«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

«Հարազատներն օտարանում էին միմյանցից: Մարդիկ հեշտ էին լքում հին կապերը: Բնակավայրերը դատարկվում էին, հողը մնում էր առանց տաք ձեռքերի: Քաղաքը վաղուց օտարացել էր, մարդիկ իրենց մոռացել, անշունչ առարկա էին պաշտում: Օդում քարացել-սառել էր մի աչք: Անտարբերություն էր... համատարած: Հետո հանկարծ տեղատարափ անձրեւ սկսվեց, ինքը ուրիշի ցավն առավ իր մեջ, կյանքը սկսեցհոսել-հոսել ու մարդու սիրտը սկսեց զարկել, տեսավ դիմացի պատից այնկողմ, աչքերի մեջ ժպտացին կողքի անցորդները, ջուրը ալիք-ալիք տարածվեց, զարնվեց քարերին», այս տողերը, չգիտեմ որտեղ կարդացած, միտքս ընկան, երբ օպերայի շենքի կողքով անցնելիս դարձյալ տեսա ոստիկանական օղակաձեւ պատնեշը: Քաղաքի սիրտը կենդանի տրոփում ու արթուն է, երբ ազատության կանչի երակները հոսում են իր միջով եւ մեռնում է, երբ այդ զարկերակը փակվում է, քաղաքը վերածվում է անշունչ առարկաներով նատյուրմորտի:

... Պաշարված հրապարակը այնտեղ թափանցել ցանկացողների մեջ առաջացնում է նույնիսկ վրեժի զգացում: Որովհետեւ աբսուրդի հասնող բաներ են պատահում մեր եւ օպերայի հրապարակի շուրջը: Հետո էլ թեՙ հասարակությունը բեւեռացված, բարիկադավորված է եւ միաբանության ուղիներ են որոնվում: Ի՞նչ միջոցներովՙ դեկլարատիվ հայտարարությունների, որ իրականության հետ կապ չունեն, հասարակության մի խավին արտոնություն տալո՞վ, մյուսինՙ խոսքի տարրական իրավունքից զրկելով ու առանց այդ էլ չունեցած տեղից արտաքսելո՞վ:

Աղանդավորներին վաղուց պաշտոնապես գրանցել են ու նրանք արտոնված գործում ու չեն հալածվում: Ընտրությունների օրերին հեռուստատեսությամբ ինչ-որ մեկը ՀՀ առաջին նախագահի համակիրներին աղանդավոր էր համարում եւ ասում, որ դա (5 տոկոսը) գանգրենա է եւ պետք է կտրել, դեն գցել: Ամենահետեւողական ջանքերն իսկ չկարողացան այդ 5 տոկոսի նշաձողը պահել, որքան էլ նվազեցրին այն, միեւնույն է, գոնե ըստ պաշտոնական հայտարարության, 21,5 տոկոս արձանագրեց: Ո՞ր հասարակության մեջ հեռուստաէկրանից նորմալ մարդը կարող է իր ժողովրդի մի մասին համարել գանգրենա կամ առնվազն «ամբոխ», երբ այդ բազմությունը ակնհայտորեն ներկայացնում է հասարակության բոլոր շերտերըՙ անհատ մտավորականից մինչեւ շարքային պարզ քաղաքացին: «Ամբոխ» համարողների կարծիքին հակադարձ, սակայն կա նաեւ այդ նույն ժողովրդին «ամենաազնիվ, ամենահպարտ, ամենաօրինական, ամենագիտակից ու իր իրավունքների համար պայքարելու պատրաստ հատված» համարողների վերաբերմունքը: Մտածողության, աշխարհընկալման այս իրարամերժ մոտեցումներով է հիմնականում պայմանավորված հայ հանրության ներկա երկփեղկվածությունը, որը հիմքում ունի նաեւ անհատի կրթական, միջավայրային, կենսափորձային, սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններ:

