«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2008-05-01 | #83, 2008-05-02 | #84, 2008-05-03


ԶՐՊԱՐՏԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ

Մերօրյա մամուլի որոշ միջոցներում հրապարակվող առանձին հոդվածներ հար եւ նման են ստալինյան շրջանում տպագրված բանսարկություններին եւ հայհոյախոսություններին, որոնք գրվում են «հիմնվելով» բացահայտ կեղծ ու ասեկոսային տեղեկությունների վրա: Լրագրական էթիկայի տարրական կանոնները պահանջում են, որ առանձնապես անձերի դեմ ուղղված «թունոտ» հոդվածներում տեղ գտած «փաստերը» որոշակի ճշտման ենթարկվեն, լսվեն «մեղադրվող» կողմի ներկայացրած փաստերն ու փաստարկումները: Հակառակ պարագայում նմանօրինակ հրապարակումները պարզագույն զրպարտագրեր են, որպիսիք առավելաբար բնորոշ են «դեղին» կամ «բուլվարային» մամուլի միջոցներին:

Վերջերս մամուլի երկու միջոցներում ուղղակի հրեշավոր կեղծիքների վրա հիմնված, աղաղակող փոխհակասող մտքեր եւ փոխհակասող «փաստեր» պարունակող, բավականին անգրագետ շարադրանքով մատուցված զրպարտագիր տպագրվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ: Սույն ամբաստանագրի («կլյաուզա») ծայրից ծայր կեղծիք հանդիսանալը, նախ, բացահայտվեց նրանով, որ պարզվեց` հոդվածի հեղինակներն ամենեւին Գորիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ Գառնիկ եւ Վարդիկ Մաշուրյանները չեն: Խմբագրություններ հասցեագրած իր վրդովված հերքում-պատասխանում Վարդիկ Մաշուրյանը նշել էր, որ ամուսինը` Գառնիկ Մաշուրյանը, ութ ամիս է, ինչ գտնվում է Ռուսաստանում, ինքը զբաղվում է փոքր բիզնեսով, այդ հոդվածի հետ իրենք բացարձակ կապ չունեն եւ դրանում տեղ գտած «փաստերը» բացահայտ սուտ եւ «սարքովի» հերյուրանքներ են մարզպետի հասցեին: Լրատվամիջոցներից մեկը տպագրեց այդ հերքում-նամակը, իսկ արդարությունից շարունակաբար խոսող մյուս լրատվամիջոցը մամուլի մասին օրենքի այդ պահանջն էլ չկատարեց: Խմբագրություններ այցելեցին Սուրեն Խաչատրյանի հետ մարտնչած ազատամարտիկները: Նրանց առանձնապես վրդովեցրել էր զրպարտագրում տեղ գտած այն ստահոդ տեղեկությունը, թե, իբր, Ս. Խաչատրյանը չի մասնակցել ազատամարտին: Նրանք իրենց մարտական ընկերոջ պատիվն ու արժանապատվությունը մրոտել փորձող այդ զրպարտագրի դեմ հերքող հոդված պահանջեցին տպագրել` իրենց ներկայացրած իրական փաստերի հիման վրա, որը համառորեն մերժվեց խմբագրապետերի կողմից: Այսպիսով պարզվեց, որ ստալինյան շրջանի ոճով կազմված այդ, փաստորեն, անստորագիր նամակը գրվել է Սյունիքի մարզպետի պաշտոնի նկատմամբ ինչ-որ հավակնություններ ունեցող մարդկանց կողմից:

Ազատ մամուլ ասելով ոմանք պատկերացնում են, որ թերթերի էջերը պետք է սեւացնեն առանձին մարդկանց հասցեին ուղղված բացահայտորեն անմակարդակ հերյուրանքներով` հաստատ համոզված լինելով, որ դրանց դիմաց ոչ մի պատասխանատվություն չեն կրելու, քանի որ մեր հասարակության մեջ դեռեւս ընդունված չէ գործող օրենքների շրջանակներում զրպարտություններին արժանի հակահարված տալու սովորույթը: Եվ դա` առանձնապես պաշտոնյաների շրջանում: Խորքային մոտեցման դեպքում` արհամարհանքը մամուլում հրատարակվող հոդվածների նկատմամբ, որն արմատավորվում է մեր հասարակության մեջ, միայն նպաստում է մամուլի դերի արժեզրկմանը:

ՍՄԲԱՏ ԹՈՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4