«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2008-05-01 | #83, 2008-05-02 | #84, 2008-05-03


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՎՐԱ ԵՎՍ ԾԱՆՐ ՄԵՂՔԵՐ Է ԲԱՐԴՈՒՄ

Առլյատա-ակտյաբրյատա

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ տեղի ունեցած իր կողմնակիցների կոնգրեսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի նոր շեշտադրում արեց, որոնք չէին հնչել մարտի 1-ից հետո տարբեր կայքերում տեղադրված նրա հարցազրույցներում: Նա նկատեց, որ հասարակության (իրենց) եւ վարչախմբի (իշխանությունների) միջեւ լարվածության լիցքաթափման միակ միջոցը, ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են: Բայց ըստ նրա` ոչ իշխանությունները, ոչ եվրոպական կազմակերպությունները, որոնք վերահսկում են Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, դեռեւա այս ելքին պատրաստ չեն, գաղափարի հասունացումը ժամանակ է պահանջում, դրա համար էլ առայժմ հարկ կա իրենց քայլերը հստակեցնելու, այնպես որ հարկ կա խոսել առաջիկա մի քանի խնդիրների մասին: Ըստ նրա` քաղաքական ուժերի նոր հարաբերակցությունը երբեք այնքան հստակ չի եղել, որքան հիմա` մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում իրենք, ուրիշ ընդդիմություն էլ չկա: Միեւնույն ժամանակ Տեր-Պետրոսյանի շուրջը ձեւավորված ընդդիմությունը նախընտրական միավորի ձեւաչափ է ունեցել, որն այս պահին անաքրոնիզմ է, այնպես որ իր գլխավորած շարժումը նա հարկ է համարում կազմակերպական նոր ձեւի մեջ դնել (գուցե կուսակցություն լինի, գուցե ստվերային կառավարություն ունենա) եւ դա անվանել Հայ ազգային կոնգրես: Կազմակերպական այդ նոր ձեւը ժառանգելու է առայժմ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման քաղաքական խորհուրդն ու մյուս ղեկավար կառույցները: Սա` նորությունը կոնգրեսի: Մյուս նորությունն այն էր, որ Տեր-Պետրոսյանը փաստորեն այնքան էլ չքննադատեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին` մի տեսակ կարծես լուսանցքի տեղ թողնելով եւ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելով արդեն էքս- նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ընդհանուր առմամբ կոնգրեսը այստեղ ներկաների նման չմտածող մեկի վրա ճնշող տպավորություն էր թողնում, քանի որ ելույթ ունեցողները խոսելով իրենց տեսլական «ազատ-անկախ-ժողովրդավար Հայաստանի» մասին` հենց սկզբից կարծես բացառում էին բոլոր ուրիշ կերպ մտածողներին, որոնք գոնե վերջին նախագահական ընտրություններին մի քանի անգամ ավելի էին իրենցից: Ֆանատիկների մի ողջ բազմություն էր, կեսն էլ դեռ դուրսը մնաց, որովհետեւ դահլիճը փոքր էր ներս մտնել ցանկացողների համար: Ելույթ ունեցողների բնորոշումներում էլ ոչ ահավոր ածականների, ոչ թույնի պակաս կար, չնայած սովորաբար նրանք բողոքում են իշխանական կողմի թույնից: Մի խոսքով` իրենք միակ ճշմարիտն են, ամբողջ ժողովուրդն իրենց թիկունքին է, իրենք հաղթելու են, պայքար-պայքար մինչեւ վերջ: Ու վերջ: Ուրիշ կերպ մտածողների հերն էլ անիծած: Լավ դեմոկրատիա է, խոսք չկա: Բայց, լավ, ամեն ինչ` հերթով:

Տեր-Պետրոսյանը մի քանի թեմայի անդրադարձավ.