Ինչպես այսօր է ընդունված ասել, հասարակությունը կոնսոլիդացնելուն նպաստող, հնարավո՞ր է արդյոք խաղի մի տարբերակ, տեստ մշակել, բայց անցկացնել ավելի ազնիվ կանոններով (սաՙ ինքնաճշտման, ինքնամաքրման համար): Խոսքը նախագահական կամ ԱԺ ընտրությունների մասին չէ, այլ ընդամենը քաղաքական այս կամ այն անձի կամ խմբի իրական համակիրների քանակը ճշտելու, դա անել հրապարակայինՙ պահպանելով խաղի կանոններըՙ հրաժարվել փող բաժանելու, աշխատանքից մարդկանց ազատելու կամ վատ պայմաններ նրանց համար ստեղծելու եւ ոստիկանական բաժանմունքներ տանելու «ավանդույթ» դարձող սովորություններից:

Փորձենք տեսնել իրականությունը եւ փորձենք հասկանալ դրա խորքային պատճառները, մի՞թե դա կարեւոր չէ: Կամՙ օրենսդրորեն ամրագրենք գաղափարական միակարծության պարտադրանքըՙ բացառելով այլակարծության եւ ընդդիմության մտքի ամեն արտահայտություն: Ու թերեւս, լուծելի կլինի մեր օրերի խրթին ռեբուսը կամ աբսուրդըՙ թե ինչո՞ւ է համառորեն ոստիկանական ուժերով արդեն ամիսներ պաշարված մնում հայոց նորօրյա բերդը կամ արգելոցըՙ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքն ու շրջակայքը: Սակայն այստեղ էլ, ինչպես ամենուրեք, գործում է կրկնակի ստանդարտի կամայական մեխանիզմըՙ ում համար բաց, ումՙ համար փակ: Այս ում թողնել, ում ոչ-ը ստեղծված լարվածությունն ավելի է մեծացնում: Օրինակ, մայիսի 1-ին հրապարակում զանգվածային միջոցառման քաղաքապետարանին ուղղված հնչակյանների հայտը մերժվել է, կոմունիստներինըՙ ոչ: Նրանք այդ հավաքն իրականացրել են Շահումյանի հրապարակում, ի դեպ, հրաժարվել են տոնական երթից, ի հարգանս մարտի 1-ի զոհերի հիշատակի, նրանք կոչ են արելՙ ժողովրդին չզրկել խոսքի ազատությունից եւ մարդկանց չդատել իշխանություններին քննադատելու համար, որովհետեւ նրանք հո սուրբ չեն եւ ասել են, որ համատարած դատավարության երկիր ենք դարձել, ու որ էլ 37-ի անուն չտանք, պակասն էլ մենք չենք հիմա:

Չնայած ապրիլի 24-ը չշահարկելու արդարացի կարծիքինՙ բայց, այնուամենայնիվ, երբ անորոշություն է լինում, չենք կարող չասել, թե ինչպես պատահեց, որ դաշնակցական երիտասարդությունը Ազատության հրապարակում արտահայտվեց այդ օրըՙ թմբուկ զարկեց, թուրքական դրոշը վառեց եւ ինքնահպարտ «արիությամբ» մոմավառության երթ անցկացրեց դեպի Ծիծեռնակաբերդ: Հանրության մի զգալի շերտ չի ընդունում թուրքերի հետ հարաբերություններում «սուր ճոճելու» մակերեսային նման գործելակերպը (մանավանդ դրոշի հետ կապված): Ի դեպ, այս երեւույթին շատ բացասաբար է անդրադառնում թուրքահայությունըՙ կապված այդ երկրում իրենց անվտանգությանը: Ազատության հրապարակից երթի արտոնված այս նախադեպը դարձավ մերժված բնակչության մյուս հատվածի վրդովմունքի հիմնական պատճառը (արգելքը պայմանավորված էր նրանց ընդդիմադիր հայացքներով): Երթը, իհարկե, կայացավՙ սկսվելով Մ. Սարյանի արձանի մոտից (առանց որեւէ ելույթի կամ խոսքի): Միայն Բաղրամյան եւ Օրբելի փողոցներում հնչած ծանոթ կարգախոսների ձայնարկումները ուղղակի պարզ հակազդեցությունն էին օպերայի շենքի ոստիկանական պատնեշին: Ի դեպ, այս պատնեշի անհեթեթությունը ծիծաղելիության աստիճանի է հասնումՙ նրանք այդ օրը փորձեցին նույնիսկ արգելել մայթից մայթ տեղափոխումը Հյուսիսային պողոտայի հատվածում: Երբ դիմացի սրճարան ուզեցինք մտնել, ոստիկաններից մեկն ասացՙ չի կարելի, իսկ մյուսը, թեՙ փողով է: «Որքա՞ն է»: «1000 դոլար», կատակեց, իհարկե (նրանք բարեկիրթ էին եւ երբեմն անգամ հաճոյախոսում էին):

