«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2008-04-29 | #81, 2008-04-30 | #82, 2008-05-01


ՆՈՐՈԳՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱՄԵՆ ՄԻ ԷՋԸ ՆՐԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է

1300-ին Սարգիս գրչի գրած ձեռագիրըՙ հայտնի Եղեգիսի Ավետարան անվամբ, անցած դարասկզբին պահվել է Ագուլիսի Ս. Քրիստափոր եկեղեցում, հետո համարվել է կորսված, սակայն տարիների անցՙ 1973-ին գտնվել է Սան Ֆրանցիսկոյում, Ջորջ Մարտիկյանի հավաքածուում եւ Մատենադարան է բերվել հանգուցյալ փոխտնօրեն Բաբկեն Չուքասզյանի ձեռքով: Մատենադարանի ձեռագրատան վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանի հիշողության մեջ ամբարված են արժեքավոր բոլոր ձեռագրերի կյանքի պատմություններըՙ լի առեղծվածներով, կորստյան ու վերածննդի պահերով, պոկված ու գտնված մագաղաթյա թերթերով: Եղեգիսի Ավետարանի մասին պատմում է անսահման սիրով ու հիացմունքով. «Արտակարգ գեղեցիկ մանրանկարչություն ունի, նկարազարդումը փայլուն է: Միայն ափսոս, որ թանաքի թթվայնությունն աստիճանաբար կերել էր թուղթը, շատ տեղերում թուղթն ուղղակի մաշվել, գնացել էր: Այդ վիճակում չէր կարելի թողնել, անկազմ էր, թերթերը խառնված: Սկսեցին նորոգել եւ հենց այդ ժամանակ նույն ձեռագրի 2 թերթերն ուրիշ տեղերից եկան, հասան: Թերթերից մեկը բերեց Ալեք Մանուկյանը, մյուս թերթերի համեմատ այն գունաթափված էր, որովհետեւ գեղեցկությունը նկատի ունենալով փակցրել էին ստվարաթղթի վրա, դրել շրջանակի մեջ ու պատից կախել: Մի կերպ անջատեցինք ստվարաթղթիցՙ առանց վնասելու բուն ձեռագիրը: Մյուս թերթը ես պատահաբար գտա մեր պատառիկների հավաքածուի մեջ, ուր հայտնվել էր Տիրայր Տեր-Հովհաննիսյան եպիսկոպոսի արխիվից: Մի խոսքովՙ ձեռագիրը հասավ Մ. Նահանգներից, երկու թերթերն էլ տարբեր ճանապարհներով եկան, մտան մայր ձեռագրի մեջ: Մանրանկարչությունը չափազանց ինքնատիպ է, հարուստ Մոմիկի, Թորոս Տարոնացու 13 -14 դդ. մանրանկարչությանն ազգակից ու հարազատ գծերով»: Եղեգիսի Ավետարանը դեռ վերանորոգման փուլում է, սակայն նրա մանրանկարչական թերթերը մի քանի այլ ձեռագրերի հետ այս օրերին ցուցադրվում են Մատենադարանի ցուցասրահում:

1057-ին Մելիտենեում (Մալաթիա) գրված ձեռագիրը յուրօրինակ նկարազարդումով Ավետարան է, որի նորոգումը, Տեր-Վարդանյանի ասելով, ձեռնարկվել է մի հին նկարագրություն կարդալուց հետո: «Այդ նկարագրությունից 100 եւ ավելի տարի է անցել, սակայն ձեռագիրը մնացել է նկարագրված նույն վատ վիճակում: Ձեռագրի արժեքի մասին տարեթիվն է խոսում, իսկ նկարազարդումն արված է ժողովրդական ոճով, ինքնատիպ ու պատկերավոր մտածողության տեր մանրանկարչի գործ է»:

