«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Բացվեց Վանաձորի թիվ 10 դպրոցի մարզադահլիճի եւ հանդիսասրահի մասնաշենքը

Մայիսի 4-ին տոնական մթնոլորտ էր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (թիվ 10) միջնակարգ դպրոցում: Տեղի ունեցավ դպրոցի մարզադահլիճի եւ հանդիսությունների սրահի մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կառավարության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչիկ Վարդանյանը, Լոռու մարզպետ Արամ Ղուլարյանը, փոխմարզպետներ Զոհրաբ Թորոսյանը, Արսեն Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի ղեկավար Հրայր Սարգսյանը, «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Հակոբյանը, ուսուցիչներ, աշակերտներ:

Մեզ հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում շինարարությունն իրականացրած «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ի նախագահ Արթուր Հակոբյանը նշեց, որ աշխատանքներն սկսվել են 2007-ի հունվարից, որի իրականացման համար նախատեսված էր 246 միլիոն 540 հազար դրամ: Կառուցվել է 288 քմ տարածքով ֆուտզալի (մինի ֆուտբոլի) խաղադաշտ, 360 քմ տարածքով ծածկված սպորտդահլիճՙ օժանդակ կառույցներով, 270 քմ տարածքով, 144 նստատեղով հանդիսությունների սրահ, 48 տեղանոց ճաշարանՙ բուֆետով, ժամանակակից սարքավորումներով հագեցած: Բոլոր աշխատանքներն իրականացվել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Բացման արարողությունից հետո, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն: Արմեն Գեւորգյանը նշեց, որ նոր ձեւավորված կառավարությունն առավել ուշադրություն է դարձնելու մարզերին: Երեւանի եւ մարզերի համաչափ զարգացման խնդիր կա: Փորձելու են ավանդույթ դարձնել մարզերում կառավարության արտագնա նիստեր կազմակերպելը: Առաջիկա նիստերը կսկսեն Լոռու եւ Շիրակի մարզերից:

Խորհրդակցության հիմնական հարցն աղետի հետեւանքով անօթեւան մնացածների խնդիրն էր: Զեկուցումով հանդես եկավ Խաչիկ Վարդանյանը: Նա նշեց, որ Լոռու մարզում անօթեւանների ցուցակում ընդգրկվել է 2260 ընտանիք: 19 համայնքում 70 ընտանիքների համար բնակարանաշինության նպատակով արդեն իսկ հատկացվել է 640 մլն դրամ, մեկ ամսվա ընթացքում տեղի կունենա մրցույթը եւ կսկսվեն աշխատանքները:

Լեւոն Ասլանյանը նշեց, որ, ըստ իրենց ցուցակների, անօթեւան են 2403 ընտանիք: Մնացածն այն ընտանիքներն են, որոնց բնակավայրերի համայնքապետները մերժել են անօթեւան ճանաչել, իսկ դատարանները ճանաչել են: Սրանք դեռեւս վերջնական ցուցակները չեն:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներկայացրեց Վանաձորի 84 բազմաբնակարան շենքերի խնդիրները, որոնք 3-րդ աստիճանի վթարայնություն ունեն: Դրանցից 10 շենք ու եւս 7 շենք Ստեփանավանում վթարավտանգ են, որոնց վերականգնելու համար պետք է 8,1 միլիարդ դրամ: Արամ Ղուլարյանն անդրադարձավ նաեւ համայնքների տեղական հարկերի հավաքագրման խնդրին: Հավաքագրումն այս տարվա առաջին եռամսյակում գոհացուցիչ չէ: Դա կապված է համայնքապետների առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ: Նշվեց, որ հավաքագրումը կազմակերպված իրականացնելու համար պետք է օգտագործվեն բոլոր լծակները, համայնքապետին անվստահություն հայտնելը ճիշտ միջոց չէ:

Քննարկվեցին համայնքներում քամիների պատճառած վնասների փոխհատուցման, Վանաձորի Խնձորուտ թաղամասի սողանքի խնդիրները: Արմեն Գեւորգյանը նշեց, որ բոլոր հարցերը կքննարկվեն կառավարությունում եւ կստանան համապատասխան լուծումներ: Նշվեց, որ անկախ արտագնա նիստերից, կառավարության անդամները պետք է պարբերաբար լինեն մարզերում եւ տեղում ծանոթանան առկա խնդիրներին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4