«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2008-05-01 | #83, 2008-05-02 | #84, 2008-05-03


ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՔԱՆԴՄԱՆ, ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՎՈՂ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՄԲ

Ճապոնացի լուսանկարչի հայաստանյան նոր հետաքրքրությունները

Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակութային կենտրոնի եւ ՀԲԸՄիության աջակցությամբ կենտրոնի սրահում այս տարվա մարտի 8-ին տեղի ունեցավ ճապոնացի լուսանկարիչ Թակուջի Շիմուրայի` Հայաստանի Ֆիոլետովո գյուղի մալական բնակչության մասին պատմող լուսանկարչական 40 աշխատանքների ցուցադրությունը, որին ուղեկցող կոնֆերանսին մասնակցել են 200 հայեր: Շիմուրան նրանց մեջ առանձնացնում է Ռոբերտ Տեր-Մերկերյանի եւ Ժոզե Ջրբաշյանի անունները: Թակուջի Շիմուրան ծնվել է ճապոնական Օսակա քաղաքում, սկզբնական մասնագիտություն ընտրել է վարսահարդարությունը, ապա որոշել է զբաղվել լուսանկարչական արվեստով: Սովորել է դեկորատիվ արվեստների ազգային բարձրագույն, դիտողական հաղորդակցության դպրոցներում: Ինքը կարծում է, որ Եվրոպան է լուսանկարչության կենտրոնը, որովհետեւ այստեղ իշխում է գաղափարների որոշակիություն եւ տրամաբանություն, եւ արդեն 7 տարի տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել եւ աշխատում է: Իրարից շատ հեռու ճապոնական ու ֆրանսիական արվեստի խաչմերուկում` լուսանկարիչը յուրաքանչյուրի առանձնահատկության մեջ է տեսնում դրանց հետաքրքրությունը: Ամենամեծ տարբերությունը, ասում է նա, այն է, որ փարիզեցիներից յուրաքանչյուրը շատ անհատական է, ճապոնացիներին հատուկ է խմբակայնությունը: Թակուջիին Հայաստանը հետաքրքրում է մշակութային ինքնատիպ տարբերությամբ: Նա ասում է, որ հայերը բարի են եւ լավ մշակույթ ունեն, արդեն 3-րդ անգամ Հայաստան է գալիս եւ էլի է գալու: Մալականներին ու նրանց սովորություններին ծանոթ չի եղել: Նրանք հետաքրքրել են իրեն որպես ազգային փոքրամասնություն, որոնք չնայած մշակութային, կրոնական, լեզվական, կենցաղային տարբերություններին, պահպանվել, լիիրավ ապրել ու զարգացել են հայկական միջավայրում: Մինչդեռ բազմաթիվ երկրներում ազգային փոքրամասնությունները ենթարկվում են ճնշումների, սահմանափակվում են նրանց իրավունքները: «Ներկայացնելով մալականներին, ցանկացել եմ հայերի մտածողությանը ծանոթացնել: Նրանք հայկական հասարակության մի մասն են: Ու շատ տարբերվում են իրենց ավանդույթներով, կրոնական սովորույթներով, բայց ինձ համար ամենից անսովորը, լավ իմաստով այն է, որ կարողացել են օտար հասարակության մեջ պահպանել իրենց ազգային դիմանկարը: Եթե բոլոր մշակույթները խառնվեն, մարդկությունը կվերանա: Ուստի սովորույթները, ավանդույթները պահպանելը հրաշալի է»: Ճապոնացի նկարիչը առնչեց դա Հայոց ցեղասպանության հետ, ասելով, որ Թուրքիայում մշակույթի ու կրոնի տարբերության պատճառով հայերի հանդեպ ցեղասպանություն կատարվեց:

Մալականների մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսը կցուցադրվի նաեւ Լիոնում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Թակուջին մեկշաբաթյա հայաստանյան այս այցելության ընթացքում իր նոր ցուցադրությունների համար որոնում է նոր օբյեկտներ, նոր տեղանք: Նրա թեմայի շարժառիթը ֆրանսիացի մտածող, գրող, էսսեիստ Պոլ Վալերիի «Կառուցումն ու քանդումը նույն արժեքն ունեն» խոսքերն են: «Երբ մարդը մի բան է կառուցում, չի կարող մի բան չքանդել: Նույնիսկ ապրելու համար, ինչ-որ բան պիտի քանդել: Ես չեմ կարծում, որ քանդելը վատ է, եթե ինչ-որ բան քանդվում է, դրա ապագան արդեն կա», երբ արժեքներ են քանդվում, փլուզվում, Թակուջին դա համարում է վտանգավոր: «Ճապոնիայում էլ կան բաներ, որ կորչում, քանդվում, մոռացվում են»:

Երեւանում նրա լուսանկարչական օբյեկտիվը փնտրում է ավելի աննշան, առաջին հայացքից կարեւորություն չունեցող տեղանքներ. «90-ականներին, երբ լույս չկար, ծառեր էին կտրում, հիմա այդ նույն ծառերի տեղում շենքեր են կառուցում»: Թակուջիի երեւանյան լուսանկարչական շարքը ներառում է ծայրամասային թաղամասեր, քանդվող ու կառուցվող տեղանքներ, բնական ռելիեֆային եւ մարդու կողմից փոփոխություն կրած տարածքներ: Լուսանկարչությունը, քանի որ նաեւ փաստաթղթային նշանակություն ունի, ինքը մտածում է, որ մի 50-100 տարի անց գուցե այս նկարները դառնան այս վայրերի պատմության միակ վկայությունը: Թակուջին մոռացված հնի ու կառուցվող նորի մեջ օրգանական կապ, շարունակություն է տեսնում, ժամանակի հարափոփոխ ու կրկնվող փիլիսոփայություն: Նրա երեւանյան շարքը հնարավոր է ցուցադրվի կամ Տոկիոյում, կամ Փարիզում: Իսկ առհասարակ Թակուջի Շիմուրան ունեցել է բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսներ Օսակայում, Տոկիոյում, Սանկտ Պետերբուրգում, Մարսելում, Երեւանում` 2 անգամ, ՆՓԱԿ-ում եւ Ազգային պատկերասրահում:

Հայաստանն ու հայերին ճանաչել փորձող ճապոնացի լուսանկարիչը ունի նաեւ մեր օրերի հանդեպ իր վերաբերմունքը: Ֆրանսիայի իր հայ ընկերներից ծանոթ է մարտի 1-ի դեպքերի մասին պատմող տեսանյութերին: «Շատ տխուր ու ցավալի է, որ մարդիկ են զոհվել, բայց մի ուրախալի բան կա, որ հայերը կարողանում են իրենց շահերի, իրավունքների համար պայքարել»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4