», Գյումրիի եւ Դիլիջանի մանկատների թիմերը: Մյուս մասնակիցներն էին Բրազիլիայի եւ Արգենտինայի ինտերնացիոնալ թիմերը, մանկատներում աշխատողներից կազմավորված «Հայ բարեկամներ», ինչպես նաեւ «Հայ աղջիկներ» թիմերը:

Խաղերն անցկացվեցին «Հրազդան» մարզադաշտում: Երկու ենթախմբերում էլ համառ պայքար ծավալվեց: Առաջին ենթախմբում 7-ական միավոր էին վաստակել «Զատիկն» ու Դիլիջանի թիմը: Խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերության շնորհիվ եզրափակիչ մտավ «Զատիկը»: Մյուս ենթախմբում 6-ական միավոր էին վաստակել Արգենտինայի, «Հայ աղջիկներ», «Հայ բարեկամներ» թիմերը: Այստեղ լրացուցիչ ցուցանիշներով եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Հայ բարեկամներ» թիմը:

Եզրափակիչ խաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1): 11 մ հարվածաշարով 4-2 հաշվով հաղթեց «Զատիկը»: «Հրազդան» մարզադաշտի տնօրեն Հարություն Քեհեյանը պատվավոր գավաթը հանձնեց հաղթող թիմին: ՀՖՖ-ի կողմից էլ նվերներ հանձնվեցին առանձին մասնակիցների, որից հետո հյուրասիրություն կազմակերպվեց երեխաների համար: Մրցաշարի պատվավոր հյուրերի թվում էին Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենատե Ստիլեն եւ «Սադիայի» ներկայացուցիչ Ռոյ Զիրկան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4