«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2008-05-01 | #83, 2008-05-02 | #84, 2008-05-03


ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ստեղծված ներկայիս բարդ իրավիճակը եւ դրան նախորդած ողբերգական իրադարձությունները չեն կարող չհուզել ոչ մի հայի հայրենիքում թե սփյուռքում: Այսօր մենք զրուցում ենք մի մարդու հետ, որը եղել է մեր հանրապետության ղեկավարը նրա նորօրյա պատմության շատ ավելի դժվարին ու հակասական ժամանակներում:

Մեր հյուրն է Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը: Ավելորդ է ասել, որ նրա ոչ բոլոր գնահատականներին ենք համաձայն:

- Պրն Հարությունյան, կուզենայի իմանալ Ձեր կարծիքը Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ:

- Սոցիալական անբավականությունը վաղուց էր հասունացել Հայաստանում եւ դրա պոռթկումը կանխատեսելի էր, ավելի ճիշտՙ անխուսափելի: Կատալիզատորի դեր խաղացին նախագահական ընտրությունները, որ շատերն ընկալեցին որպես անարդարացի ու կեղծված: Սակայն, կարծում եմ, իշխանության ու ընդդիմության անողոք բախման գլխավոր պատճառն այն է, որ հանրապետության բնակչության մեծ մասն ապրում է չքավորության պայմաններում, մինչդեռ իշխանական ընտրախավի ներկայացուցիչներն ու նրանց մերձեցված սահմանափակ թվով ընտանիքներ տնօրինում են երկրի ազգային հարստությունը, իրենց զգում են որպես պետության տիրակալներ եւ վստահ են իրենց անպատժելիության մեջ, մենաշնորհ են վայելում տնտեսության շահութաբեր ճյուղերում, ներմուծման ու արտահանման մեջ եւ այլն: Խոր զայրույթ էին առաջացնում ամենակուլ կոռուպցիան, կաշառակերությունը, իշխանավորների կամայականությունը: Ժողովրդի նկատմամբ արհամարհանքը հասել էր իր բարձրակետինՙ ցինիզմի: Պարադոքսն այն է, որ հայաստանցին դժգոհում է ոչ այնքան իր վատ կյանքից, որքան իշխանության անարդարությունից:

Չտեսնել ու չկանխատեսել դժգոհության պայթյունը կարող էին միայն նրանք, ովքեր պարզապես դա չէին ուզում տեսնել: Հետեւանքն ակնբախ էՙ արյունահեղություն, տարանջատվածություն, խոր հուսահատություն ու հիասթափություն:

- Ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահական ժամկետը: Ինչպե՞ս կգնահատեիք նրա տասնամյա կառավարման շրջանը:

- Քոչարյանը Հայաստան եկավ Ղարաբաղից: Բայց այստեղ այլ էին գործունեության մասշտաբներն ու պատասխանատվությունը, շրջապատը: Կարծում եմ, նրա մեջ կային սեփական անվստահության կոմպլեքսներ, եւ նա այդպես էլ չկարողացավ հաղթահարել դրանք իր կառավարման տարիներին: Ինքնապարփակման, ժողովրդի հանդեպ մտավախության զգացումները կղզիացրին նրան, նրան չհաջողվեց անմիջական շփման մեջ մտնել այդ հանրության հետ, անկաշկանդ զրուցել նրա հետ: Անջրպետը անարդար իրողությունների բերումով գնալով խորացավ եւ վերածվեց համատարած դժգոհության, ողբերգական բախման ու զոհերի: Գիտեք, մեր ժողովուրդը միշտ էլ առանձնակի ուշադրությամբ է հետեւում իր ղեկավարի գործողություններին, պահվածքին, վարքին: Գուցե դա փոքր ժողովրդին բնորոշ հատկանիշ էՙ ամեն ինչ աչքի առաջ է:

- Ձեր նշած խառնվածքով անձինք հաճախ են հակվում դեպի իշխանության ավտորիտար ձեւերը:

- Հայ քաղաքական կյանքին խորթ «կլան» հասկացությունը իրողություն դարձավ Քոչարյանի ժամանակ: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ես բնավ էլ հակված չեմ ստվեր գցելու Քոչարյանի ողջ գործունեության վրա: Քավ լիցի, առկա են նաեւ հաջողությունները: Սակայն գուցե անաչա՞ռ լինենք: Անկախ Հայաստանի երկրորդ նախագահը ժառանգություն թողեց կոռումպացված, կլանային-օլիգարխիական պետություն, որտեղ, ինչպես ասվեց, հարուստների ցինիկ ճոխության ֆոնի վրա փաստորեն կոնսերվացվել է բնակչության մեծ մասի թշվառությունը: Գործազրկությունը դարձել է չարիք, աշխատավարձը ողորմելի է, գյուղերը թշվառ վիճակում են, հասարակությունը երկփեղկված է, հայաստանցիների գերակշիռ մասը գոյություն է պահպանում սփյուռքի ու դրսում աշխատող իրենց բարեկամների օգնության շնորհիվ: Եվ դեռ խոսում են տնտեսական «աներեւակայելի» հաջողությունների մասին... Ինչի՞ մասին ենք խոսում, երբ անբավականություն ու դժգոհություն է հայտնում նաեւ համեմատաբար բարեկեցիկ խավը:

Նույնիսկ այնպիսի մի համազգային խնդրում, ինչպիսին Ցեղասպանության ճանաչումն է, ավելի շատ պարտական ենք սփյուռքին, քան հայ պետական վերնախավին: Մենք փաստորեն այդպես էլ չկարողացանք ազգային ինքնիշխանությունից օգտվել համաշխարհային մասշտաբով հայության համախմբման նոր որակի անցնելու համար:

- Պրն Հարությունյան, Դուք հանրապետության ղեկավարն էիք Խորհրդային Միության քայքայման խելահեղ տարիներին: Գումարած աղետաբեր երկրաշարժը, ղարաբաղյան շարժումը, հանրահավաքները, ցույցերը, գործադուլները, հացադուլները: Այնուամենայնիվ, ի տարբերություն հարեւան Ադրբեջանի ու Վրաստանի, հաջողվեց խուսափել եղբայրասպան երկպառակությունից ու զոհերից: Գուցե վերհիշենք ինչ-որ տեղ ներկա իրադարձությունները հիշեցնող այն ժամանակները:

- 1988-ի սեպտեմբերին Երեւանում համանման իրավիճակ էր ստեղծվել, եթե չասենքՙ ավելի բարդ: Թատերական հրապարակը նույն ձեւով օղակված էր միտինգավորներով: Չմոռանանք, որ այն ժամանակ Հայաստանը տակավին անկախ չէր եւ հսկայական ճնշում էր գործադրվում ինձ վրա: Մայրաքաղաքում էին գտնվում խորհրդային ուժային կառույցների ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նրանց մասնակցությամբ որոշում ընդունվեց մաքրել արդեն տեւական ժամանակ «գերեվարված» հրապարակը: Նախատեսված էր գործողությունն իրականացնել առավոտյան ժամը 5-ին, եւ այդ նպատակով Երեւան էին բերվել ԽՍՀՄ ՆԳՆ-ի համապատասխան ուժեր: Կես գիշերին ինձ մոտ կանչեցի միութենական ներքին գործերի նախարարի տեղակալին, որը պիտի ղեկավարեր գործողությունը, եւ խնդրեցի անձամբ լինել հրապարակում ու տեղում ուսումնասիրել իրավիճակը: Երբ նա վերադարձավ ու ներկայացրեց ինձ իրողությունը եւ թե ինչպես են իրենք պատրաստվում գործել, զգացի, որ այդ չարագուշակ ծրագրից արյան հոտ է փչում: Թող վերամբարձ չհնչի, իմ խիղճը թույլ չէր տա թափել հայրենակցիս արյունը: Եթե հանրահավաքներում որոշ անձինք իրենց թույլ էին տալիս ինձ անվանել ազգի դավաճան, ապա հակառակ պարագայում ես արդեն ազգի «դահիճ» կդառնայի: Սակայն հարցը զգացմունքային ձեւակերպումների մեջ չէ: Ծանր, հոգեմաշ օրերի եւ ամիսների ընթացքում մեզ այնուամենայնիվ հաջողվեց խուսափել արյունահեղությունից ու զոհերից: Մենք անմիջական երկխոսության մեջ մտանք նաեւ ՀՀՇ-ի ղեկավարների, մյուս ընդդիմադիր ուժերի հետ, ինչը դրական արդյունք տվեց:

- Լեւոն Տեր-Պետրոսյանի «հայտնությունը» հեղաշրջեց հանրապետությունը եւ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունը դարձրեց անզիջում: Դուք ելք տեսնո՞ւմ եք այդ հակամարտությունից:

- Ես դեմ եմ միակողմանի մոտեցումներին, թեեւ, գիտեք, Լեւոնն ինձ համար բնավ էլ հայտնություն չէ: Բայց եկեք, ինչպես մեր ժողովուրդն է ասում, ծուռ նստենք, շիտակ խոսենք: Քոչարյանի ժամանակ կար միայն, թող կոպիտ չհնչի, քնատ ընդդիմություն, որը զարթնեց Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Նրան հաջողվեց զգալի չափով համախմբել Հայաստանի խոր անբավականությամբ համակված էլեկտորատը: Իշխանության համար դա այնքան անակնկալ էր ու անհավատալի, այնքան էր նա հարմարվել իր պարարտ-փափուկ կյանքին, որ արձագանքեց ծայրահեղ հիվանդագին կերպով: Ինձ մինչեւ հիմա էլ ապշեցնում է, թե ի՜նչ քար լռությամբ էր Քոչարյանը պատասխանում անօրինականությունների ու անարդարությունների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցապնդումներին: Մինչդեռ իշխանությունն իրոք ուժեղ է, երբ գործում է ուժեղ ընդդիմության հակազդեցության մրցակցային պայմաններում:

Խոսում են դեմոկրատիայի մասին: Իսկ ինչքա՜ն միակողմանի էին հիշյալ իրադարձությունների մեկնաբանումները Հայաստանի հեռուստատեսությամբ, երբ ջրի պես պարզ էր, որ երկու կողմն էլ մեղավոր են: Պետք է սովորել խոսել ընդդիմության հետ: Թերեւս հատկանշական է, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց իշխանությունների մեղքի բաժինը:

Հայաստանը կարիք ունի միասնության: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է հրաժարվենք հետապնդումներից, ձերբակալություններից, դատավարություններից: Ինչքան շուտ, այնքան լավ:

- Որպես 45-ամյա քաղաքական ու դիվանագիտական փորձ ունեցող պետական այր ի՞նչ կմաղթեիք ձեւավորված նոր իշխանություններին:

- Հայաստանում ասում էին, որ Սերժ Սարգսյանի գահակալությունը կդառնա Ռոբերտ Քոչարյանի նախագահական երրորդ ժամկետը: Սա վարկաբեկիչ պիտակ է նոր ղեկավարի համար եւ նա պիտի անի ամեն ինչ դրանից ձերբազատվելու համար, եթե ուզում է վերականգնել իշխանության հարգը: Նա առաջին հերթին իրեն պիտի շրջապատի ոչ միայն պրոֆեսիոնալ առումով պատրաստ, այլեւ բարոյապես չարատավորված մարդկանցով: Թեեւ կադրային առումով ժառանգությունը շատ սուղ է: Ինձ թվում է, օրինակ, որ հաջող է նոր վարչապետի, արտգործնախարարի ընտրությունը: Հույս է ներշնչում նոր անունների առկայությունը կառավարության կազմի մեջ:

Երկրի զարգացման ներկա մոդելը պետք է հիմնովին արդիականացնել, դեմոկրատական ու քաղաքացիական հաստատությունները վերջապես պետք է իրենց արժանի տեղը գրավեն հայ հասարակության մեջ: Ի վերջո մենք պիտի դառնա՞նք ժամանակակից քաղաքակիրթ պետությունՙ իշխանության իրական բաժանումով, անկախ ընտրական համակարգով, ինքնուրույն լրատվամիջոցներով:

Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Հ.Գ. (Թղթակցի կողմից)- Երեւի մեծ կուլտուրա չէր պահանջվում Հայաստանի նախկին ղեկավարին հրավիրելու նոր նախագահի երդմնակալության արարողությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4