«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ԲԱՐԵԿԱՄՆԵՐ` ԸՆԴԴԵՄ ԵՐՐՈՐԴԻ՞

Աբխազիայում իրավիճակը լարված է պահում ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին ու էլի շատերին

Վրաստանի խորհրդարանական ընտրություններն առայժմ նշանավորվել են ոչ միայն միասնական ընդդիմության յուրօրինակ բաժանումներով ու միացումներով, այլեւ հենց իշխանական ճամբարում առաջատար երկու ֆիգուրների` երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի «քաղաքական ապահարզանով»: Ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը», հանրության համար Սաակաշվիլի-Բուրջանաձե հակասությունը բացատրվել է խորհրդարանական սպասվող ընտրություններին ընդառաջ իշխող կուսակցության ընտրական ցուցակում Բուրջանաձեի կողմնակիցների թիվն ավելացնելով նախագահի դեմ գնալու հանգամանքով:

Թերեւս պատահական չէ, որ նախընտրական ամենաթեժ պահին, իրադարձությունների բուռն ընթացքի տրամաբանությունից որոշակի առումով շեղվելով, Բուրջանաձեն արդեն երեկ պաշտոնական այցով մեկնեց Միացյալ Նահանգներ` պետքարտուղարությանը տեղեկացնելու նախընտրական շրջանում Վրաստանում տիրող իրավիճակին: Բուրջանաձեի մեկնաբանությամբ, այս այցելության ընթացքում ինքը պետքարտուղարությանը կծանոթացնի Վրաստանում տիրող լարված իրավիճակին, որ հատկապես վերաբերում է հակամարտությունների գոտիներին:

Եվ մինչեւ քառօրյա ամերիկյան այցելության է մեկնել Վրաստանի «Պողպատե լեդին», «Կվիրիս պալիտրա» թերթի անցկացրած հարցումների համաձայն, իշխող կուսակցության ընտրական ցուցակում Բուրջանաձեի բացակայությունը նույն հաջողությամբ կարող է ազդել եւ չի կարող ազդել իշխող «Ազգային շարժում» կուսակցության վարկանիշի վրա: Եթե հարցվածների մոտ 43 տոկոսը գտնում է, որ Բուրջանաձեի բացակայությունը չի ազդի կուսակցության վարկանիշի վրա, ապա հակառակում համոզված է հարցվածների 41 տոկոսը: Ընդ որում, մոտ 2 տոկոսն էլ գտնում է, որ Բուրջանաձեի հեռանալը կարող է անգամ դրականորեն ազդել կուսակցության վարկանիշի վրա:

Նախընտրական ոչ պարզ ու լարված իրավիճակով են հակված որոշ փորձագետներ մեկնաբանելու նաեւ հակամարտությունների գոտիներում տեղի ունեցող իրադարձություններն ու սրացումները: Ավելի շուտ, ինչպես նման դեպքերում նախընտրելի է բացատրել, մասնավորապես, աբխազական գոտում ռուս-վրացական հարաբերությունների սրացումը մեկնաբանվում է որպես ընտրական գործընթացներից ուշադրությունը շեղելու միջոց, որ ավելի շուտ եւ մեծապես ձեռնտու է երկրի ներկայիս նախագահին:

Հետաքրքրական է, դեռ չեն հստակեցվել աբխազական հատվածում խփված առաջին անօդաչու վրացական հետախույզ ինքնաթիռին առնչվող հանգամանքները, արդեն աբխազական կողմը հայտարարում է նոր միջադեպերի մասին:

Ընդ որում, վրացական կողմն արդեն իսկ, «Նովոստի Գրուզիա» գործակալության փոխանցմամբ, երեկ պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ին եւ ամենայն խստությամբ պահանջել պարզել «աբխազական անջատողականների կողմից հակահրթիռային պաշտպանական միջոցների առկայությունն ու օգտագործումը»: Այս անգամ Վրաստանը նման պահանջով նամակ է հեղինակել այն բանից հետո, երբ դեռեւս կիրակի` մայիսի 4-ին ռուսական լրատվամիջոցները տարածեցին եւս երկու հետախույզ վրացական ինքնաթիռների «վնասազերծման» մասին:

Ամեն դեպքում, վրացական կողմը պնդում է, որ նման ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, մայիսի 4-ին ոչ աբխազական, ոչ էլ ռուսական համաօդային պաշտպանության կողմից անօդաչու ոչ մի ինքնաթիռ չի խփվել:

Եվ եթե առաջին հետախույզ ինքնաթիռի միջադեպից հետո Ռուսաստանի մոտեցումը համատեղ դատապարտեցին Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահները, ապա առավել հետաքրքրական է, որ մինչեւ վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ գոնե արտաքուստ բարիդրացիական կեցվածք ունեցող Լիտվան է սկսել հանդես գալ ի պաշտպանություն Վրաստանի եւ այդ կտրվածքով` ընդդեմ Ռուսաստանի:

Եթե նախկինում հակառուսական հայտարարություններ ավելի հաճախ հրապարակում էին Էստոնիան կամ Լատվիան, ապա մինչ այդ հանգիստ Լիտվան, ի դեմս նախագահի, նամակ է հղել Եվրոմիության երկրների ղեկավարներին, Եվրոհանձնաժողովին, ՆԱՏՕ-ի ղեկավարությանը եւ այդպես շարունակ` «Վրաստանում անջատողականների հետ Ռուսաստանի կողմից հարաբերություններ հաստատելու» մտահոգությամբ:

Ամեն դեպքում, Եվրոմիությունը, ի դեմս նախագահող Սլովենիայի, եւս «լուրջ մտահոգություն» է հայտնել Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում աճող լարվածության առնչությամբ: Եվրոմիությունն, այնուամենայնիվ, մանրամասնել է, որ մտահոգ է նաեւ Ռուսաստանի` Աբխազիայում նոր զինուժ տեղակայելու մտադրությամբ: ԵՄ հայտարարությունը նաեւ մյուս կողմին ուղղված հատված ունի, մասնավորապես, ԵՄ կոչով բոլորինՙ զերծ մնալու այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4