«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԳՅՈՒՂ ԱՊԱՀՈՎՎԵՑ ՋՐՈՎ

Քեբաբչյան ամոլը Մարտակերտում

Արդեն 10 տարի «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամը Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարեգործությունների հիմնական հասցեն Մարտակերտի շրջանն է, որն արցախյան պատերազմից ավելի շատ է տուժել: Իսկ նվիրատվությունների ձեւը զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին երկուական կովեր բաժանելն է, ինչը գյուղաբնակների համար շոշափելի օգնություն է: Հիմնադրամի նախագահ Նադյա Քեբաբչյանի խոսքով` դա նպատակահարմար է այն առումով, որ սակավակարող ընտանիքներին հնարավորություն է տրվում կենսական կարիքները իրենց իսկ ձեռքով հոգալու, այլ ոչ թե ուրիշի ձեռքից սպասել նոր նվիրատվությունների: Այսօր արդեն կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամի աջակցության շնորհիվ մեկ տասնյակից ավելի սեփական խոշոր եղջերավոր անասուններ ունեն եւ ունակ են ինքնուրույն լուծելու կենսապահովման խնդիրները:

Անցած 10 տարում հիմնադրամը կովեր է բաժանել 300 ընտանիքների: Ասել է թե` 300 մարտակերտցի ընտանիքների սոցիալական որոշ հարցեր ֆրանսահայ բարերարների միջոցով լուծվել են:

2007 թվականին հիմնադրամի նախագահն իր ամուսնու` Արցախում բարեգործական մի շարք նախաձեռնություններով հայտնի Լեւոն Քեբաբչյանի հետ լինելով Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում, որտեղ գնացել էին հերթական ընտանիքին կովեր բաժանելու, ցավով իրազեկվել են, որ գյուղը ջրի լուրջ հիմնախնդիր ունի: Նրանք խոստացել են այդ հարցում օգնել գառնաքարցիներին եւ վերադառնալով Ֆրանսիա` հանգանակել են 20. 000 եվրո (շուրջ 11 միլիոն դրամ): Նշված գումարով ջուր է անցկացվել գյուղ` ապահովելով գառնաքարցիների ջրի պահանջարկը:

Ջրատարի բացումը տեղի ունեցավ մայիսի 4-ին: Արարողությանը մասնակցում էին նաեւ Քեբաբչյան ամուսինները: Գառնաքարցիները երախտագիտությամբ են ընդունել այդ բարեգործությունը եւ խնդրել իրենց շնորհակալությունը փոխանցել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ջրատարի կառուցման դրամահավաքին:

Ծայրամասային այս հինավուրց հայկական բնակավայրը, հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո, դատարկվելու վտանգի տակ էր: Այժմ այստեղ ապրում է 170 բնակիչ, իսկ դպրոցում սովորում են 20 աշակերտներ: Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով ծանրաբեռնված գյուղի համար ջրապահովումը կարեւոր նշանակություն ունի, եւ հարկ է արժանին մատուցել ֆրանսահայ բարերարներին:

Մեր այն հարցին, թե հիմնադրամն ի՞նչ նոր ծրագրեր է նախատեսում, Լեւոն Քեբաբչյանը պատասխանեց, որ կշարունակվի այն, ինչ արդեն 10 տարի կատարում է հիմնադրամը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4