Ծիծեռնակաբերդի բարձունքինՙ սկսած Կիեւյան կամրջից, մինչեւ «Հրազդան» ստադիոնի վերին հատվածները երթը անցել է բացառապես լռեռլյայն, վեր պարզված բռունցքված ձեռքերով: Իսկ եթե որոշ փողոցներում կոռեկտ չէին վանկարկումները, ընդ որում հիմնականում երիտասարդական խմբերի կողմից, ապա որքանով էին «ներկայանալի» կամ «կոռեկտ» աղբարկղեր չլինելու պատճառով դատարկ շշերի բրգերով զարդարված Ծիծեռնակաբերդի ճանապարհաեզրերը կամ սգո երաժշտության այդքան ցածր հնչողությունը: Մանրո՞ւք է, թե՞ վերաբերմունքի բացակայություն, հերթական սովորական միջոցառո՞ւմ էր, ի՞նչ է:

Ազատության հրապարակը շրջափակված էր նաեւ մայիսի 2-ին (Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի օրը), ոստիկանները հսկում էին Մելիք Ադամյան փողոցը, սահմանագիծ էին անցկացրել նաեւ Կառավարական շենքի երկայնքով: Մինչեւ ե՞րբ:

Հետո էլ հեռուստատեսությամբ օրը մեկը խոսում է, ստերեոտիպ տեքստ կարդում, կեղծ հռետորիկ ինտոնացիաներով, թե՞ այ տեսեքՙ պետության-պետականության դեմ եք դուրս եկել: 600 տարի հետո մի կերպ պետություն ենք ստեղծում, կառուցում, դուք էլ քանդում եք (պետականապաշտություն են իբր սերմանում, առանց մարդկանց հանդեպ տարրական հարգանք ունենալու): Մեր այս փխրուն, երերուն պատանի պետությունը գուրգուրելու, աչքի լույսի պես պահել-պահպանելու մասին լավ են անում, որ խոսում են, բայց ինչո՞ւ են մոռանում 1918-1920-ի Հայաստանի Առաջին Հանրապետության եւ հետոՙ Սովետական Հայաստանի 70-ամյա պետական կառավարման փորձերը: Բայց այսօր խնդիրն այն է, թե ինչ որակի ու բնույթի պետություն ու հասարակություն ենք ուզում ունենալ: Կեղծիքի, երեսպաշտության մթնոլորտում ամենափոքրՙ դպրոցական, բուժական, համայնքային, հարկային, մաքսային, դատական եւ այլ օղակներից մինչեւ վերին օղակները կոռումպացված կառույցներով պետական մեքենա, որտեղ մարդը անպաշտպան է սոցիալապես եւ բարոյապես, թե՞ օրենքի գերակայության քաղաքացիական ձեւավորված հասարակությամբ, կառավարման ժողովրդավարական սկզբունքներով երկիր, ուր մարդու իրավունքների պաշտպանվածությունը համարվում է առաջնային, ինչպես առաջադեմ բոլոր երկրներում, որովհետեւ ամենաթանկ կապիտալը որեւէ պետության համար մարդն է, իր երկրի քաղաքացին: Նման կառույցների մեխանիզմներ ստեղծելու բազմամյա փորձը մեր աչքի առաջ է, մնում է կամք ու կարողություն ունենալ դրան ընդառաջ գնալու, թոթափել խուլ միջնադարին բնորոշ մեթոդներն ու մտայնություները (վախ սերմանելու, բռնադատությունների, պարզունակ ու տգետ հնարքների, զանազան իմիտացիաների, ինտրիգների): Մանավանդՙ ուշանալու տեղ չունենք, ժամանակը ոչ սպասում է, ոչ էլՙ ներում: Սկսել պետք է հանրային գիտակցության արմատական փոփոխությունիցՙ օգտվելով ներկայիս նրա ակտիվ զարթոնքից ու վառ դրսեւորումներից, համախմբելով երկրի ճակատագրով իրապես մտահոգ մարդկանց ներուժը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4