2008 թ. մայիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետովՙ սահմանելով այն 6.75%:
2008 թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 10.7%ՙ շուրջ 4 տոկոսային կետով բարձր լինելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից:
ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ համաշխարհային պարենային շուկաներում բարձր գնաճային միջավայրը եւ դրանով պայմանավորված պարենային ապրանքների ներքին գների վրա ճնշումները պահպանվել են, իսկ արտաքին միջավայրի հետագա զարգացումների անորոշության աստիճանը մնացել է բարձր: Միաժամանակ, պարենային ապրանքների գների բարձրացման երկրորդային ազդեցությունները առավել ուժգնացել ենՙ մեծացնելով գնաճային ճնշումները ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների շուկաներում, եւ ավելացրել են գնաճային սպասումները:
ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են եւ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմելու արտաքին զարգացումներով պայմանավորված երկրորդային ազդեցությունները եւ գնաճային սպասումները:
ԿԲ մամուլի ծառայություն