Բախու՞մ, թե սպանդ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարցադրումն իրենն էր, բնականաբար նրա վերլուծությունը հարցի պատասխանը բերեց սպանդին, որի ծրագրողն ու կազմակերպիչը, իր բառերով, «վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն էր»: Այս եզրակացությանը Տեր-Պետրոսյանը եկել էր` վերլուծելով Քոչարյանի հետմարտիմեկյան 3 ասուլիսների հակասությունները: Եթե ինչպես նախագահ Քոչարյանն էր ասել` ոստիկանները ցուցարարներին հայտնել են, թե եկել են միայն խուզարկություն կատարելու, այդ կադրերը իշխանական հեռուստաընկերությունները 100 անգամ ցուցադրած կլինեին: Եթե բանակը գործի չի դրվել, ոստիկանությունն էլ զինված չի եղել, ինչպես որ նախագահն է պնդել իր հարցազրույցների ժամանակ, ինչպե՞ս 7 քաղաքացի զոհվեցին, հարցնում էր նա: Մարտի մեկի առավոտից հետո, ֆրանսիական դեսպանատան մոտ մարդկանց հավաքվելուց եւ ժամը 14-ից հետո, Տեր-Պետրոսյանի խոսքով` ինքը երեք անգամ բանակցել է նախագահ Քոչարյանի հետ Հայաստանում Եվրոմիության դեսպանների միջոցով, Դավիթ Շահնազարյանին եւ Արարատ Զուրաբյանին խոսափող ունենալով: Տեր-Պետրոսյանը պետք է գնար եւ հանգստացներ ցուցարարներին, բայց` «Ես Դատարկ ձեռքով չեմ կարող գնալ, ինձ կսուլեն, այլընտրանք էր պետք», եւ այլընտրանքը նորից «Ազատության» հրապարակ մարդկանց տանելն էր, ու... արդեն ամեն օր տանելն էր: Բայց, ախր, արդեն առավոտյան մարդիկ էին վիրավորվել, դժբախտությունն օդում կախված էր, ի՞նչ դատարկ ձեռքեր, ի՞նչ սուլոց, մարդկային կյանքերի մասին էր խոսք գնում, ու Դուք, որպես երկրի նախկին ղեկավար, շատ լավ գիտեիք` ինչ կարող է լինել: Չէ՞ որ Դուք էլ հենց ցույց ճնշելու փորձն ունեիք եւ գիտեիք, թե պետական մեքենան այդպիսի դեպքերում ինչպե՞ս է վարվում: Ու ես, հասարակ քաղաքացիս, դատապարտում եմ ամեն իշխանության ձգտողի, ով թքած ունի մարդկային կյանքի վրա, միայն թե իշխանության գա:

Տեր-Պետրոսյանը պնդում է, որ ընդդիմությանը հենց այս սցենարով ճնշելու փորձն իշխանությունը շատ ավելի վաղ է պլանավորել` ապացույց որպես նշեց փետրվարի 21-ին Քոչարյանի կողմից ցույցերը իշխանությունը զավթելու կոչ անվանելը, իսկ փետրվարի 24-ին հարուցված քրգործը, որտեղ քննիչը իշխանության յուրացման փաստ գրելով` «Նիկոլ Փաշինյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Պետրոս Մակեյանը եւ մյուսները» («Մյուսները` այսինքն դուք, 3 մլնը», մանեւրեց Տեր-Պետրոսյանը) փերվարի 24-ին գծել են իրենց հետագա գործունեությունը: Մի խոսքով` սպանդ, որակեց Տեր-Պետրոսյանը, հրաման արձակելու պատասխանատուն էլ Ռ. Քոչարյանն է, իսկ Սերժ Սարգսյանը թեեւ ֆորմալ առումով հրաման արձակելու հետ կապված չէ, բայց պարտավոր էր թույլ չտալ եղածը որպես ընտրված նախագահ: Բացի այդ` վերջինս լավ հնարավորություն ունի հասարակությանն ապացուցելու, որ պատասխանատու չէ թափված արյան համար, եթե ԵԽԽՎ բանաձեւով առաջարկվող անկախ հետաքննությունն իրականություն դարձնի: Այլապես հազար տարի էլ անցնի` նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի մեկի համար, որքան Ռ. Քոչարյանը:

Արեւմուտքի վերաբերմունքի մասին. Տեր-Պետրոսյանը ինչպես եւ առաջ, մի լավ քննադատեց Եվրոպայի խորհրդին եւ ԵԱՀԿ-ին, որոնց հանդեպ ոչ միայն Հայաստանը պարտավորություններ ունի, այլեւ նրանք պարտավորություններ ունեն Հայաստանի հանդեպ: Տեր-Պետրոսյանին հատկապես զայրացրել էր դիտորդական առաքելության զեկույցի`«Ընտրությունները հիմնականում անցան ԵԱՀԿ-ի եւ Եվրոխորհրդի ստանձնած պարտավորությունների ոգով...» ձեւակերպումը. «Չլիներ այդ նախադասությունը` չէր լինի մարտի 1-ը», եվրոպացիների վրա եւս ծանր մեղքեր բարդեց Տեր-Պետրոսյանը: Թվացյալ խիստ, բայց «դատարկ եւ անպատասխանատու» եվրոպական հայտարարություններով, որոնք արվում էին քաղաքական նկատառումներով եւ երկակի ստանդարտներով` եվրոպական կազմակերպություններն իրենց վստահությունը կորցրին հայ հասարակության մեջ եւ այդ վստահությունը մասնակի կվերագտնեն, եթե վերահսկեն ապրիլի 18-ի ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարումը: Առհասարակ` նա Եվրոպային անվանեց անհոգի:

Հասարակության պառակտո՞ւմ, թե միավորում. այս հարցը Տեր-Պետրոսյանը դրեց տարբեր ամբիոններից հնչող երկխոսության թեմային անդրադառնալիս: Ըստ նրա` ահռելի վիհ է ժողովրդի եւ կեղծիքներ իրականացրած մի խումբ փոքրաթիվ մարդկանց միջեւ: Այնուամենայնիվ` նույնիսկ այս դեպքում Տեր-Պետրոսյանը չբացառեց երկխոսության հնարավորությունը, ճիշտ է` նա կրկին պնդեց ԵԽԽՎ-ի պահանջների կատարումը, որ նաեւ իրենց նախապայմաններն են` քաղբանտարկյալների ազատում, անկախ հետաքննության իրականացում: Ըստ նրա` իրենց ընկերներին պատանդ են պահում բանտերում, նրանց դիմաց իշխանությունը փրկագին է ուզում, բայց մեկ է, իրենք ծնկի չեն գա:

Ասենք, որ ինչպես եւ առաջներում, Մելիք-Ադամյան-2 կառավարության նիստերի դահլիճը լցված էր ագրեսիվ, ողջ էությամբ Լեւոնին տրված մարդկանցով, նրանք, օրինակ, հետաքրքրվում էին, թե լրատվամիջոցներից ովքեր էին ներկա` սպառնալով դատաստան տեսնել կոնգրեսի մասին «թարսուշիտակ» գրող լրագրողների հետ` դիտողության անգամ չդիմանալով, որ իրենց պահելաձեւն իրենց «շեֆի»` գոնե ամբիոնից ասածների մեջ չի տեղավորվում: Այս ստվար շարքերը, որոնց աճեցրել է հենց Տեր-Պետրոսյանը, երեւում է, հետագայում գլխացավանք են դառնալու հենց իր համար, չնայած վերջինս խոստանում է ընդհանրապես գործել օրենքի շրջանակներում:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը երեկ երկու ժողովրդահաճո դիմում հղեց. մեկն առ ԱՄՆ կառավարություն եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարություն, որպեսզի նրանք տնտեսական պատժամիջոցներ չկիրառեն Հայաստանի հանդեպ, քանի որ դրանից հասարակ ժողովուրդն է տուժելու: Մյուսն առ Ադրբեջան` եթե Ղարաբաղի հանդեպ ռազմական ոտնձգություն իրականացնի, հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը կհանդիպի, այդպիսի վտանգի դեպքում ինքն էլ կդիմի իր կողմնակիցներին ժամանակավորապես դադարեցնելու պայքարը եւ լծվելու հայրենիքի պաշտպանության գործին:

Կոնգրեսի մասին մեր տեղեկատվությունն ամբողջական չի լինի, եթե Տեր-Պետրոսյանին աջակից քաղաքական ուժերից գոնե մի քանիսի ղեկավարների ելույթներից մեջբերումներ չանենք:

ՀԺԿ, Ստեփան Դեմիրճյան. «Ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը պետք է հաղթահարվի նոր ազատ ու անկախ ընտրությունների անցկացմամբ»:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը խնդիր տեսավՙ վերականգնել սահմանադրական կարգը նոր նախագահական ընտրություններով:

Մարքսիստ Դավիթ Հակոբյան. «Առլյատա` ընդդիմությունը, առլյատա-ակտյաբրյատա, գոռդստյու կարելի է ասել...»

«Ժառանգություն», Վարդան Խաչատրյան. «Ազատության ծառը միշտ էլ ցողվում է բռնապետների արյամբ... միասին ողջունելու ենք ազատության արեւածագը Հայաստանում»:

«Հանրապետություն», Արամ Սարգսյան. «Ունենք երկու` իրար հակամարտ Հայաստան: Այսօր խնդիր ունենք ստեղծելու երրորդը` սրանց հանրագումարը, մեկ միասնական Հայաստան»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4