«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ԳՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Դրանք պետք է բարձրանային 3, այլ ոչ թե 50 տոկոսով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մայիսի 4-ին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել բնական (սեղմած) գազի շուկայում «հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ»: Այս մասին տեղեկացել ենք հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին 2-3 օրերին, գազի գնի պետական սուբսիդավորման բարձրացումից հետո ավտոգազալցակայաններում տեղի է ունեցել ձեռք բերված եւ իրացվող գազի գնի «անհամարժեք բարձրացում»: Ի՞նչ է դա նշանակում:

Հայտնի է, որ 1 խմ գազի գինը ավտոգազալցակայաններում մայիսի 1-ից նախկին 130 դրամի փոխարեն սկսեց վաճառվել 200 դրամով: Այսինքն, գինն աճեց մոտ 50 տոկոսով: Հիշեցնենք, որ 10 հազար խմ-ից ավելի սպառողներինՙ արդյունաբերական ձեռնարկություններին մինչեւ 2008-ի մայիսի 1-ը, սկսած 2006-ի հունվարի 1-ից, գազը մատակարարվում էր 101 դոլարՙ 1000 խմ համար: Մայիսի 1-ից հետո այդ գինը դարձավ 152 դոլար: Սակայն քանի որ ստացվող գազի դիմաց ձեռնարկությունները վճարում են ոչ թե դոլարով, այլ դրամով, ապա նրանց համար գազի իրական գինը թանկացավ ոչ թե 50 տոկոսով, այլ շատ ավելի քիչ:

2006-ի հունվարին դոլարի միջին գինը 451 դրամ էր: Փաստորեն, արդյունաբերական ձեռնարկությունները, այդ թվում նաեւ ավտոգազալցակայանները 2006-ին 1000 խմ-ն 101 դոլարով գնված գազի դիմաց վճարում էին մոտ 45500 դրամ: Դրամի արժեւորմանը զուգահեռ այդ գումարն ավելի նվազեց, ապրիլի 30-ին կազմելով մոտ 31 հազար դրամ (եթե 1 դոլարի փոխարժեքը համարենք 310 դրամը): Երբ գազի սակագինը արդյունաբերական ձեռնարկությունների համար դարձավ 152 դոլար, դրամով գազ գնող ձեռնարկությունների համար գազի գնման գինը, ըստ էության, նշանակալի չափով չփոխվեց: Եթե հիմք ընդունենք 1 դոլարի դիմաց 310 դրամը, թեեւ դրամը շարունակվում է արժեւորվել, ապա 152 դոլարը այժմ կկազմի մոտ 47 հազար դրամ:

Եվ հիմնական եզրակացությունը, որին կարելի է հանգել, այն է, որ գազի գինը դրամով գնող տնտեսվարողների համար թանկացել է ոչ թե 50 տոկոսով, այլ մոտ 3 տոկոսով: Ինչը նշանակում է, որ այն գրեթե չի թանկացել եւ ավտոգազալցակայանները արհեստականորեն են բարձրացրել իրենց վաճառած գազի գինը: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ինչպես հակամրցակցային համաձայնության, այնպես էլ գերիշխող դիրքի չարաշահման հետ:

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ, չգիտես ինչու, խոսվում է միայն հակամրցակցային համաձայնության հնարավորության, այլ ոչ թե նաեւ գերիշխող դիրքի չարաշահման մասին: Մինչդեռ, ըստ հանձնաժողովի ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների գրանցամատյանի, «Երեւան քաղաքի բնական սեղմած գազ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լեոն» ընկերությունըՙ շուկայում զբաղեցրած 57 տոկոս ծավալով: Հետաքրքրական է, մի՞թե վերջինս չի թանկացրել իր կողմից մատակարարվող ապրանքի գինը, որ դա չեն նկատել հանձնաժողովում եւ միայն նրանից սնվող այլ ավտոգազալցակայաննե՞րն են այդպես վարվել: Ամենայն հավանականությամբ, գազի գնի չհիմնավորված բարձրացումը կատարել է հենց գերիշխող դիրք ունեցող ընկերությունը եւ հանձնաժողովը չի կարող դա «չնկատել»: Հուսանք, որ հանձնաժողովը կկարողանա կանխել գազի գնի չհիմնավորված բարձրացումը, ինչն իր հերթին հնարավորություն կտա կանխելու տրանսպորտային ձեռնարկությունների կողմից ուղեւորափոխադրման գնի հնարավոր բարձրացումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4