Ցուցադրության մեջ ընդգրկված է նաեւ վերջին շրջանի կարեւոր նվիրատվություններից մեկըՙ Գասարջյան ընտանիքի նվիրաբերած «Հայսմաւուրքը», գրվածՙ 1679-ին Եդեսիայում, հայտնի է եղել որպես Նազարյանի հավաքածուի մաս: «Նազարյանը Մատենադարանի խոշոր նվիրատուներից է, ձեռագրերի ամենամեծ քանակը նրանից ենք ստացելՙ 391 ձեռագիր: «Հայսմաւուրքի» հետ պետք է ստանայինք եւս 40 ձեռագիր, սակայն նրա մահից հետո դրանք աճուրդի հանվեցին Լոնդոնում: Թեպետ այդ բոլոր ձեռագրերը հիմնականում գնեցին հայերը, սակայն սա միակն էր, որ եկավ Երեւան: Մյուսը 1339 թ. Ներսես Ծաղկողի նկարազարդած արտակարգ գեղեցիկ Վասպուրականի մանրանկարչության նմուշն էՙ գնված Մատենադարանի բարերար, մոսկվաբնակ Հրանտ Հովհաննիսյանի ջանքերով: Երրորդը Սեբաստիայում 1653 թ. Բարեղամ գրչի գրած Ավետարանն է, եւ չորրորդըՙ Մեսրոպ Խիզանցու 17 դ. առաջին քառորդում նկարազարդած շարակնոցը: Մեկը մեկից արժեքավոր են ու յուրատիպ», ասում է ձեռագրատան վարիչը:

Ձեռագրերի վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Էլիազյանի հետ զրուցեցինք քիմիական սուր հոտերով հագեցած մի սենյակում: «Մելիտենեի ձեռագիրը նորոգում ենք արդեն 2 տարի: Նախապատրաստական փուլն ավելի կարեւոր է, քան բուն նորոգումը, որովհետեւ մագաղաթյա ձեռագիր է, խիստ վնասված, համարյա քանդված էր եւ երբեւէ նորոգված չէր եղել: Սովորաբար վերանորոգելիս աշխատում ենք ձեռագիրը չքանդել, բայց եթե արդեն քանդված է, ուրեմն պետք է ամբողջությամբ բացել, մաքրել եւ ուսումնասիրել մանրանկարների վիճակը: Զուգահեռաբար ամրացնում ենք նաեւ մանրանկարները, նկարագրում դրանց վիճակը: Այս ձեռագիրն ունի 287 թերթ, բոլորի վրա կան լուսանցազարդեր, մեկ-մեկ նկարագրում ենք ներկերի վիճակը, որից հետո կատարում ենք մանրանկարների ներկերի ամրացում: Մագաղաթը խոնավացնում ենք հատուկ ապարատով, որովհետեւ առանց խոնավացնելու հնարավոր չէ մագաղաթի հետ աշխատել, այն պարզապես կփշրվի», ասում է Էլիազյանը:

Մանրանկարները ուսումնասիրելուց, ամրացնելուց եւ նկարագրելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները: Արդեն իսկ Հոլանդիայից ստացել են հրաշալի մագաղաթ, որը կօգտագործեն ձեռագրերի մեջքերն ամրացնելու համար, իսկ պատռվածքները կնորոգեն Գերմանիայից գնված արդիական այնպիսի սարքով, որն աննշմարելի է դարձնում ձեռագրի կարկատանները: «Մելիտենեի Ավետարանի վերանորոգման աշխատանքները կատարվում են հիմնականում Սոնե Պետիկյանի հիմնադրամի միջոցներով, միայն բազային ֆինանսավորմամբ հնարավոր չէր դա իրականացնել: Գերմանիայից մեզ օգնում են Յաշկե ամուսինները, նրանք ակցիաներ են կազմակերպում այնտեղ, նյութեր գնում ու բերում են Հայաստան: Այնպես որ, բոլոր պայմանները կան այդ աշխատանքները կատարելու համար:

Եղեգիսի Ավետարանը նույնպես շատ հարուստ է մանրանկարներով, այդ ձեռագրի մեջ ժամանակին կոպիտ նորոգումներ էր արվել: Դրանք թեթեւակի հանեցինք, քանի որ վնասում էին ձեռագրի հիմնական նյութին, թողեցինք միայն կոլաժի ձեւով ամրացված մանրանկարների կտորները, որոնք ձեռագրի պատմության մի մասնիկն են: Եղեգիսի ավետարանի վերանորոգման աշխատանքները հիմնականում կապված են կազմի հետ: Սովորաբար կազմն անելիս պահպանում ենք ձեռագրի տեսքը, կարելու, կազմը հավաքելու, ներսի կտորի ձեւի ամբողջ պատմությունը: Խիստ վնասված լինելու դեպքում, երբ որեւէ նշույլ պահպանված չի լինում ձեռագրից, աշխատում ենք գտնել նույն վայրում կամ նույն գրչի գրած ձեռագրերն ու նույն ձեւով կազմել: Քանի որ Եղեգիսի Ավետարանը կազմ չունի, հետեւաբար կփորձենք այդպես հարմարեցնել», հավելում է վերանորոգման բաժնի վարիչը:

Ցուցասրահի վարիչ Աիդա Չարխչյանի հետ դիտում ենք ցուցանմուշներն ու զրուցում. «Արդեն երկրորդ անգամ է, որ վերանորոգված, բայց դեռեւս չկազմված ձեռագրերը դրվում են ցուցադրության: Սա եզակի երեւույթ է, որովհետեւ սովորական ցուցադրության ժամանակ կարելի է տեսնել ձեռագրի առավելագույնը մեկ բացվածք, իսկ այս ձեւովՙ ձեռագրի լավագույն էջերը, մանրանկարները: Տեսեք ինչ հրաշալի էջեր են բացված, սովորական ցուցադրության ժամանակ դուք կտեսնեիք միայն մեկը: Այս մեկը 11-րդ դարի եզակի ձեռագրերից է, մյուսըՙ 1306-ի Ավետարան, պատկերազարդ, անչափ գեղեցիկ: Վատ վիճակում է եղել, դժվարությամբ են կարողացել վերանորոգել, նույնիսկ տեղեր կան, որ պոկված էջերի փոքրիկ կտորները փրկել են եւ իրար կպցրել: Մյուս ձեռագրերը վերջերս ենք նվեր ստացել մոսկվաբնակ հայերից: Նրանք խոստացել են եւս 2 ձեռագիր նվիրել, գիտեք, որ ձեռագիրը թանկ է, մեկ հոգու համար դժվար է գնելը:

Այս ցուցադրության մեջ կա մի շատ հետաքրքրական երեւույթ: Մատենադարանի երիտասարդ մանրանկարչուհի Լիլիթ Ամիրջանյանը մի քանի տարի առաջ ուխտ էր արել Ավետարան գրել եւ պատկերազարդել: Մեկը գրեց 1997-ին, մյուսըՙ 2003-ին, իսկ մյուսը դեռեւս անկազմ է: Նրա պատկերազարդած Ավետարաններն իսկույն աչքի են ընկնում ժամանակակից ոճով, մանրանկարները ներկայացված են առանձին թերթերով: Միջնադարյան թեմաների, ձեւերի հետ նա կարողացել է ներմուծել արդիականը եւ անձնականը: Սա հազվադեպ երեւույթ է, որովհետեւ մեր օրերում դժվար է գտնել մեկին, որն իր ժամանակը նվիրի Ավետարան գրելուն եւ պատկերազարդելուն»:

Այս ցուցադրությունը կտեւի մոտ մեկ ամիս, որից հետո ձեռագրերի մանրանկարչական թերթերը կգնան վերականգնման բաժինՙ մեկընդմիշտ միանալու իրենց մայր ձեռագրերին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4